Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայաստանում իշխանափոխությունից հետո Ադրբեջանն ավելի բարձր է ճոճում սուրը. Еurasianet

Հուլիս 04,2018 16:14

Ադրբեջանն ուժեղացրել է պատերազմի սպառնալիքները Հայաստանի նկատմամբ՝ ըստ երևույթին փորձելով սրել Լեռնային Ղարաբաղի շուրջ լարվածությունը, Еurasianet.org-ում գրում է խմբագիր Ջոշուա Կուչերան:

Հայաստանի նկատմամբ բանավոր սպառնալիքները նորություն չեն Ադրբեջանի համար, պետություն, որի համար «պատերազմական հռետորաբանությունը» դարձել է լրագրողական կլիշե: Բայց Բաքվի հռետորաբանությունը նախկինում ռազմական սպառնալիքներ էր հնչեցնում պայմանական ժամանակով՝ որպես վերջին միջոց, եթե բանակցությունները տապալվեն:

«Աշխարհում ծավալվող իրադարձությունները հաստատում են, որ միջազգային իրավունքը չի աշխատում,- հունիսի 28-ին Twitter-ի իր էջում գրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:- Եթե աշխատեր, ադրբեջանական հողերը վաղուց ազատագրված կլինեին նվաճողներից»:

Հուլիսի 2-ին Ադրբեջանի զինված ուժերը սկսեցին լայնածավալ զորավարժություններ, որի սցենարը, ըստ երկրի պաշտպանության նախարարության հայտարարության, «օկուպացված տարածքների ազատագրումն է»:

Իսկ Ադրբեջանի պետական հեռուստաալիքը ցուցադրում էր Լեռնային Ղարաբաղում պոտենցիալ հաղթանակի համակարգչային գրաֆիկայով արված հոլովակ՝ ցույց տալով հրետանու առաջխաղացումը, իսկ կառավարության շենքի առաջ՝ նախկին նախագահ Հեյդար Ալիևի արձանը:

«Առաջին անգամ է, որ Բաքուն ցուցադրում է տեսանյութ, որում ցույց է տալիս ինչպես է պետությունը ռազմական առումով հաղթում թշնամուն,- գրում է ադրբեջանական անկախ Turan գործակալությունը:- Առաջին անգամ է, որ Ադրբեջանը չի թաքցնում Ղարաբաղյան խնդրի կարգավորման բացառապես ռազմական տարբերակը»:

Վերջին շաբաթների ընթացքում Ադրբեջանն ավելացրել է հռետորաբանությունը, զուգահեռ PR արշավ է իրականացվում, որով փառաբանվում է համեստ առաջընթացը Նախիջևանի չբնակեցված տարածքներում: Իսկ հունիսի 26-ին Ադրբեջանը ռազմական շքերթ անցկացրեց Բաքվում:

Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները վերջին տարիներին փակուղի են մտել, և Լեռնային Ղարաբաղի հակամարտության դիվանագիտական լուծումն առավել հեռու է թվում, քան երբևէ: Դա կարող է Բաքվին ստիպել մտածել, որ պատերազմը միակ ճանապարհն է հետ վերադարձնելու այն, ինչը ինքը համարում է կորսված տարածքներ, և որտեղից 1990-ականների պատերազմի ժամանակ հարյուր հազարավոր ադրբեջանցիներ են փախել:

Այնուամենայնիվ, Ադրբեջանի կառավարությունը նաև փորձում է օգտագործել լարվածությունը՝ թե՛ հռետորաբանությամբ, թե՛ իրական մարտերով, որպես գործիք՝ ստիպելու միջազգային միջնորդներին ջանքեր ներդնել հակամարտության լուծման գործում:

Հայ պաշտոնյաները նվազեցնում են լարվածությունը: «Իրավիճակը վերահսկվում է: Ընթացիկ գործողություններ են իրականացվում, անհանգստանալու պատճառ չկա,- ասել է Հայաստանի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը:- Մոտալուտ պատերազմի վտանգ չկա, այնուամենայնիվ, մենք պետք է պատրաստ լինենք զարգացումներին, քանի որ պատերազմի վտանգ միշտ էլ կա: […] Մենք ելնում ենք այն իրողությունից, որ պատերազմը կարող է սկսվել ցանկացած պահի»:

Հայաստանի արձագանքն ավելի շատ ուղղված էր ներքին լսարանի համար, գրում է Կուչերան: «Նիկոլականներն ասում են, որ վախենալու ոչինչ չկա, առաջին անգամ չէ, որ նման բան է տեղի ունենում՛,- Eurasianet-ի հետ զրույցում ասել է քաղաքական վերլուծաբան Միքայել Զոլյանը:- Հականիկոլականներն էլ ասում են, որ պատերազմի վտանգը շատ մեծ է, և Նիկոլն այդ ուղղությամբ ոչինչ չի ձեռնարկում»:

Հայաստանում նաև մտահոգությունների տեղիք տվեց Ռուսաստանի բարձրաստիճան մի քանի պաշտոնյաների անակնկալ մասնակցությունը Ադրբեջանում կազմակերպված համաժողովին, որը կրում էր «Ադրբեջանը՝ Ռուսաստանի միակ դաշնակից Հարավային Կովկասում» խորագիրը, գրում է հոդվածի հեղինակը՝ հիշեցնելով, որ Հայաստանն անդամակցում է ՀԱՊԿ-ին և ԵԱՏՄ-ին:

Այնուամենայնիվ, համաժողովի ռուս մասնակիցները, այդ թվում Պետդումայի անդամ և Եվրասիական գաղափարախոսության ջատագով Ալեքսանդր Դուգինը, Ադրբեջանը ներկայացնում էին որպես Ռուսաստանի իրական դաշնակից, հատկապես Փաշինյանի իշխանության գալուց հետո: Հայաստանի նոր առաջնորդը քայլեր է ձեռնարկել վերահաստատելու Հայաստանի հավատարմությունը Ռուսաստանին, բայց Կրեմլում դեռ մտավախություններ կան արևմտամետ դիրքորոշում ունեցող նախկին ընդդիմադիր լրագրողի հարցում:

«Փաշինյանի իշխանության գալը և Սերժ Սարգսյանին մոտ շրջապատի ձերբակալությունները վերջնականապես փոխել են հայ-ռուսական հարաբերությունների բնույթը,- համաժողովին ասել է փորձագետ Մաքսիմ Շևչենկոն:- Ռուսաստանն աստիճանաբար դուրս է մղվում, իսկ Ռուսաստանի նախագահը չի սիրում, երբ մարդիկ իր հետ այդպես են վարվում»:

Համաժողովի մեկ այլ մասնակից՝ Պետդումայի անդամ Դմիտրի Սավելևը, կոչ է արել Հայաստանին Լեռնային Ղարաբաղը վերադարձնել Ադրբեջանին առանց նախապայմանների: Սրան հետևել է Մոսկվայի Հայաստանի դեսպանատան արձագանքը. «Ռուս պատգամավորը պետք է հասկանա, որ մեր փխրուն աշխարհում յուրաքանչյուր բառ կրակոց է, որը կարող է կրկնապատկել իրավիճակի սրման վտանգները՝ սպառնելով հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին»,- ասվում է դեսպանատան հայտարարության մեջ:

Հայաստանում «մտահոգություն կա, որ Ռուսաստանը կարող է փորձել պատժել Հայաստանին Ադրբեջանի միջոցով»,- ասում է Զոլյանը:

Ադրբեջանցի քաղաքական վերլուծաբան և պատմաբան Ալթայ Գոյուշովը նույնպես ասում է, որ վերջին սրացումը կարծես կապված է Փաշինյանի և Ռուսաստանի հետ, բայց նրա խոսքով՝ դեռ վաղ է ասել՝ արդյոք իրադարձություններին խթան տվողը Բաքուն է, թե Մոսկվան: Մի կողմից հավանականություն կա, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «ցանկանում է ճնշում գործադրել Փաշինյանի վրա և օգնում է Ալիևին»: Մյուս կողմից, գուցե «Ալիևը մտածում է, որ այս իրավիճակում ինքը կարող է Պուտինից հավանություն ստանալ Ռուսաստանին անհնազանդություն ցուցաբերող Փաշինյանի դեմ ռազմական գործողություններ սկսելու համար»: Գոյուշովի կարծիքով՝ Ալիևը լուրջ ռազմական գործողություններ չէր ձեռնարկի առանց Կրեմլի հավանության:

«Բայց Բաքվին նաև գոհացնում է՝ ինչպես են իրադարձությունները զարգանում Երևանում, ուստի չի ցանկանա այժմ պատերազմ սկսել»,- ասում է ադրբեջանական Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի արտաքին քաղաքականության հարցերով վերլուծաբան Ֆուադ Չիրագովը: «Ադրբեջանը զգուշորեն, համբերատար կերպով և բավականությամբ հետևում է կոռուպցիոն սկանդալների և նախկին պաշտոնյաների ու հրամանատարների ձերբակալությունների ալիքին,- ասել է նա Eurasianet-ի հետ զրույցում:- Ադրբեջանը շահագրգռված չէ միջամտելու հին համակարգի կազմալուծման գործընթացին»:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031