Այսօր ԱԺ-ում լրագրողները արդարադատության նախկին նախարար, ՀՀԿ անդամ Դավիթ Հարությունյանին հարցրեցին՝ գրեթե ամեն օր լսում ենք ՀՀԿ-ի որեւէ անդամի կամ նրան փոխկապակցված անձի կողմից յուրացման մասին բացահայտումներ, տեւական ժամանակ եղել եք իշխանության մեջ, այսպիսի՞ կառավարում էիք անում՝ Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Հանցագործություններ կատարող անձինք միշտ կարող են լինել եւ իմ վերաբերմունքը հանցագործություն կատարող անձանց չի տարբերվում՝ կախված նրանից՝ նրանք ՀՀԿ-ակա՞ն են, թե՞ ոչ: ՀՀԿ-ն եղել է բազմաթիվ կուսակցություն, հատկապես կուսակցություն, որն ունեցել է իշխանական լծակներ, բնական է, այդտեղ պրոբլեմներ անհամեմատ ավելի շատ լինեին, քան փոքրաթիվ կուսակցության մեջ: Ես այստեղ զարմանալու բան չեմ տեսնում: Այն, որ դա ցավալի երեւույթ է՝ այո, բայց որ ասում եք պատասխանատու է ՀՀԿ-ն, այստեղ ես բացարձակապես չեմ հասկանում ձեր ասածը»:
Հարցերին՝ ձեր իշխանության օրոք նման բացահայտումեր տեղի չէին ունենում, տեսանք, որ օրերս «Հայաստան համահայկական հիմնադրամի» տնօրենն է խաղադրույքներ կատարել, հիմնադրամի գումարներն օգտագործել է անձնական հետաքրքրության համար, ինչո՞ւ ՀՀԿ-ի օրոք նման բացահայտումներ չէին լինում, սա չի՞ խոսում այն մասին, որ քաղաքական կամքն է բացակայել՝ Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Ես կարող եմ ասել, որ նման աղմկահարույց բացահայտումներ եղել են, ինչպես այս օրերին, բայց այնուամենայնիվ, բացահայտումներ եղել են, որոնք վերաբերվել են նաեւ ՀՀԿ-ի անդամներին եւս, ուղղակի թերեւս դրա մասին այսքան բարձրաձայն չի հնչել, բայց մարդիկ կրել են պատիժներ: Քաղաքական կամք այսօր առկա է, թե ոչ՝ ես կարծում եմ, ժամանակը ցույց կտա, որովհետեւ ընթերցելով որոշ տեքստեր, իմ մոտ, որպես մասնագետ, հարցեր են ծագում կամ բացակայում են պատասխանները: Դուք նշեցիք «Հայաստան համահայկական հիմնադրամը», ինձ պարզ չէ մի հատված այն հաղորդագրությունից, երբ ասվում է, որ իր անձնական գումարները մուտքագրել է հաշվապահություն՝ քողարկելու համար վատնումը: Եթե իրականում ամբողջ գումարը վճարել է իր անձական գրպանից, ես այստեղ չէի տեսնի խախտում»:
Նա ասաց, որ հակված չէ որեւէ մեկին արդարացնել թե՛ հիմա, թե՛ նախկինում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ