Հարգելի պարոն Մարգարյան,
Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամներս բազմաթիվ բողոքներ ենք ստանում այն ծնողներից, ովքեր աշխատում են և որոնց երեխաները մանկապարտեզներում ունեցել են ավագ խմբերի ավարտական հանդեսներն ու ծնողներին ասվել է, որ այլևս մանկապարտեզ չեն կարող հաճախել: Իհարկե գործող «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքով այս հարցը չի կարգավորվում, այլ մանկապարտեզները, լինելով համայնքների ենթակայության տակ, գործում են համայնքի կայացրած որոշումներով: Քանի որ Երևանում գրանցված ընտանիքների երեխաների համար մանկապարտեզներն անվճար են, Երևանի քաղաքապետարանը մանկապարտեզների տնօրեններին հանձնարարել է ավագ խմբի ավարտական հանդեսներից հետո երեխաներին այլևս չընդունել: Ծնողները պատրաստ են վճարել այս 2 ամիսների համար, մնում է քաղաքապետարանի աշխատակազմի կրթության վարչությունը թույլատրի այս գործընթացը:
Միանալով ծնողների պահանջին, խնդրում եմ ընդառաջել ու ավագ խմբի երեխաներին հանդեսներից հետո թույլատրել հաճախել մանկապարտեզ՝ ծնողներից գանձելով համապատասխան գումարը:
Շնորհակալություն համագործակցության համար:
Անահիտ Բախշյան
Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ