Եվրամիությունը ողջունում է Հայաստանում իրականացվող բարեփոխումները և առաջիկա 4 տարվա համար Հայաստանին կհատկացնի 160 մլն եվրո գումար: Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին հուլիսի 3-ին Եվրախորհրդարանում տեղի ունեցած Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ամփոփիչ քննարկմանը:
Հիշեցնենք, հուլիսի 4-ին տեղի է ունեցել քվեարկությունը, որի ժամանակ Խորհրդարանը կողմ է քվեարկել ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրի հաստատմանը և ԵՄ-Հայաստան հարաբերություններին վերաբերող բանաձևին:
«Եվրոպական միությունը կհատկացնի 160 մլն եվրո առաջիկա 4 տարիների համար: Մենք պատրաստ ենք աջակցել բազմաթիվ ոլորտներում, այդ թվում մանր և միջին ձեռնարկատիրությանը, բիզնես մթնոլորտի բարելավմանը, արդյունավետ էներգետիկայում ներդրումների ավելացմանը, և այդ ցանկը կարելի է շարունակել»,- ասել է Մոգերինին՝ հավելելով, որ իրենք պատրաստ են ակտիվացնել մասնավոր ներդրումները Հայաստանի տնտեսության համար կարևոր ռազմավարական ոլորտներում:
Մոգերինին նշել է, որ Հայաստանի և ԵՄ-ի անցած ճանապարհը թեև բարդ է եղել, բայց ի վերջո հաջողվել է հասնել համաձայնագրի ստորագրմանը, որը նա բնորոշել է որպես «պատմական»:
Կարդացեք նաև
Նա նկատել է, որ իր համար հաճելի է Բրյուսելում ընդունել Հայաստանի նորընտրիր վարչապետ Նիկոլ Փաշինյանին, և այդ հանդիպումը կլինի մի կողմից անցած ճանապարհի ամփոփում, մյուս կողմից նոր ճանապարհի սկիզբ:
«Ես հավատում եմ, որ Հայաստանում բոլոր կուսակցությունները շատ լավ հասկանում են, որ Եվրոպական միության հետ գործընկերությունը կենսական կարևորություն ունի երկրի համար: Խոսքը աշխարհաքաղաքականության մասին չէ, ազդեցության գոտիների կամ ինչ-որ մեկի դեմ գործընկերության. սա գործընկերություն է հանուն ինչ-որ բանի, առաջին հերթին հանուն մեր քաղաքացիների՝ Հայաստանի քաղաքացիների, մեր՝ ԵՄ քաղաքացիների, տնտեսական զարգացման, աշխատատեղերի ստեղծման, ավելի լավ և ամուր ժողովրդավարությունների: Սա գործընկերություն է, որը կարող է օգնել առաջ տանելու հայ ժողովրդի առաջ քաշած պահանջները, այդ թվում վերջին ամիսներին»,- ասել է Մոգերինին:
Նա նշել է, որ նոր կառավարության ձեռնարկած բարեփոխումները, այդ թվում կոռուպցիայի դեմ պայքարը և արդարադատության ոլորտում փոփոխությունները, անչափ կարևոր են ոչ միայն ԵՄ-ի, այլև հայ ժողովրդի համար, ուստի ԵՄ-ը իր աջակցությունն է հայտնում այդ բարեփոխումներին:
ԵՄ հանձնակատարը նաև նշել է, որ իր առաջին շփումը Հայաստանի նոր կառավարության հետ եղել է շատ արդյունավետ,և որ այդ հանդիպումը «չէր կարող լիներ առավել դրական և ընկերական»:
Անդրադառնալով արտահերթ ընտրություններին՝ Մոգերինին նշել է, որ դրանք պետք է վայելեն համաժողովրդական վստահություն և համապատասխանեն ԵԱՀԿ-ի և ժողովրդավարական իստիտուտների հանձնարարականներին:
https://www.facebook.com/armen.ashotyan/videos/10215934733579344/