Լրահոս
Օրվա լրահոսը

Վճռաբեկ դատարանը կորոշի՝ բարոյական վնասի փոխհատուցման պահանջով հայցի դեպքում պետական տուրք պետք է վճարվի, թե՝ ոչ

Հուլիս 04,2018 16:27

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը հրաժարվել է վարույթ ընդունել 2015 թ. «Արմավիր» ԲԿ-ում մահացած 4-ամյա Կարինեի իրավահաջորդի բարոյական վնասի փոխհատուցման պահանջով հայցը: Մահացած երեխայի իրավահաջորդն ու նրա ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանը երեխայի մահվան մեջ մեղադրված բժշկուհի Անահիտ Պետրոսյանից, «Արմավիր» ԲԿ-ից ու ՀՀ Կառավարությունից 15.000.000 ՀՀ դրամի չափով բարոյական վնասի փոխհատուցում ստանալու պահանջով հայցը դատարան էին ներկայացրել 2017 թ. սեպտեմբերի 20-ին:

Դատարանն այն հրաժարվել էր վարույթ ընդունել պետական տուրքը վճարած չլինելու պատճառով, չնայած նրան, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով` հանցագործությամբ պատճառված վնասի փոխհատուցման պահանջով հայցի դեպքում հայցվորն ազատվում է պետական տուրքից: Դատարանն իր դիրքորոշումը հիմնավորել է նրանով, որ օրենքը վերաբերում է նյութական վնասի փոխհատուցում պահանջելու հայցերին: Նույն դիրքորոշումն է արտահայտել նաև ՀՀ Քաղաքացիական վերաքննիչ դատարանը 2017 թ. դեկտեմբերի 18-ի որոշմամբ և մերժել առաջին ատյանի որոշման դեմ վերաքննիչ բողոքը: Կարինե Հովհաննիսյանի իրավահաջորդ Հակոբ Հովհաննիսյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանը 2018 թ. հունվարի 8-ին վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 2017 թ. դեկտեմբերի 18-ի որոշման դեմ: Վճռաբեկ բողոքը հիմնավորել է նրանով, որ հայցվորը վնասի փոխհատուցում է պահանջում, իսկ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով «վնաս» է համարվում դրամական չափման ենթակա բարոյական, ֆիզիկական, գույքային վնասը: Նշված դրույթը ենթադրում է, որ բարոյական վնասը ևս պետք է հասկանալ «վնաս» եզրույթի լույսի ներքո, քանի որ օրենսդիրը «վնաս» եզրույթի տակ դիտարկել է նաև բարոյական վնասը:

Տվյալ դեպքում վնասը բարոյական է, և այն պետական տուրքից ազատվելու արտոնություն ունենալու շրջանակից դուրս դնելն ու այդ հիմքով հայցը վարույթ չընդունելը խախտում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով և ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքը, ինչպես նաև ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված վնասի հատուցման իրավունքը:

Անի Չատինյանը վկայակոչել է նաև բարոյական վնասի փոխհատուցման պահանջով հայցերի՝ առանց պետական տուրքի վճարման վարույթ ընդունելու նախադեպերին և եզրակացրել, որ դատարանները միատեսակ մոտեցում չեն ցուցաբերում: 2018 թ. հունիսի 14-ին ՀՀ Վճռաբեկ դատարանը բողոքը վարույթ է ընդունել: Ավելի վաղ՝ 2017 թ. դեկտեմբերի 14-ին, Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մասնակի բավարարել էր տուժողների նյութական վնասի փոխհատուցման պահանջով հայցը և որոշել բժշկուհի Անահիտ Պետրոսյանից հօգուտ Հակոբ Հովհաննիսյանի բռնագանձել 890.000 ՀՀ դրամ:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031