Լրահոս
Օրվա լրահոսը

Դպրոցների տնօրենները, մանկավարժները զերծ են մնալու ցանկացած քաղաքական գործընթացից և միմիայն զբաղվելու են իրենց բուն գործառույթով

Հուլիս 04,2018 20:51

Հուլիսի 4-ին Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանը հրավիրել էր Գուգարքի տարածաշրջանի դպրոցների տնօրեններին՝ նրանց հետ ոլորտին առնչվող մի շարք խնդիրներ քննարկելու նպատակով: Հանդիպմանը մասնակցում էին նաև Լոռու մարզպետի տեղակալ Սերգեյ Սարուխանյանը, ով, որպես մարզպետի տեղակալ, այսուհետ համակարգելու է այս ոլորտը, մարզպետարանի գլխավոր քարտուղար Նարեկ Սարգսյանը, Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնակատար Արփինե Մատինյանը, Կրթական ծրագրերի համակարգող Դավիթ Հակոբյանը: Ողջունելով ներկաներին՝ մարզի ղեկավարը նշեց, որ մեծագույն հարգանքով է վերաբերվում մանկավարժի մասնագիտությանը և անելու է հնարավորինը, որպեսզի մարզի մանկավարժներն ապրեն և աշխատեն արժանավայել կերպով:

-Լոռու մարզում տիրելու է սիրո և հարգանքի, փոխադարձ վստահության մթնոլորտ: Դպրոցների տնօրենները, մանկավարժները զերծ են մնալու ցանկացած քաղաքական գործընթացից և միմիայն զբաղվելու են իրենց բուն գործառույթով, այն է՝ կրթել և դաստիարակել մատաղ սերնդին: Սա է իմ պահանջը ձեզնից,-ասաց Հ. Մարգարյանը: Նա իր խոսքում կարևորեց նաև ռազմահայրենասիրական դաստիարակությունն առավել բարձր մակարդակի հասցնելու անհրաժեշտությունը, ինչը ևս, ըստ մարզի ղեկավարի, կարող է մեծ դերակատարություն ունենալ ժամկետային զինծառայությունից խուսափելու դեպքերը նվազեցնելու, ինչպես նաև ապագա զինվորների շրջանում հայրենասիրական ոգու բարձրացմանը նպաստելու առումով:

Հ. Մարգարյանն անդրադարձավ նաև դպրոցական խորհուրդների կազմերի վերանայման անհրաժեշտությանը, որպեսզի նրանք ծառայեն իրենց բուն նպատակին:

-Պետք է աշխատել ազնիվ և թափանցիկ՝ ունենալով միայն մեկ նպատակ՝ ծառայել մարզի ժողովրդին,-ասաց Հ. Մարգարյանը:

Ն.Սարգսյանն իր հերթին անդրադարձավ ներառական կրթությանը, պարտուսից դուրս մնացած երեխաների խնդիրներին՝ կարևորելով սերտ համագործակցությունը համայնքների և համապատասխան կառույցների հետ:

Նա կարևորեց նաև դպրոցներում իրականացվող դրամաշնորհային ծրագրերի մասին մարզպետարանին պատշաճ իրազեկումը, որպեսզի խնդիրների դեպքում հնարավոր լինի աջակցել:

Այնուհետև դպրոցների տնօրենները ներկայացրին իրենց կրթօջախներում առկա խնդիրները, ինչու չէ՝ նաև ձեռքբերումները: Դպրոցներից շատերում հիմնականում ընդհանրական էին հիմնանորոգումների, սպորտդահլիճների բացակայության, ջեռուցման համակարգերի, համակազմ դասարանների հետ կապված, տարբեր համայնքներից ուսուցիչների երթևեկության, տրանսպորտային միջոցների բացակայության, դպրոցներում մրցույթների անցկացման  և մի շարք այլ խնդիրներ: Վերջիններիս վերաբերյալ մարզպետն առաջարկեց գրավոր դիմումներ ներկայացնել՝ վստահեցնելով, որ դրանց վերաբերյալ ամփոփ տեղեկանք կպատրաստվի և կներկայացվի կառավարությանը: Ինչ վերաբերվում է ուսուցիչների երևեկության խնդրին, ապա տեղեկացվեց, որ մարզում առկա է համայնքից համայնք երևեկող 139 ուսուցիչ, որոնց տրասպորտային ծախսերը փոխհատուցելու խնդրանքով գրություն է ուղարկվել կառավարությանը: Իսկ տրանսպորտային միջոցների բացակայության վերաբերյալ պարզաբանվեց, որ առաջիկայում կկանոնակարգվի նաև այդ խնդիրը:

Մարզի ղեկավարը ողջունելի համարեց որոշ դպրոցների՝ տարբեր ներդրումներ ներգրավելու նախաձեռնողականությունը՝ վստահեցնելով, որ այդպիսի կրթօջախները, ինչպես նաև աջակցող կազմակերպություներն ու անհատներն անպայման կխրախուսվեն:

Լոռու մարզպետարանի տեղեկատվական կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031