Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Թեժ քննարկում. ՀՅԴ-ն ուզում է արգելել հիմնադրամի անունով կուսակցություններին ընտրությունների գնալ. «Թող իրա մորքուրի անունը դնի»

Հուլիս 04,2018 16:07

Այսօր ԱԺ-ում Ընտրական նոր օրենսգրքի քննարկումների համար ստեղծված աշխատանքային խմբի առաջին նիստն էր: ՀՅԴ-ի առաջարկները ներկայացնելով՝ Արմեն Ռուստամյանն ասաց, որ նախընտրական քարոզչության ժամանակ պետք է դադարեցնել բարեգործական կազմակերպությունների կողմից բարեգործական ակցիաներ կատարելը, այն կազմակերպությունների գործունեությունը դադարեցնել, որոնց անունը այս կամ այն կերպ կարող է նմանեցվել ընտրություններին մասնակցող կուսակցությունների անվանումներին:

Բարեգործականի անունը լսելով՝ ընդդիմացավ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:

Նախ, Դավիթ Հարությունյանը ճշտեց՝ այսինքն, եթե ես ստեղծում եմ Դավիթ Հարությունյան հիմնադրամ, ես այլեւս երկրի քաղաքական կյանքին, ընտրություններին իրավունք չունե՞մ մասնակցել: Ռուստամյանը պատասխանեց, որ այդպիսի հիմնադրամ չպիտի լինի, այո՛, ինչի՞ պիտի լինի. «Թող Պողոս Պողոսյանը զբաղվի քաղաքականությամբ, իր կուսակցությունը, իր անունը ուրիշ ձեւ դնելով: Պողոս Պողոսյանի ցանկ չպիտի գրանցվի: Թող ուրիշ անուն դնի, աշխարհում ուրիշ անուն չկա՞, թող իրա մորքուրի անունը դնի»:

Դավիթ Հարությունյանին անհասկանալի էր, թե ինչի՞ են սրա դեմն ուզում առնել դաշնակցականները. «Բայց անունով ցանկ չի լինում»: Տեղից պատգամավորերը արձագանքեցին՝ ինչի՞ չի լինում, շատ լավ էլ լինում է: Դավիթ Հարությունյանը հավանաբար մոռացել էր «Ծառուկյան» դաշինքի մասին եւ համանուն հիմնադրամի գործունեությունը:

Էդմոն Մարուքյանն ասաց, որ այդ դրույթը խստացնեն՝ դա կլինի «Ընտրական օրենսգրքում», կամ «Բարեգործությունների մասին» օրենքում:

Արփինե Հովհաննիսյանը փորձեց ճշտել, թե կուսակցությունը չե՞ն գրանցելու, եթե այդ անունով հիմնադրամ լինի կամ եթե մի տառի, մի բառի տարբերություն լինի, թողնելո՞ւ են՝ Ռուստամյանը պատասխանեց. «Մեր նպատակը շատ պարզ է՝ չպիտի գրանցվի մի կուսակցություն կամ դաշինք՝ մասնակցելու ընտրություններին: Եթե կուսակցությունն էլ կա, հիմնադրամն էլ կա, ինքը այդ ձեւով չպիտի մասնակցի ընտրություններին, անունը պետք է ուրիշ դրվի, չի կարող Պողոս Պողոսյան անունով լինի հիմնադրամ, Պողոս Պողոսյան անունով կուսակցություն ու նա հայտ ներկայացնի մասնակցելու ընտրություններին ու թույլատրվի»:

Վիգեն Սարգսյանը կոնկրետ օրինակ բերեց. «Օրինակ, «Լուսավոր Հայաստանը» «Լույս» հիմնադրամի հետ ասոցացվո՞ւմ է, թե՞ չէ»: Ռուստամյանը արձագանքեց, որ անվանումը նմանեցնելու հարցը կարելի է տարբեր ձեւ վերլուծել, դա արդեն մեր խնդիրը չի: Մարուքյանն էլ պատասխանեց, որ եթե ինքը լինի «Լույս» հիմնադրամի նախագահը, «Լուսավոր Հայաստանի» նախագահը ու հիմնադրամով հազարավոր երիտասարդների ուղարկի Հարվարդ սովորելու, կարող է լինի ասոցացում: Եթե ես չեմ, ո՞նց է ասոցացվում: Հանրային ընկալման մեջ ինչպիսի՞ն է»:

Մինչ պատգամավորները բանավիճում էին, թե ինչպե՞ս են որոշելու՝ որ անունն է ասոցացվում այս կամ այն կուսակցության, քաղաքական ուժի անվանման հետ, Դավիթ Հարությունյանը համացանցում որոնեց ու գտավ, թե, օրինակ, «Լուսավոր Հայաստանի» անվան հետ ինչ հիմնադրամներ են կապվում՝ «Լուսավոր Արարատ», «Լուսավոր քաղաք», «Լուսավոր Ջերմուկ» եւ այլն:

Վիգեն Սարգսյանը ճշտեց՝ կապ ունե՞ք այդ հիմնադրամների հետ, պարոն Մարուքյան: Մարուքյանն էլ արձագանքեց՝ Հանրապետական մարզադաշտ էլ կա, Հանրապետական հիվանդանոց եւ այլն, հետո՞ ինչ:

Սերգեյ Բագրատյանի խոսքով՝ ՀՅԴ-ի առաջարկը նույնն է, թե ամրագրեն օրենքով, որ եթե դաշնակցությունը որեւէ երկրում ահաբեկչություն է արել, ՀՅԴ-ն չպետք է որեւէ ընտրություններին մասնակցի. «Նույն ձեւ էլ պիտի ասեմ՝ ՀՀԿ-ն եթե կոռուպցիայի հետ է ասոցացվում, պիտի չմասնակցի ընտրություններին: Օրենքով ամրագրված դրույթ կա, բերիք սարքեցիք…Չհասնենք էս աստիճանի, էլի, բավարարվենք օրենքով մենք կմտնենք թյուրիմացությունների գիրկը, սա մեզ բան չի տալիս, դուք տանում եք ավելի շատ ֆետիշացման»:

Ռուստամյանն ասաց՝ «Հայ օգնության ֆոնդ» կա, եթե ՀՅԴ-ն մասնակցի այդ անունով, նորմա՞լ է: Բագրատյանն ասաց՝ նորմալ չի, այդ ֆոնդը գործում է հազար տարի: Ռուստամյանն էլ հակադարձեց՝ «Ինչի՞ նորմալ չի, որովհետեւ ՀՅԴ-ն է՞: ՀՅԴ-ն էլ կա հազար տարի»:

Մարուքյանն ասաց, որ խոսքը սարեր-ձորեր չգցեն, բոլորն էլ գիտեն, որ Հայաստանում կան հեղինակություն ունեցող անձինք, ովքեր մեծ բարեգործներ են, այդ անձանց անուններով չեն կարող դաշինքներ գրանցել, սա է տրամաբանությունը, այդքան բան:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031