Լրահոս
Օրվա լրահոսը

Խորհրդարանի վերահսկողական գործառույթի մեծացում, ոստիկանապետին կից հասարակական խորհրդի ստեղծում. Արցախի ԱԺ քննիչ հանձնաժողովի եզրահանգումը

Հուլիս 04,2018 15:28

Արցախում ԱԱԾ աշխատակիցների և մի քանի քաղաքացիների միջև տեղի ունեցած ծեծկռտուքի և դրան հաջորդած ցույցերի առիթով՝ հունիսի 4-ին Արցախի խորհրդարանում ստեղծվել էր քննիչ հանձնաժողով՝ զբաղվելու վերջին շրջանում հանրային հնչեղություն ստացած հարցերի ուսումնասիրությամբ: Այսօր հանձնաժողովը հանդես եկավ միջանկյալ զեկույցով:

«Մենք նախ ուսումնասիրել ենք հանձնաժողովին ուղղված բանավոր, այնուհետև նաև գրավոր դիմումները: Բացի այդ կազմակերպել ենք նաև քաղաքացիների հետ հանդիպումներ, և պետք է նշեմ, որ ուսումնասիրելով քաղաքացիների կողմից հնչեցված տեսակետները, եկել ենք այն եզրահանգմանը, որ դրանց մի մասը համապատասխանում է իրականությանը»,- նշեց հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաբեկյանը:

Ըստ նրա՝ ինչքան էլ փորձեր արվեն վերջին իրադարձությունները կապել զուտ կենցաղային վեճերի հետ, այնուամենայնիվ պետք է նկատել, որ իրավապահ ոլորտում առկա են որոշակի օրենսդրական, կառուցվածքային և կադրային խնդիրներ, որոնք կուտակվել են տարիների ընթացքում:

Է. Աղաբեկյանը հայտնեց, որ քննարկումների արդյունքում եկել են այն եզրահանգմանը, որ պետք է «Շուշի» քրեակատարողական հիմնարկի ժամանակավոր պահման մեկուսարանի վերահսկման գործառույթը ոստիկանության համակարգից հանել և տալ արդարադատության համակարգին:

«Անհրաժեշտ է նաև խորհրդարանի վերահսկողական գործառույթի կարգավիճակը մեծացնել, քանի որ խորհրդարանի վերահսկողության այն մակարդակը, որը ունենք գործադիրի նկատմամբ՝ ոչ բավարար է: Բացի այդ խոշտանգումների վերաբերյալ օրենսդրական դաշտի չափանիշները թերի են և պետք է այն համապատասխանեցնել արդի չափանիշներին»,- ընդգծեց Էդուարդ Աղաբեկյանը՝ հավելելով, որ կարիք կա նաև ոստիկանապետին կից ստեղծել հասարակական խորհուրդ:

Ամփոփելով ելույթը՝ հանձնաժողովի նախագահը նշեց, որ քաղաքացիների կողմից տրված դիմումների և ինչպես քաղաքացիների հետ ունեցած բոլոր հանդիպումների հիման վրա կազմված արձանագրությունները ուղարկվել են դատախազություն, որպեսզի տրվի համապատասխան ընթացքավորում:

Դավիթ ԱԲԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031