Արմեն Մխիթարյանն այս տարվա մարտի 15-ին բերման էր ենթարկվել ոստիկանության Նոր Նորքի բաժին, ուր նրա մոտ հայտնաբերվել էր մեթադոն տեսակի դեղամիջոց:
Արմեն Մխիթարյանի՝ ապրիլի 19-ի դատարան ներկայացրած հայցապահանջի գործով դատավորը Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատավոր Հ. Զարգարյանն է: Արմենը դատի է տվել Հանրային հեռուստաընկերությանը, ՀՀ ոստիկանությանն ու «Օպերատիվ լրատվական» ՍՊ ընկերությանը: Նախորդ օրվա նիստին չէր ներկայացել «Օպերատիվ լրատվականը», իսկ հայցվորը մոռացել էր իր անձնագիրը: Ըստ էության, նախնական դատական նիստը նշանակվեց նոյեմբերի 8-ին:
Պատվին, արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման եւ հերքման պարտավորեցնելու մասին հայցվորը նախկինում դատապարտվել է: Նա հաշվառման մեջ է եղել ՀՀ առողջապահության նախարարության «Հոգեբուժական բժշկական կենտրոնի» նարկոլոգիական կլինիկայի կողմից իրականացվող «Մեթադոնային փոխարինող բուժման տրամադրում ափիոնատիպ նյութերից կախվածություն հիվանդներին» ծրագրին: «Առավոտին» հայցվորն ասաց, թե օրինական է ստացել մեթադոն դեղամիջոցը:
Արմենին երբ մարտին տարել էին ոստիկանության բաժին, նա բացատրություն էր տվել, թե ինչու է իր մոտ խուզարկության ժամանակ հայտնաբերվել մեկ դեղահաբ:
«Մարտի 23-ին Հանրային հեռուստաընկերության կողմից հեռարձակվող 02 հաղորդմամբ տեսա, որ իմ վերաբերյալ տեղեկություն են հայտնում, թե իբր ես Կարեն Ծաղիկյանից ձեռք եմ բերել մեթադոն տեսակի թմրանյութ, ինչը չի համապատասխանում իրականությանը»,- երեկ «Առավոտին» ասաց Ա. Մխիթարյանը:
Վերջինս դատարան էր ներկայացրել տեսանյութի ողջ բովանդակությունը, ժամը, թե որքան է տեւել այն, նաեւ հայտնել էր, որ այդ տեսանյութը տարածվել է համացանցում, ոստիկանության պաշտոնական կայքում. «Գտնում եմ, որ այդ հաղորդման ընթացքում հրապարակային ներկայացված տվյալները, որոնք ինձ ներկայացնում են հանցագործ, չեն համապատասխանում իրականությանը, եւ այդ փաստացի տվյալներն արատավորում են իմ պատիվն ու արժանապատվությունը»:
Ըստ հայցվորի, զրպարտությունը Հանրային հեռուստաընկերության կողմից ունեցել է լայն տարածում:
Ըստ նրա, հաշվի առնելով այն, որ Հանրային հեռուստաընկերությունը ընդգրկված է ՊԵԿ-ի կողմից անցյալ տարվա առաջին հազար խոշոր հարկատուների ցանկում, կարելի է եզրահանգել, որ «պատասխանողի գույքային դրությունը բավարար է որոշակի գումարի չափով նյութական փոխհատուցման վերաբերյալ պահանջը բավարարելու համար»:
Ա. Մխիթարյանը խնդրում է՝ ոչ միայն հերքել վիճելի տեղեկատվությունը, այլ Հանրայինից բռնագանձել կես միլիոն դրամ, որպես զրպարտության արդյունքում պատվին, արժանապատվությանը պատճառված ոչ նյութական վնասի փոխհատուցում:
Ի դեպ, դատարան է ուղարկվել նաեւ հերքման տեքստի բովանդակությունը, մի բան, ինչը հազվադեպ է լինում նման բովանդակության դատական գործընթացների ժամանակ:
Փոխհատուցումից անմասն չի մնացել նաեւ «Օպերատիվ լրատվականը». հայցվորը պահանջում է 200 հազար դրամ՝ որպես զրպարտության արդյունքում պատվին, արժանապատվությանը պատճառված ոչ նյութական վնասի հատուցում: Հայցվորի դիտարկմամբ, նշյալ հաղորդման հեղինակները պարտավոր էին տեղեկանալ գործի մանրամասներին, կապ հաստատել իր՝ հայցվորի հետ, ինչը չեն արել: Հայցապահանջը տասը համակարգչային էջ է:
Պատասխանող Հանրայինից եւ «Օպերատիվ լրատվականից» պահանջվում է նաեւ 18 հազար դրամ պետտուրքի գումարը:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ»
04.07.2018