Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը անցել է Եվրոբասկետ-2021-ի խմբային մրցաշարի 2-րդ փուլ եւ արդեն սեպտեմբեր ամսին հանդիպելու է Մեծ Բրիտանիայի եւ Ավստրիայի ընտրանիների հետ: Հավաքականի այս հաջողությունը ֆեդերացիայի գործադրած հսկայական ջանքերի արդյունք է, սակայն ամեն բան կարող է հօդս ցնդել, եթե պետությունը վերաբերմունքը չփոխվի մարզաձեւի ազգային հավաքականի նկատմամբ:
Այս եւ ֆեդերացիայի առջեւ կանգնած այլ խնդիրների մասին այսօր խոսեցին ՀԲՖ փոխնախագահ Արա Պողոսյանը եւ գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանը:
Արա Պողոսյանը նշեց. «Ես համարում եմ, որ ազգային հավաքականը, ֆեդերացիան անում են ամեն բան՝ հաջողություններ արձանագրելու համար, բայց հավաքականի նկատմամբ պետական վերաբերմունքը չի համապատասխանում մեզ ներկայացվող պահանջներին: Մեզանից պահանջվում է ավելին, քան ազգային հավաքականի նկատմամբ պետության վերաբերմունքն ու մոտեցումն է: Պետական մոտեցում չկա: Մենք ֆինանսական լուրջ խնդիրներ ունենք այս պահին, որոնք չլուծվելու դեպքում ազգային հավաքականն ուղղակի կլուծարենք: Սրանից ավելին անել այլեւս չենք կարող: Խոսքը տարատեսակ խնդիրների մասին է՝ սկսած մարզումների համար դահլիճներից, մինչեւ այլ խոշոր ծախսեր»:
Արթուր Նազարյանն ավելի կոնկրետացրեց ֆեդերացիային ներկայացվող պահանջները: «ՖԻԲԱ-ի պահանջով այս փուլում մենք մինչեւ սեպտեմբեր պարտադիր պետք է փոխենք «Միկա» մարզադահլիճի զամբյուղները եւ լուսատախտակները, ինչը մոտ 70 հազար եվրո արժե: Հակառակ դեպքում մեզ կարգելվի սեփական հարկի տակ խաղերն անցկացնել: Այս պարագայում տարբերակ դառնում է տնային հանդիպումները Թբիլիսիում անցկացնելը: Իսկ եթե հաղթահարենք նաեւ այդ փուլը, որը հավաքականի ուժերի սահմանում է, պահանջներն ավելի շատ ու խիստ են լինելու, օրինակ, տնային հանդիպումները պետք է անցկացվեն արդեն առնվազն 3 հազար նստելատեղ ունեցող դահլիճում:
Բասկետբոլի ֆեդերացիան եւ հավաքականը շատ բարձր նշաձող են վերցրել: Բայց, ստացվում է, որ մեր երկիրը դրան պատրաստ չէ: Այսօր ազգային հավաքականի համար որեւէ արտոնություն չկա, ինչը թույլ կտար որոշ ծախսեր կրճատել: Ազգային հավաքականը գործում է ինչ-որ բասկետբոլային կամ մարզական ակումբի կարգավիճակով: Ամեն անգամ մարզումների եւ հավաքներ անցկացնելու համար դահլիճները վարձակալում ենք: Հավաքականի համար անվճար է միայն ոչ խաղային՝ շքերթային համազգեստը:
Այսօր հասել ենք մի կետի, որ կամ պետության վերաբերմունքը պետք է փոխվի, կամ չենք շարունակում: Մենք այլեւս սկսնակ երկիր չենք բասկետբոլում՝ գերտերությունների հետ հավասար ենք խաղում: Իսկ նրանց հետ հավասար քայլելու համար Հայաստանում ընդհանրապես բասկետբոլի եւ հատկապես ազգային հավաքականի նկատմամբ վերաբերմունքը պետք է փոխվի», – ասաց նա:
Բանախոսները նշեցին, թե ուզում են հասկանալ՝ բասկետբոլի ազգային հավաքական այս երկրին պե՞տք, թե ոչ: «Եթե պետք չէ, բոլորս միմյանց ասենք հաջողություն ու բաժանվենք: Իսկ եթե պետք է, պետական է, ազգային է, պետությունը պետք է օգնի», – ամփոփեց Արա Պողոսյանը:
Համեմատության համար ասենք, որ Վրաստանի ազգային հավաքականին պետությունից հատկացվող բյուջեն $ 1 միլիոն է: Մինչդեռ, ոչ միայն մեր հավաքականի տեսքը ներկայանալի չէ, այլեւ հավաքականում չգիտեն՝ հաջորդ խաղին իրենց հետ բժիշկ կլինի՞, թե ոչ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ