Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Կարեւորը՝ որոշում կայացնողները հավատան երիտասարդներիս»

Հուլիս 05,2018 13:00

Կինովավերագրողները ներկայացրին
իրենց հավակնություններն ու ծրագրերը

Վերջին շրջանում Հայաստանում կինոարվեստը հիմնականում ներկայանում է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնով եւ «դրսի» մրցույթներին հայկական որոշ ֆիլմերի մասնակցությամբ: Վերջերս «Մոսկվա» կինոթատրոնում ցուցադրվեցին Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի՝ Ռուբեն Գրիգորյանի կինոարվեստանոցի 9 շրջանավարտների դիպլոմային աշխատանքները:
«Առավոտը» զրույցի հրավիրեց կինովավերագրողներից երեքին, որոնց ֆիլմերը մայիսին արժանացել են ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակին: Նրանք են՝ Մանե Գրիգորյանը («Երկնքի եւ երկրի միջեւ»), Մանե Բաղդասարյանը («Ադապտացիա») եւ Արթուր Սահակյանը («Քամու հետ»):

Մեր զրուցակիցները համակարծիք են այն մտքի հետ, որ մեզ մոտ, պատկերավոր ասած՝ կինո չկա, այդուհանդերձ, մտաբերեցին ինստիտուտում իրենց վարպետի հետեւյալ միտքը՝ «դուք՝ երիտասարդներդ, պետք է դառնաք նոր ալիք: Վավերագրողը պետք է տեսնի, դիտել կամ նայել կարող են բոլորը, իսկ տեսնել՝ քչերը: Այդ քչերը հենց դուք՝ վավերագրողներդ եք»: Մանե Գրիգորյանը ասվածին հավելեց նաեւ, հիշելով դարձյալ իրենց վարպետի խոսքը. «Այն, ինչ որ մտածում ես՝ բարձրաձայնիր դրա մասին: Չպետք է վախենալ, քայլ առ քայլ գնացեք առաջ…»: Ռեպլիկին՝ հիմա կարծես մեծ տեղ են տալիս երիտասարդներին, Արթուր Սահակյանը պատասխանեց. «Մենք մեր գործն ենք անում ու պետք է շարունակենք աշխատել: Ի դեպ, ես սա ասում եմ Գրիգորյանի արվեստանոցի բոլոր 9 շրջանավարտների անունից: Այո, եթե ինչ-որ բան ես անում, ինչը գնահատվում է, դա ոգեւորում է, ուզում ես երկրորդ քայլն անել, երրորդը, չորրորդը եւ այդպես շարունակ: Ավելին, մենք 9 կինովավերագրողներով որպես թիմ վստահ մուտք ենք գործում կինոաշխարհ»: Մանե Բաղդասարյանն էլ կանխելով մեր հարցը, հայտնեց. «Ճիշտ է, կինոարտադրությունը թանկ ոլորտ է, մեծ փողեր է ակնկալում, անկեղծ ասած՝ փորձում ենք հասկանալ՝ ինչ ճանապարհներով են նման ֆինանսներ հայթայթում, բայց վստահ ենք, որ կգտնենք: Կդիմենք, օրինակ՝ հիմնադրամներին եւ այլն: Ամենակարեւորը՝ այն մարդիկ, որոնք որոշումներ են կայացնում մշակույթում, հավատան մեզ, երիտասարդներիս»:


Զրույցի ընթացքում երիտասարդները տեղեկացրին իրենց թիմակից 6 գործընկերների հաջողությունների մասին: Այսպես. Լիլիթ Պետրոսյանը «Բրոնզե ասպետ» մրցանակի է արժանացել վերջերս Սեւաստոպոլում կայացած «Ոսկե ասպետ» մրցույթում՝ «Երաշտ» ֆիլմով, Նվեր Հովհաննիսյանի «Որտեղ է երջանկությունը» ֆիլմը ՌԴ-ում 2017 եւ 2018թթ. անցկացված տարբեր մրցույթներում գրավել է ժյուրիի ուշադրությունը, հայաստանյան «1 կադր»-ում ուշագրավ էր Գրիգոր Մուրադյանի «Աշխարհն ուրիշ աչքերով» ֆիլմը: Քրիստինե Ղազարյանի «Կյաժը» ֆիլմը՝ նվիրված քառօրյա պատերազմի հերոս Ռոբերտ Աբաջյանին, քաջածանոթ է բոլորին: Երիտասարդ կինովավերագրողներից միայն Արամ Ասատրյանն է, որ նկարահանել է խաղարկային «Ախմախը» ֆիլմը: Մենք էլ ավելացնենք, որ Մանե Բաղդասարյանի «Ադապտացիա» ֆիլմը տարբեր մրցանակներ է շահել 7 երկրում, այդ թվում՝ Չինաստանում, Ռուսաստանում, Թուրքիայում եւ այլն:

Մեր զրուցակիցները նշեցին, որ արդեն 15-րդ անգամ անցկացվող «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնում իրենց ֆիլմերը ներկայացված են «Հայկական համայնապատկեր» ծրագրում:
Մեր զրուցակիցները խոսելով առաջիկա ծրագրերի մասին, նշեցին, որ դրանք դեռեւս նախագծեր են: Արթուր Սահակյանը սկսել է նախապատրաստական աշխատանքները «Էլվինա Մակարյան» ֆիլմի, Մանե Գրիգորյանը չբավարարվելով մեկ աշխատանքով, ասաց, որ կշարունակի մոլոկանների մասին պատմող դիպլոմային աշխատանքը, Մանե Բաղդասարյանն էլ դեռ նախնական վերնագիր է ընտրել ֆիլմին՝ «Երեւան, իմ սեր»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Գլխավոր լուսանկարում` Մանե Գրիգորյանը, Մանե Բաղդասարյանն ու Արթուր Սահակյանը:

«Առավոտ»

04.07.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031