Երկարատև հիվանդությունից 64 տարեկանում կյանքից անժամանակ հեռացել է Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Գրիգորյանը:
Հուղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 5-ին, ժամը 14:00-ին` Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցուց:
1970-ին ավարտել է Երևանի թիվ 78 դպրոցը, 1974-ին՝ Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը:
1974-1990-ին աշխատել է Հայաստանի գյուղատնտեսության նախարարությունում և «Պետագրոարդ կոմիտեի» վերահսկողության վարչությունում` որպես գլխավոր վերահսկիչ և վերաստուգիչ:
1992-2003-ին զբաղեցրել է մի շարք պատասխանատու պաշտոններ, եղել է ՀՀ մաքսային վարչության պետի տեղակալ, ՀՀ կապի և տրանսպորտի նախարարի տեղակալ, ՀՀ պետական եկամուտների նախարարի, ՀՀ հարկային պետական կոմիտեի հարկային ծառայության պետի տեղակալ:
2003-ից աշխատում էր ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության պետ:
Նրան շնորհվել է հարկային ծառայության առաջին դասի պետական խորհրդականի կոչում:
Սարգիս Գրիգորգյանը երկար տարիներ զբաղվել է հանդբոլով, հանդես է եկել հանդբոլի Հայաստանի հավաքականի կազմում: Եղել է Հայաստանի բազմակի չեմպիոն (1974-76թթ), ճանաչվել է հանրապետության հանդբոլի լավագույն դարպասապահ:
Հանդիսանում է Հայաստանում լողափնյա հանդբոլի հիմնադիրներից մեկը:
Ս. Գրիգորյանը 2002-ից Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահն է:
Ս· Գրիգորյանի ներդումը մեծ է եղել Հայաստանում հանդբոլի զարգացման գործում: Չորս անգամ անցկացրել է ՀՀ Վարչապետի գավաթ միջազգային մրցաշար, որի շրջանակներում Հայաստան են ժամանել բազմաթիվ հյուրեր հանդբոլի միջազգային ու Եվրոպայի ֆեդերացիաներից: Պատվավոր հյուրերի շարքում եղել է հանդբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահ Հասսան Մուստաֆան, ինչն այն ժամանակ աննախադեպ էր և նրա առաջին այցն էր տարածաշրջան: Երկու անգամ Հայաստան է ժամանել հանդբոլի Եվրոպայի ֆեդերացիայի այժմյա նախագահ Մայքլ Վիեդերերը, որն այն ժամանակ եղել է Եվրոպայի ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը:
Սարգիս Գրիգորյանը հարգանք ու սեր էր վայելում ոչ միայն Հայաստանում, այլև միջազգային կառույցներում:
Նա լավ ընկեր էր ու ելնելով տարիների փորձից՝ նաև լավ խորհրդատու:
Հայաստանի հանդբոլի ֆեդերացիան ցավում է նրա կորստի կապակցությամբ: