Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԿ-ների հայտարարությունը. «Դատապարտում ենք խաղաղ հավաքներ անցկացնելու մարդու հիմնարար իրավունքն արհամարհող գործելաոճը»

Հուլիս 04,2018 17:40

«Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերության իրավախորհրդատու կազմակերպության՝ «Ֆիդելիթի Քոնսալթինգ» ՓԲԸ-ի («Fidelity Consulting Lawyers») կողմից օրերս Ամուլսարի հանքավայրի շահագործման դեմ բողոքող քաղաքացիներին ուղղված նամակները և մամուլում հնչեցրած որակումները պարունակում են ակնհայտ սպառնալիք, որը մեր գնահատմամբ տեղի համայնքների բնակիչների անկաշկանդ կամարտահայտման, խաղաղ հավաքների ազատության իրավունքի ճնշման փորձ է և Հայաստանում ժողովրդավարության զարգացման խոչընդոտ։

Վերոնշյալ կազմակերպության ղեկավար Ա.Մելքումյանի անունից հունիսի 25-ին մի շարք քաղաքացիներ ստացել են «իրազեկում», որում սեփական իրավունքները և հանրային շահը պաշտպանող բնակչության խաղաղ հավաքն ու ճանապարհների փակումը որակվել է որպես «հանցագործություն»։ Մելքումյանը նույն գնահատականները հնչեցրել է նաև հունիսի 3-ին կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ՝ պնդելով, որ ցուցարարների գործողությունները պետք է «հետապնդվեն» ՀՀ ոստիկանության կողմից։ Հայաստանի Հանրապետությունում հանցագործություն է համարվում մեղավորությամբ կատարված՝ հանրության համար վտանգավոր այն արարքը, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքով։ Համապատասխան արարքի որպես հանցագործության որակման իրավասությունն ու արդարադատության իրականացման գործառույթը պատկանում է ՀՀ Սահմանադրությամբ եւ օրենքներով սահմանված կարգով ՀՀ իրավասու պետական մարմիններին։ Հետևաբար, նման գնահատականով իրավախորհրդատու կազմակերպությունը գերազանցել է իր իրավասությունները՝ իրեն վերապահելով ՀՀ դատաիրավական մարմինների գործառույթ եւ դատավճիռ տալու իրավասություն։

Մենք դատապարտում ենք «Ֆիդելիթի Քոնսալթինգ» իրավախորհրդատու կազմակերպության կողմից խաղաղ հավաքներ անցկացնելու մարդու հիմնարար իրավունքն արհամարհող գործելաոճն ու կոչ անում նրանց եւ մնացյալ բոլոր շահագրգիռ կողմերին իրենց գործունեությունն իրականացնել՝ առաջնորդվելով մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության սկզբունքով։ Համաձայն ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի (ՄԻԳՀԳ) ուղենիշների՝ պետությունները պարտավորվում են կանխել և վերականգնել մարդու իրավունքների ոտնահարումները իրենց երկրի սահմաններում գործող անդրազգային կորպորացիաների կամ այլ բիզնես ընկերությունների կողմից։

Հետևաբար, մենք ՀՀ իրավապահ մարմիններից պահանջում ենք համարժեքորեն արձագանքել՝ Հայաստանի տարածքում ապահովելով մարդու իրավունքների լիարժեք պաշտպանությունը։ Մենք հայտարարում ենք, որ հետևելու ենք ՀՀ իրավապահ մարմինների հետագա քայլերին՝ դիտարկելով այն իրավապաշտպանական սկզբունքներին համապատասխանելիության տեսանկյունից։

Ծանուցում․

ՀՀ Սահմանադրության 44-րդ հոդվածով է ամրագրված յուրաքանչյուրի՝ խաղաղ, առանց զենքի հավաքներին ազատորեն մասնակցելու եւ դրանք կազմակերպելու իրավունքը։

Խաղաղ հավաքների իրավունքն ամրագրված է մարդու իրավունքներին վերաբերվող մի շարք միջազգային փաստաթղթերում, այդ թվում` 1948 թվականին ընդունված ՄԱԿ-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 20-րդ հոդվածում, 1950 թվականին ընդունված «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 11-րդ հոդվածում, 1966 թվականին ընդունված «Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին» ՄԱԿ-ի միջազգային դաշնագրի 21-րդ հոդվածում եւ այլն։

Իր հերթին Մարդու իրավունքների եվրոպական դատարանն անդրադառնալով «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 11-րդ հոդվածով երաշխավորված հավաքների ազատության իրավունքին՝ արձանագրել է, որ հասարակական վայրում տեղի ունեցող ցանկացած հանրահավաք կարող է առաջ բերել բնականոն կյանքի որոշակի աստիճանի խաթարում, ներառյալ երթեւեկության խաթարում, եւ եթե ցուցարարները բռնի գործողություններ չեն կատարում, ապա կարեւոր է, որ իշխանությունները որոշակի աստիճանի հանդուրժողականություն ցուցաբերեն խաղաղ հավաքների նկատմամբ, այլապես կոնվենցիայի 11-րդ հոդվածով երաշխավորված հավաքների ազատության սկզբունքը կիմաստազրկվի (տե՛ս «Օյա Ատամանն ընդդեմ Թուրքիայի» («Oya Ataman v. Turkey») 05.12.2006 թվականի գործով վճիռ, գանգատ №74552/01, «Աշուղյանն ընդդեմ Հայաստանի» 17.07.2008 թվականի գործով վճիռ, գանգատ №33268/03)։

Միաժամանակ, դատարանի գնահատմամբ անձը պատասխանատվության չի կարող ենթարկվել խաղաղ հավաքներին մասնակցելու համար, քանի դեռ այդ անձն ինքնին որեւէ պատժելի արարք չի կատարել (տե՛ս «Գալստյանն ընդդեմ Հայաստանի» 15.11.2007 թվականի գործով վճիռ, գանգատ №26986/03, «Էզելին ընդդեմ Ֆրանսիայի» («Ezelin v. France») 26.04.1991 թվականի գործով վճիռ, գանգատ №11800/85)։

«Հյուման Ռայթս Հաուս Երևա» իրավապաշտպան ցանց
Զարուհի Հովհաննիսյան, իրավապաշտպան
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ
«Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ
«Քալրֆուլ Հաուս» Սոցիալ-մշակութային և իրավապաշտպան ՀԿ
Դավիթ Ամիրյան
«Անմեղության հայկական ծրագիր» իրավապաշտպան ՀԿ
«Իրավունքի ուժ» իրավապաշտպան ՀԿ
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
«Առաջընթաց» երիտասարդական ՀԿ
Իջևանի քաղաքացիական երիտասարդական կենտրոն
Վանաձորի քաղաքացիական երիտասարդական կենտրոն
Կապանի քաղաքացիական երիտասարդական կենտրոն
Գյումրու քաղաքացիական երիտասարդական կենտրոն
Հրազդանի քաղաքացիական երիտասարդական կենտրոն
Գավառի քաղաքացիական երիտասարդական կենտրոն
Հասարակական պաշտպանների միություն
«Շողեր միություն» սոցիալ-կրթական ՀԿ
«Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ
Երևանի մամուլի ակումբ
«Խաղաղության երկխոսություն» ՀԿ
«Նոր սերունդ» մարդասիրական ՀԿ
«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ
«Կանանց իրավունքների կենտրոն» ՀԿ
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ
«Արծվաբույն Զեյթուն» ՀԿ
«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ
«Ա․Դ․ Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության կենտրոն» ՀԿ
«Երջանկության բանալի» նախաձեռնող խումբ
«Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն» ՀԿ
«Տաթևիկ» ՀԿ
«Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ
«Կանանց ներուժի զարգացման կենտրոն» ՀԿ
«Սպառողների աջակցման կենտրոն» ՀԿ
«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031