Արցախի պետական համալսարանի դասախոս, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Նելլի Բաղդասարյանը կարծում է, որ միջնորդները պետք է հակամարտող կողմերի սպառազինությունների մրցավազքը կարգավորելու եւ բանակցային փակուղին վերացնելու ջանքեր գործադրեն:
– Ինչպե՞ս կգնահատեք իրավիճակը բանակցային գործընթացում:
– Բանակցային գործընթացը, որպես այդպիսին, փակուղում է. այն ամրապնդվում է ադրբեջանական կողմի ռազմաշունչ հռետորաբանության աճով, որոնց իրացման թիրախները ներքին լսարանից տեղափոխվել են արտաքին լսարան: Բանակցային գործընթացի փակուղային իրավիճակին նպաստում են 2016-2018 թվականների ընթացքում Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում, Ժնեւում եւ Կրակովում ձեռք բերված պայմանավորվածությունների չիրագործումը՝ հիմնականում Ադրբեջանի ապակառուցողական կարծրացած դիրքորոշման պատճառով: Ադրբեջանն իր նախապայմանները չկատարելու պատճառները արհեստականորեն պայմանավորում է հայկական կողմի գործելակերպով, մասնավորապես, բանակցային սեղանից դուրս հայտարարելով, որ «պայմանավորվածությունների կատարումը նախքան հայկական զինված ուժերի դուրսբերումը կարող է նպաստել ստատուս քվոյի ամրապնդմանը եւ հակամարտության ձգձգմանը»: Դրան հակառակ, հայկական կողմը հանդես է գալիս սկզբունքային դիրքորոշմամբ, որի մասին է փաստում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ներկայացված անգամ միակողմանի մշտադիտարկման պարտավորության ստանձնման պատրաստակամությունը:
Հայկական կողմի գործելակերպը որեւէ կերպ չի հակասում հակամարտության կարգավորմամբ զբաղվող կառույցի քաղաքական-դիվանագիտական գործիքակազմին, այլ հակառակը՝ ապացուցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ընդունված ձեւաչափերին հավատարմության փաստը: Նման բեւեռացված իրողությունների պայմաններում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գերխնդիրը բանակցային գործընթացի փակուղին վերացնելն է:
– Արդյո՞ք Արցախում տեղի ունեցող գործընթացները ուղիղ համեմատական են սահմանին տիրող իրավիճակին:
– Ադրբեջանա-ղարաբաղյան միջպետական հակամարտությունը «սողացող հակամարտություն» է, որի ընթացքում իրողությունները կարող են կտրուկ շրջադարձեր ունենալ: Հետեւաբար մեր զգոնությունը թուլացնելու որեւէ բավարար հիմք չունենք: Ոչ հեռու անցյալում՝ ապրիլյան պատերազմի կամ սրացման նախօրեին, Արցախի ներքաղաքական վիճակը կայուն էր, բայց ռազմական գործողություններ, այնուամենայնիվ, սանձազերծվեցին հակառակորդի կողմից: Եթե խնդիրը դիտարկենք վերջին շրջանում Արցախի Հանրապետության ներքաղաքական զարգացումների համայնապատկերին, պետք է ասել, որ պատերազմի մեջ գտնվող երկրի համար ներքաղաքական իրավիճակը կարող է պայմանավորել արտաքին քաղաքական օրակարգը եւ հակառակը: Իրականում Արցախում ներքաղաքական ճգնաժամային որակ ունեցող գործընթացները նպաստեցին քաղաքացիական հասարակության զարգացման նոր փուլին: Պարզապես պետք է արձանագրել, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում Ադրբեջանի ռազմաշունչ հռետորաբանության եւ գործելակերպի անհամեմատ աճ, այնուամենայնիվ, կա:
Այս առիթով մի քանի դիտարկում. 2018 թվականի մարտին Ադրբեջանի լայնամասշտաբ զորավարժությանը հետեւեց ապրիլի սկզբից գաղտնազերծման թույլատրելիության սահմաններում տարածվող հայկական կողմի տեղեկատվությունը սահմանային կուտակումների մասին: Դրան հաջորդած զարգացումներում 2018 թվականի հունիսյան զորահանդեսը եւ 2018 թվականի հուլիսի 2-6-ը լայնամասշտաբ զորավարժությունը կոնկրետ գործողություններ են, որոնք առայժմ տեղեկատվական-հոգեբանական պատերազմի հարթակում են եւ նպաստավոր հանգամանքների դեպքում գործնականացման բարձր ռիսկեր ունեն: Այս եղանակներով Ադրբեջանը փորձում է իր վրա հրավիրել թե՛ ընդհանրապես միջազգային հանրության եւ թե՛ մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ պետությունների ուշադրությունը: Ադրբեջանը, թերեւս, չի թաքցնում նաեւ, որ սպասում է միջազգային հանրության քարտ-բլանշին: Թե որքանով ներքին կամ արտաքին գործոնները կհանգեցնեն լայնամասշտաբ պատերազմի կամ սահմանային լարվածության աճի հերթական մակարդակի՝ դժվար է ասել, բայց ԵԱՀԿ Մինսկի խումբն իր միջնորդական առաքելության օրակարգում շատ կարեւոր գործառույթ պետք է հստակեցնի՝ հակամարտող կողմերի սպառազինությունների մրցավազքը կարգավորելու առումով: Այս պահին Ադրբեջանին զսպող ամենահզոր գործոնը Արցախի սահմանային պաշտպանության եւ անվտանգության համակարգն է:
– Դեռ նախորդ տարի Արցախի նախագահը խոսում էր երկրում փոփոխությունների մասին. արդյոք նկատելի՞ են այդ փոփոխությունները:
– Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ «հեռացող նախագահներն» առավել պատասխանատու են սեփական հանրության առջեւ՝ իրենց հաջորդին բարեկարգ պետություն փոխանցելու հարցում: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն իր ասուլիսում հայտարարելով, որ 2020 թվականին չի առաջադրելու սեփական թեկնածությունը նախագահի պաշտոնում, կարծում ենք, որ առաջնորդվել է այդ սկզբունքով եւ համակարգային վերաթարմացման կուրս է հայտարարել: Այս առումով քայլերի շարունակականությունը պարտադիր պայման է եւ Արցախի հանրության վստահությունն ամրապնդելու միջոց: Կարծում ենք, որ կարող կադրային կապիտալին թիմային աշխատանքում ներգրավելը, բովանդակային թարմացումները, սահուն սերնդափոխությունը, բազմակարծության խրախուսումը պետության հաջողության գրավականը պետք է լինեն:
Զրույցը` ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
«Առավոտ»
04.07.2018