Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ-ն առաջարկում է կուսակցությունների «սեւ կասսայի» դեմն առնել, Վիգեն Սարգսյանը ճշտեց՝ «ես համերգ եմ ուզում անեմ, չե՞մ կարող»

Հուլիս 04,2018 16:22

ՀՅԴ-ն առաջարկում է Ընտրական օրենսգրքում ամրագրել եւ ներդնել ընտրական ծախսերը սահմանափակող եւ վերահսկող միջազգային փորձին համապատասխան համակարգ: Այսօր ԱԺ-ում Ընտրական օրենսգրքի փոփոխությունների համար ստեղծված աշխատանքային խմբի առաջին նիստի ժամանակ Արմեն Ռուստամյանը ներկայացնելով իրենց այդ առաջարկը, ասաց. «Մենք ունենք մի վիճակ, որ հիմնադրամները, որոնք մենք ներկայացնում ենք, որ այսքան գումարով ենք ընտրությունները անելու, իրականում կա երեւացող թղթարարություն ու սեւ կասսա, մի քանի տասնյակ, դեպքեր կա, որ հարյուրավոր անգամ սեւը ավելի է, քան ներկայացվածը: Հիմա սրա դեմն առնելու մեխանիզմ է պետք: Գրել ենք իքս պիտի լինի ծախսերի վերին շեմը, այս պետք է վերահսկվի»:

Թե ինչպես՝ Ռուստամյանն ասաց, որ թող առանձին մարմինը ստուգի, կամ ոնց է հիմա ԱԱԾ-ն հայտնաբերում կոռուպցիոն երեւույթներ, թող այդպես հայտնաբերեն, եթե ամրագրված գումարից թեկուզ մեկ լումա ավել արձանագրվեց, որ ծախսվել է, գրանցումը տվյալ ուժի դադարեցնեն, վերջանա, որ զգոնանան:

Դավիթ Հարությունյանն ասաց, որ օրենքը չի արգելում, որ , օրինակ ՀՅԴ-ի հետ չկապված անձը քարոզչություն իրականացնի ՀՅԴ-ի օգտին, յուրաքանչյուր ոք ազատ է քարոզել ցանկացած բան, ըստ Սահմանադրության, պետք է ի՞նչ անեն, որ այդ մարդու քարոզչը չհաշվարկվի տվյալ ուժի լիմիտի մեջ, որը հիմք տա միջոցներ ձեռնարկել:

Վիգեն Սարգսյանն ասաց, օրինակ, ես համերգ եմ կազմակերպում, չե՞մ կարող, Ռուստամյանը արձագանքեց. «Ոչ, իրավունք չունես»: Վիգեն Սարգսյանը վիճեց՝ իմ սահմանադրական իրավունքն է: Ըստ Ռուստամյանի, «Ի՞նչ է նշանակում քարոզել, ծախսն անել, այդ դեպքում անիմաստ է դառնում այդ դրույթը, բա ինչի՞ եք մեզ խաբել: Այդպես մենք հարյուրավոր մարդիկ կունենանք կողքս, որ սեւը կդարձնեն սպիտակ, թող քարոզի, վեր կենա ասի՝ ձայնը տվեք ՀՅԴ-ին, բայց չգնա փող ծախսի դրա համար»:

Քննարկման ընթացքում զավեշտալի դրվագներ եղան, Դավիթ Հարությունյանն ասաց, որ չի կռվում իր հետ, Ռուստամյանն էլ ասաց՝ բա ես կարծեցի կռվում եք, ինչին Հարությունյանը արձագանքեց. «Տենց եք անում, էլի, որ հեղափոխական եք կոչվում»: Ռուստամյանը պատասխանեց՝ «ավելի լավ հեղափոխականներ կան հիմա»:

Ինչ վերաբերում է առաջարկին, Դավիթ Հարությունյանն ասաց, որ առանց այդ էլ Վենետիկի հանձնաժողովը իրենց տված կարգավորմանն ասում էր, որ կոշտ է:

«Ծառուկյան» դաշինքից Սերգեյ Բագրատյանն ասաց, որ կարող են դիտմամբ մի կուսակցության անունը նշել, քարոզել, որ այդ կուսակցությանը գրանցումից հանեն: Ռուստամյանը պատասխանեց, որ այդ դեպքում դուք ասեք՝ ինձ մի՛ քարոզեք. «Ես էնքան մարդ կա, որ չէի ուզենա ինձ քարոզեին, լիքը»: Ըստ Էդմոն Մարուքյանի, դա կարող է դառնալ քաղաքական ուժերի հետապնդման առարկա:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031