Այս օրերին շատ է խոսվում երդվյալ ատենակալների ինստիտուտի ձեւավորման մասին: Իրավաբանների մի շրջանակ հարցնում է՝ ի՞նչ եղավ երդվյալ ատենակալների ինստիտուտը, որը Ռուսաստանում վաղուց է գործում, ինչո՞ւ Հայաստանում դատավորներն ընդհանուր իրավասության դատարաններում միանձնյա են քննում գործերը, ինչո՞ւ չի իրագործվում 1996թ. դատաիրավական բարեփոխումներով նախատեսված դրույթը: Փաստորեն, խորհրդային տարիների ժողատենակալների ինստիտուտը վերացավ 1995-1996թթ., բայց նրանց փոխարեն երդվյալ ատենակալների համակարգ չստեղծվեց, թեպետ նախատեսված էր 1996թ. բարեփոխումների ծրագրով: Տպագրում ենք ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, իրավաբանական գիտությունների դոկտոր Արթուր Ղամբարյանի՝ վերջերս լույս տեսած «Ինչո՞ւ հայ ժողովուրդը հրաժարվեց արդարադատությանը մասնակցելու իրավունքից» ուսումնասիրությունից մի հատված:
1995թ. Սահմանադրության մեջ երդվյալ ատենակալների ինստիտուտի ամրագրումը. ՀՀ օրենսդիր մարմնի հակասահմանադրական անգործությունը Հայաստանի երրորդ Հանրապետության Սահմանադրության 91-րդ հոդվածում ամրագրվեց, որ օրենքով նախատեսված դեպքերում դատավարությունն իրականացվում է երդվյալների մասնակցությամբ։ Այս հոդվածի ձեւակերպումներին դեռ հաճախ կանդրադառնամ, սակայն այս հատվածում նշեմ, որ թեեւ սահմանադիրը (ժողովուրդը) ՀՀ օրենսդրի (ՀՀ ազգային ժողովի) համար սահմանեց երդվյալ ատենակալների ինստիտուտը ներդնելու պահանջ (պարտականություն), սակայն այդ սահմանադրական պահանջը հետագայում ձեւախեղվեց որպես ՀՀ օրենսդրին տրված հայեցողություն՝ որոշելու նախատեսե՞լ երդվյալ ատենակալների ինստիտուտ, թե` ոչ: Արդյունքում` ՀՀ օրենսդիրը որոշեց չնախատեսել այս ինստիտուտը: Դա ոչ այլ ինչ էր, քան ՀՀ ազգային ժողովի հակասահմանադրական անգործություն:
Ընդ որում` 15.01.1997թ. ՀՀ-ում դատաիրավական բարեփոխումների հայեցակարգ-ծրագրի 18-րդ բաժնում նախատեսված էր, որ երդվյալները մասնակցելու են դատավարությանը միայն մահապատիժ եւ ցմահ ազատազրկում նախատեսող հանցագործությունների վերաբերյալ գործերով՝ ամբաստանյալի պահանջով: Երդվյալները կլուծեն միայն ամբաստանյալի մեղավորության կամ անմեղության հարցը: Ամբաստանյալին մեղավոր ճանաչելու դեպքում պատիժը սահմանում է դատարանը: Քրեական դատավարության օրենսգրքում կնախատեսվի հատուկ բաժին, որտեղ կարտացոլվեն երդվյալների մասնակցությամբ դատավարության առանձնահատկությունները: Անհրաժեշտ էր ընդունել երդվյալների մասին օրենք, որը կսահմանի երդվյալների ընտրության դատարան հրավիրելու կարգը, նրանց իրավունքներն ու պարտականությունները, պատասխանատվության հիմքերը եւ այլն:
20 տարի անց` 2015թ, հետադարձ հայացքով կասվի. «1995թ. Սահմանադրությամբ նախատեսված էր այդ ինստիտուտը, բայց չգործեց: Երդվյալների ինստիտուտը կարող է արդյունավետ գործել երկու իրավիճակում՝ խիստ զարգացած հասարակություններում եւ դեռեւս չձեւավորված: Մենք միջին վիճակում ենք: Մեզ մոտ գտնել 6, 10, 12 երդվյալ ատենակալին ներկայացվող պահանջները բավարարող քաղաքացի, բավականին դժվար է» (Գ.Ղազինյան՝ «Հասարակությունը չպետք է հանդուրժի ցանկացած այլ մոտեցում, քան արդարադատությունն է»):
«Երդվյալների ինստիտուտն արդյունավետ կարող է գործել հասարակության զարգացման երկու աստիճաններում: Առաջին, երբ հասարակության մեջ իրավագիտակցության մակարդակը բավականին ցածր է, եւ երկրորդ, բարձր իրավագիտակցության պայմաններում, երբ քաղաքացիական պարտքը վեր է դասվում ազգակցական, արյունակցական եւ այլ կապերից: Մենք միջին մակարդակում ենք, որտեղ կարող է նույնիսկ հակացուցված եւ ռիսկային լինել նման իրավակարգավորման նախատեսումը» (Գ.Ղազինյան): Իհարկե, յուրաքանչյուրս մեր գիտակցությամբ եւ զգայարաններով ենք ընկալում մեզ շրջապատող իրականությունը, միջավայրի զարգացվածության աստիճանը եւ այն գնահատում ենք մեր ունեցած փորձի հիման վրա։ Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ միջավայրում, ինչ հայացքով եւ ինչ դիրքերից ես կյանքին նայում։ Երկար տարիներ է՝ տարբեր համալսարաններում շփվում եմ ուսանողության հետ, դրան զուգահեռ, պրակտիկ աշխատանքի բերումով, շփվում եմ նաեւ հանցագործության մեջ մեղադրվող անձանց, հանցագործությունից տուժածների հետ եւ բնավ այն կարծիքին չեմ, որ մեր հասարակությունն առայսօր միջին վիճակում է (շատ դժվար է չափել հասարակության «միջինությունը»), նույնիսկ հանցագործության մեջ մեղադրվողների իրավագիտակցության կառուցվածքում առկա են որակական փոփոխություններ։ Այս ամենը չտեսնելու համար կամ պետք է կույր լինել, կամ` իրականությունից կտրված։ Մենք վաղուց հաղթահարել ենք մարգինալության վիճակը, իսկ Անկախության սերունդը որակապես տարբերվում է նախորդ սերնդից…
2003-2005թթ. սահմանադրական բարեփոխումների աշխատանքը համակարգում էր իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Արմեն Հարությունյանը, ով ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նախագահն էր: Հարցազրույցներից մեկում իմ թեկնածուական ատենախոսության գիտական ղեկավարը՝ Ա. Հարությունյանը, նշել է, որ դեմ չէ, որ մեր դատարաններում գործի երդվյալ ատենակալների համակարգը: Մինչդեռ՝ գործնականում ստացվեց այնպես, որ 1995թ. ՀՀ Սահմանադրության տեքստից երդվյալ ատենակալների մասին դրույթը ջնջվեց: Միգուցե մոտեցումն այն էր, որ սահմանադրական տեքստը պետք էր մաքրել «մահացած» նորմերից:
(շարունակելի)
Երդվյալ ատենակալների ինստիտուտի մասին 2003-2005թթ. կարդացեք «Առավոտի» հաջորդ համարում:
«Առավոտ»
04.07.2018