Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Հարությունյանը՝ Սերժ Սարգսյանի թիկնապահի, եղբոր տան խուզարկության եւ որոշ մարդկանց դեմ հետապնդումների մասին

Հուլիս 04,2018 18:01

Այսօր մենք Դավիթ Հարությունյանին հարցրեցինք՝ հիմա շատ է խոսվում ձեր կառավարության չարաշահումների, ծախսերի մասին, օրինակ, Ձեր ժամանակ կառավարությունում շաբաթական 300 լիտր վառելի՞ք եք տվել վարչության պետերին՝ տուն գնալ-գալու համար՝ Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որ 300 լիտր որեւէ մեկին տրամադրվել է՝ տուն գնալ-գալու համար»:

Հիշեցնենք, որ ԱԺ-ում բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ նման բան ասել էր կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:

Հարցին՝ «Ապօրինի հարստացման մասին» օրենքը ճի՞շտ է կիրառվում այսօր՝ Վաչագան Ղազարյանին են ձերբակալել այդ հոդվածով՝ Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ քանի ընթանում է նախաքննություն, չի կարող որեւէ կարծիք արտահայտել, որովհետեւ կարծիք արտահայտելու համար պետք է բազմաթիվ մանրամասներին տիրապետել. «Այդ հոդվածները լուրջ եւ խորը իրավական վերլուծության կարիք ունեցող հոդվածներ են: Երբ մենք ժամանակին ներմուծում էինք այդ հոդվածները, Արփինե Հովհանիսյանը ներմուծում էր, մենք կառավարությունում շատ ակտիվ դա քննարկում էինք ու հասկանում էինք, որ դա այն գործիքն է, որն ունի բազմաթիվ խութեր եւ այդ խութերը կիրառողի պրոֆեսիոնալիզմից շատ բան է կախված: Ինքը, եթե հիշում եք, երբ հարցրեցիք՝ միանգամից փոխվելո՞ւ է, ես ասացի՝ միանգամից չէ, բայց տարիների ընթացքում՝ այո, որովհետեւ այն հուլիսի 1-ից ուժի մեջ պետք է մտնի, ենթադրում է որոշակի ցիկլերի մեջ մտնել: Կոնկրետ Վաչագան Ղազարյանի գործով ինչ իրավիճակ է, ես հիմա չեմ կարող ասել»:

Հարցին՝ այդ օրենքը հետադարձ ուժ կարո՞ղ է ունենալ, նախկինում ապօրինի հարստացման վրա դա կարո՞ղ է տարածվել, եթե այն հուլիսի 1-ից է ուժի մեջ մտել՝ Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ 2017-ի հուլիսի 1-ից հետո անբացատրելի հարստացումը, որը տեղի է ունեցել, քրեականացված է, որեւէ ապօրինի հարստացում, որը տեղի է ունեցել մինչ այդ, քրեականացված չէ:

Հարցին՝ քաղաքական հետապնդման տա՞րր եք տեսնում, թե՞ պարզապես իրավապահ մարմինների որոշակի անփութություն, որ սխալ են կիրառում՝ Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Որոշ բաներ դեժավյու են հիշեցնում»: Հարցին՝ ո՞ր թվերի՝ նա պատասխանեց՝ 2008:

Լրագրողները եւս մեկ անգամ ճշտեցին՝ հետապնդման տարրեր տեսնո՞ւմ եք՝ նա պատասխանեց. «Ես գնահատական կտամ, երբ մի քիչ ավելի պրոցեսները զարգանան»:

Հարցին՝ դուք անձամբ ո՞նց եք վերաբերվում այն փաստին, որ արդեն հասել են Սերժ Սարգսյանի ընտանիքին, հարազատներին: Հարությունյանը պատասխանեց՝ նայած հասնելն ինչ է նշանակում: Դիտարկմանը, որ այսօր արդեն խուզարկել են Ալեքսանդր Սարգսյանի բնակարանը՝ Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Չեմ կարող պատասխանել այդ հարցին մի պատճառով՝ նախ պետք է հասկանամ ինչ հիմքեր կան: Ես, այնուամենայնիվ, որոշակի տենդենց այստեղ տեսնում եմ, այսինքն, նպատակասլաց որոշակի անձանց դեմ կատարվող աշխատանք ակնհայտորեն տեսնում եմ: Ճիշտն ասած, որոշ բաներ դա հուշում են՝ օրինական զենքը վերցնել, որ փորձաքննություն իրականացվի, զուտ, որպես համակարգին ծանոթ մարդ, սա ինձ համար տարակուսանք է առաջացնում, որովհետեւ յուրաքանչյուր օրինական զենք, նրա բոլոր փամփուշտները պահվում են բազայում եւ նոր փորձաքննության կարիք չկա: Ինձ համար գոնե սա առաջացնում է հարցեր»:

Հարցին՝ Լեւոն Սարգսյանի եւ նրա որդու վերաբերյալ բացահայտումների՞ն ինչպես եք վերաբերվում՝ Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Լինելով պրոֆեսիոնալ՝ ես որեւէ գնահատական, չարաշահում բառ եւ այլն չեմ կարող տալ, մինչեւ ծանոթ չլինեմ գործի բոլոր հանգամանքներին, ընդ որում, երկու կողմերի կարծիքներին, որ կարողանամ դիրքորոշում արտահայտել»:

Հարցին՝ հարյուրավոր քաղաքացիներ տեսնում են Սերժ Սարգսյանի թիկնապահ «Վաչոյի» միլիոնավոր դոլարները, Լեւոն Սարգսյանի գումարները, հարցեր չե՞ն ծագում ձեր մոտ դրանց ծագման վերաբերյալ, ի վերջո հնարավո՞ր է ՀՀ-ում այդքան գումար կուտակել աշխատավարձով՝ Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Իհարկե, հարցեր ծագում են, ինչպես ցանկացած ողջամիտ մարդու մոտ, բայց ի տարբերություն ձեզ, իմ մոտ պատասխանները այդքան ավտոմատ չեն, ինչպես ձեր մոտ»:

Դավիթ Հարությունյանն ասաց, որ ինքը չի պատրաստվում դուրս գալ ՀՀԿ-ից եւ մտավախություն էլ չունի, որ ԱԱԾ-ն մի օր իր մոտ գա:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031