Այս զորակոչին առաջին անգամ կգործի ԾՀՕԿ-ը՝ ծառայության հեշտացված օրվա կարգացուցակը, որը որոշակի առողջական խնդիրներ ունեցող զինծառայողների համար նախատեսում է ոչ սովորական՝ հեշտացված ծառայություն: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի կազմզորահավաքային վարչության պետ Կամո Քոչունցը:
Նա հստակեցրեց, որ թերքաշ ունեցող՝ 43-45կգ կշռող զինծառայողներն այսուհետեւ կծառայեն զորամասերի անցագրային կետերում՝ պահպանություն իրականացնելով: Նախկինում, ինչպես Քոչունցը նշեց, 45 կգ քաշ ունեցողները զորակոչվում էին եւ սովորական ծառայություն էին անցնում:
«Իսկ հիմա թերքաշ, ինչպես նաեւ՝ գերքաշ ունեցողները վեց ամիսը մեկ կներկայանան ռազմաբժշկական հանձնաժողովի նիստին, եւ եթե նրանց առողջության առնչությամբ փոփոխություններ լինեն, հանձնաժողովը համապատասխան որոշումներ կկայացնի»,-նշեց նա:
Կամո Քոչունցի փոխանցմամբ՝ այդ զինծառայողների մարտական պատրաստության ծրագիրը եւս փոփոխված է իրականացվելու: «Նրանց ֆիզիկական ծանրաբեռնվածությունն ավելի պակաս է լինելու, որպեսզի առողջությանը վնաս չհասցվի,-տեղեկացրեց նա:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ