Քիչ առաջ «Սասնա ծռերի» գործով դատավոր Մեսրոպ Մակյանի որոշմամբ կալանքից ազատ արձակվեց զինված խմբի գործով մեղադրյալներից Էդվարդ Գրիգորյանը (լուսանկարում): Դատարանի որոշման հիմքում այսօր ներկայացված պատգամավորական երաշխավորագիրն է:
Ավելի վաղ դատարան էին ներկայացել ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը եւ Վահե Էնֆիաջյանը եւ համապատասխան փաստաթղթով երաշխավորել, որ Էդվարդ Գրիգորյանը գտնվելով ազատության մեջ՝ չի խոչընդոտի դատաքննությանը եւ պատշաճ կներկայանա նիստերին:
Ըստ այդմ, Էդվարդ Գրիգորյանն ազատ արձակվեց անմիջապես նիստերի դահլիճից, ողջագուրվեց խմբի՝ կալանքից ազատված մյուս անդամների, նաեւ՝ Ժիրայր Սեֆիլյանի, Ալեք Ենիգոմշյանի, Գեւորգ Սաֆարյանի հետ:
Լրագրողների հարցերին Էդվարդ Գրիգորյանը պատասխանել չցանկացավ:
https://www.facebook.com/aravot.am/videos/2061501527201685/
Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը 2016թ. գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամներից մեծ մասն ազատության մեջ է: Էդվարդ Գրիգորյանն էլ մեղադրվում է պատանդ վերցնելու և պահելու, ապօրինի հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, նաեւ՝ ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու համար:
Առաջիկա նիստում՝ մեկ շաբաթ անց, կշարունակվի այս գործով տուժողների հարցաքննությունը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ