«Չեմ ուզում կանխակալ գնահատականներ տալ ու որեւէ կերպ ճնշում գործադրել։ Ինձ համար մի փաստ գոյություն ունի՝ նրանք, ովքեր թալանել են երկիրը, պիտի կանգնեն օրենքի առաջ»,-լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ արձագանքելով հարցին, թե՝ «ի՞նչ եք կարծում, Ալեքսանդր Սարգսյանի տանը խուզարկությունից հետո ԱԱԾ-ն, ի վերջո, կհասնի՞ նախկին նախագահներին»:
Նաիրա Զոհրաբյանը խոսեց նաեւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի շուրջ բացահայտման մասին. հիշեցնենք, որ հունիսի 4-ին ձերբակալվել է հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը: «Ես կողմ եմ, որ նման դեպքերում վերականգնվի մահապատիժը»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Լրագրողներն այնուհետեւ հետաքրքրվեցին, թե արդյո՞ք խմբակցության պատգամավորները, եթե կարիք լինի, կալանքից ազատելու անձնական երաշխավորագրեր կներկայացնեն Գագիկ Ծառուկյանի անվտանգության ձերբակալված պետ Էդուարդ Բաբայանի համար: Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց՝ «այո»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: