Լրահոս
Օրվա լրահոսը

«Փորձել են շահարկել և զրպարտել իմ անունը». գործարար Գրիգոր Գրիգորյանն արձագանքում է մեղադրանքներին

Հուլիս 04,2018 20:47

Գործարար, բարերար Գրիգոր Գրիգորյանն (լուսանկարում) Aravot.am-ի հարցմանն ի պատասխան գրավոր անդրադարձել է վերջերս մամուլի ասուլիսում Վայց Ձորի մարզի բնակիչ, գործարար Աշոտ Զաքարյանի՝ իր հասցեին արված մեղադրանքներին առ այն, թե իր պատճառով Զաքարյանն ունեզրկվել է, կորցրել «Արփա» ՀԷԿ-ը: Իր պատասխանում Գրիգոր Գրիգորյանը նշել է. «Աշոտ Զաքարյանը և նրա փաստաբան Տիգրան Մուրադյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ինչպես նաև տարբեր լրատվամիջոցներով անդրադառնալով Վայոց ձորի մարզի «Արփա» փոքր ՀԷԿ-ի խնդրին՝ փորձել են ստի և կեղծիքի միջոցով մոլորեցնել լրատվամիջոցներին և հանրությանը, ինչպես նաև շահարկել և զրպարտել իմ անունը»:

Գրիգոր Գրիգորյանի գրավոր պատասխանում ասվում է. «Աշոտ Զաքարյանի և նրա փաստաբանի կողմից ներկայացվածն ամբողջությամբ հիմնված է ստի վրա: Նրանք բարձրաձայնում են մարդկանց անուններ, որոնք ընդհանրապես կապ չունեն և նույնիսկ տեղյակ չեն նշված հարցերից: Բնականաբար, հասկանալի է, որ նրանք բարձր պաշտոնատար անձանց անուններ հնչեցնելով՝ փորձում են լսելի դառնալ և հարցին հնչեղություն հաղորդել՝ հնարավորինս մեծ լսարան ապահովելու համար։ Շանտաժով Աշոտ Զաքարյանը փորձում է քողարկել իր կողմից «Արփա» ՓՀԷԿ–ում կատարված յուրացումներն ու պատճառված վնասները, իր տնօրինության ժամանակահատվածում իր իսկ կողմից կնքված կեղծ փոխառության պայմանագրերը և ընկերության դրամարկղից կանխիկացրած շուրջ 50 մլն ՀՀ դրամի յուրացումները, բազմաթիվ ինքնիրավչությունները, ինչն իր մոտ չի ստացվի, քանի որ, միևնույնն է, վաղ թե ուշ՝ Զաքարյանը օրենքի ողջ խստությամբ պետք է պատասխան տա նշյալի համար։ Առավել ևս, որը վերը նշվածի վերաբերյալ առկա են ուժի մեջ մտած օրինական դատական ակտեր, մինչդեռ Զաքարյանը փորձում է հորինվածքներով, շանտաժով իրեն հանրությանը ներկայացնել որպես զոհի կամ ունեզրկվածի՝ խուսափելու համար հետագա պատասխանատվությունից»:

Գրիգոր Գրիգորյանը շեշտել է, որ իր համոզմամբ՝ Զաքարյանն ու նրա շահերի պաշտպանը ներկայիս քաղաքական իրավիճակի ընկալման խնդիրներ ունեն. «Նրանք շահարկում են դա՝ իրենց անձնական շահերի համար։ Իսկ գործարարի անունը շահարկելու և զրպարտելու համար իրենք դեռ օրենքի առաջ պատասխան պետք է տան։ «Ունեզրկված գործարարի» կերպարը դա Աշոտ Զաքարյանի երևակայության արդյունքն է: Զաքարյանի հերթական շանտաժը դրսևորվում է նաև ՀՀ գլխավոր դատախազության առջև իր թիմակիցներով ակցիա անցկացնելու վերաբերյալ հայտարարությամբ, որի վերաբերյալ կասեմ. Աշոտ Զաքարյանի նման մարդիկ չունեն և չեն էլ կարող ունենալ թիմակիցներ»:

Ինչ վերաբերում է ՀԷԿ-ին, Գրիգոր Գրիգորյանը նշել է. «Կցանկանայի հստակեցնել, որ ես ձեռք եմ բերել ոչ թե «Արփա» ՓՀԷԿ-ի բաժնեմասերը, այլ «Արփաէներգիա» ՍՊԸ-ն՝ հենց Զաքարյանի խնդրանքով, քանի որ վերջինս սնանկացման եզրին էր հայտնվել՝ իր իսկ կատարած ինքնիրավչությունների արդյունքում։ Ինչ վերաբերվում է ընկերությունում Զաքարյանի կողմից սեփական միջոցների ներդրմանը, ապա նա ոչ մի լումա չի էլ փորձել ներդնել ընկերությունում, քանի որ իմաստազուրկ կլիներ գումարներ  դնել, ապա յուրացնել դրանք։ Ընկերության բաժնետեր ես դարձել եմ օրենքով սահմանված ընթացակարգի պահպանմամբ և օրենքով նախատեսված կարգով, ինչի օրինականության հարցը Աշոտ Զաքարյանի կողմից դատական կարգով վիճարկվել է դեռևս 2013թ-ին, և դրա վերաբերյալ դատարաններն իրենց դիրքորոշումը թիվ ԵԿԴ/2051/02/13 քաղաքացիական գործով արդեն հայտնել են: Վերջնական որոշումը կայացվել է ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից, որով ճանաչվել է իմ՝ «Արփաէներգիա» ՍՊԸ-ում բաժնետեր լինելու օրինականությունը։ Նշված գործով Զաքարյանը դատարանից խնդրել էր անվավեր ճանաչել կամ լուծել բաժնեմասերի առուվաճառքի պայմանագիրը, որով ես դարձել էի ընկերության 50 տոկոս բաժնետեր, և դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով՝ Զաքարյանի հայցն ամբողջությամբ մերժվել է՝ ակնհայտ անհիմն լինելու հիմքով…Զաքարյանի կողմից ազնիվ կլիներ խոսել նաև վերը նշվածի մասին, և այլոց անունների անվանարկման փոխարեն՝ ներկայացնել իր շահերի համար «պայքարողների» մասին տեղեկություններ, որոնք տարբեր ժամանակահատվածներում հանդես են եկել որպես Զաքարյանի հովանավորներ: Այս իմաստով առնվազն ազնիվ չէ մոլորեցնել մարդկանց՝ հագնելով «ազնվագույն» մարդու կերպար և հանրությանը ներկայանալով «զոհի» կերպարով»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031