Արամ Սարգսյանի պատասխանը՝ ԵԿՄ-ն ու իրեն քննադատող ազատամարտիկներին
«Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանին առաջարկում են դառնալ ԵԿՄ նախագահ:
«Առավոտի» հետ զրույցում մեր հարցին՝ Արաբոյի Մանվելը՝ Մանվել Եղիազարյանը, ասում է՝ ԵԿՄ-ն պատվազրկված է, պետք է անունը փոխել, Կոռնիձորի Արոն՝ Արա Խուդավերդյանն էլ ասում է՝ «չկռված տղուն» ուզում են բերել ԵԿՄ նախագահ, ի՞նչ կասեք այս մասին, Արամ Սարգսյանը պատասխանեց. «Կան մարդիկ, ովքեր իրենց մոտեցումներով եղբորս՝ Վազգեն Սարգսյանի առումով շատ հեռու չեն Նաիրի Հունանյանի մոտեցումներից: Էդքան կամքի ուժ կամ էդքան ռիսկ չեն ունեցել դա բարձրաձայն արտահայտելու, բայց բամբասկոտությամբ, տարբեր գեհենի առաքյալների տարածելով՝ այդ գործընթացն արել են, ինչին ես լավ տեղյակ եմ: Վազգենը շատ լուրջ պետական քաղաքական գործիչ է, ու իրենից պիտի լինեն դժգոհողներ, բացարձակ այնպես չի, որ ինքը քննադատության ենթակա չի»:
Մենք ճշտեցինք՝ այսինքն՝ Կոռնիձորի Արոն կամ Մանվել Եղիազարյանն այն թեւից են, որ դժգո՞հ են եղել Վազգեն Սարգսյանից, դրա՞ համար չեն ուզում Դուք լինեք ԵԿՄ նախագահ, Արամ Սարգսյանը պատասխանեց. «Ես անուններ չեմ տալիս եւ չեմ ուզում ասել: Պետք չի նույնացնել երկիրն ու անհատը, ԵԿՄ-ն ու անհատը, պետք չի անհատի թերությունները վերագրել մի ամբողջ կառույցի կամ այդ անհատի առավելությունները բերել տարածել մի ամբողջ կուսակցության վրա: Կարելի է քննադատել, ես դեմ չեմ, բայց երբ որ քննադատում են մարդիկ, ովքեր քաղաքական կյանքում չկան, ովքեր քաղաքական խնդիրներ փորձել են լուծել զենքի ուժով՝ լինի դա իշխանություն, թե ընդդիմություն, այդ մոտեցումներն ինձ համար անընդունելի են: Երկրորդը՝ մարդիկ այս երկրի կայացման, այս պետության ձեւավորման գործում իրենց վաստակով շատ-շատ հեռու են այն ներդրումից, ինչ ունեցել է Վազգեն Սարգսյանը: Պիտի մարդը մի քիչ էլ նայի սեփական երկրի հերոսին, սեփական երկրի կաթողիկոսին, սեփական երկրի բանակին, սպային վարկաբեկելով՝ ինքը ո՞ւմ ջրաղացին է ջուր լցնում, ո՞վ է շահագրգռված դրանում, այդ մարդիկ պատկերացնո՞ւմ են, թե խրամատում նստած զինվորը էդ իրենց տարածածից հետո, որ այս հերոսը հերոս չի, որ գեներալը միայն տուշոնկա գողացող է, որ սպան սեփական ընտանիքի խնդիր է լուծում, որ կաթողիկոսը կեղծ է, այս զինվորը ո՞ւմ համար է կռվելու, ո՞ւմ է ձեռնտու, որ էդ զինվորը չկռվի, ո՞ւմ է ձեռնտու, որ այդ զինվորը արժեք չունենա, ո՞վ են այդ մարդիկ, ովքեր իրենց լեգենդ են համարում ու ինքնաառաջադրվում են, արդյո՞ք էն մարդիկ չեն, որ զենք էին վաճառում Հոկտեմբերի 27-ի ոճրագործներին, էդ մարդիկ ընդհանրապես ամոթ ունենալու դեպքում չպիտի խոսեն, ավելին՝ ելույթներ ունենան»:
Մենք հետաքրքրվեցինք՝ Դուք ունե՞ք որեւէ մեխանիզմ, որ այն մարդիկ, որոնք հեղինակազրկված են, այլեւս չմտնեն Երկրապահ կամավորական միություն, որ կառույցը թարմացվի, եւ նախկին սխալները չլինեն, նա պատասխանեց. «Ես պոլիտեխնիկական ինստիտուտն եմ ավարտել, ինձ համար կգ-ն ունի չափանիշ, որ այսքանը մեկ կիլոգրամ է, իսկ հեղինակազրկված կամ ոչ հեղինակազրկված լինելու չափանիշ, էտալոն գոյություն չունի: Մարդիկ, ում մեր ժողովուրդը համարում էր հեղինակազրկված ու մերժում էր հայհոյելով՝ 10 տարի հետո պարելով ընդունեց էդ մարդուն ու խնդրում էր, որ էդ մարդը փրկի իրեն, ու այդ դեպքերը միակը չեն: Խոսքը միայն առաջին նախագահին չի վերաբերում, նաեւ Սամվել Բաբայանին եւ շատերին, այս գործընթացը կարող է շարունակվել: Եթե որեւէ մեկին այսօր հանրությունը համարում է հեղինակազրկված, պարտադիր չի, որ վաղն էլ նույնը համարի: Իհարկե, այսօրն ունի իր այսօրվա պահանջը, եւ եթե մարդիկ ուզում են ունենալ նոր կառույց՝ այսօրվա ժամանակին համապատասխան, պիտի փորձեն իրար հետ լեզու գտնել: Եթե փորձեն մեղադրել իրար՝ այ, դու հեղինակազրկված ես, էս ես արել, էն ես արել, նորից իրար գլխի չեն հավաքվի, էլի կլինեն տարանջատ կառույցներ, ինչն այդքան էլ լավ չի, բայց այդ տարանջատ կառույցներով իրենք թուլացնում են իրենց: Դա պիտի Երկրապահի իմ ախպերները հասկանան կամ «Ազատամարտիկների դաշինքը», կամ մնացած կառույցները: Երբ որ իրենք մի տեղ են, այդ դեպքում իրենք երկրի թե՛ քաղաքական կյանքում, թե՛ արտաքին քաղաքական կյանքում, թե՛ պատերազմի առումով դառնում են գործոն, եւ այդ գործոնը հարգվում է միանշանակ հանրության կողմից, որովհետեւ էդ գործոնը գործում է կյանքի ու մահվան գծի վրա»:
ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ
«Առավոտ»
04.07.2018
Զինվորը պաշտպանում է իր հայրենիքը, իր ընտանիքը, իր պատիվը:
Զինվորը չի պաշտպանում ու չպիտի պաշտպանի տուշոնկա գողացող գեներալին, սեփական ընտանիքի խնդիր լուծող սպային, կեղծ կաթողիկոսին, քեզ ու քո նման «արժանավորներին»: