Լրահոս
Օրվա լրահոսը

Մարինա Խաչատրյան. Հայաստանի տարածքում գործող բազմաթիվ բաց հանքերը՝ էկոլոգիական աղետի և ուռուցքների առաջացման ու տարածման հարցում կարևոր դերակատարություն ունեն

Հուլիս 04,2018 15:08

Հայ ժողովրդի պատմությունը համատարած փորձություն է`

գոյատևման փորձություն

ՖՐԻՏՅՈՖՆԱՆՍԵՆ

 

Երկրի բնակչության առողջական վիճակը և գործող առողջապահական համակարգը տվյալ երկրի համար ունեն կարևոր ռազմավարական նշանակություն։ Այն պետությունները, որոնք հոգ են տանում իրենց բնակչության առողջության մասին ՝ հնարավորություն են ստանում դառնալու զարգացած, ուժեղ և թելադրող պետություն։ Ի հակադրումն դրան՝ այն երկրները, որտեղ բժշկական ոլորտը վերածում են բիզնես-օտկատ-շուկայի, երբևէ չեն կարող ունենալ կայուն դիրք և հարգանք այլ պետությունների կողմից։ Դեռ ավելին՝ շահամոլ-փնթիները վտանգում են տվյալ երկրների գոյությունը։

Երբ աշխարհի տիտանները նպատակադրվում են վերացնել ինչ-որ երկիր և ազգություն, նրանք առաջին հերթին ձեռնամուխ են լինում այդ երկրի բնակչության առողջության «գլխատմանը»։

Այս ենթատեքստում կրկին հիշենք մի քանի ամիս առաջ Հայաստանի Հանրապետությունում ԳԱՎԻ հիմնադրամի և ՀՀ կառավարության հանցավոր փոխհամաձայնությամբ՝ միայն 13 տարեկան 16 հազար աղջիկ երեխայի պատվաստման ծրագիրը՝ Գարդասիլ-4 պատվաստանյութով։ Բարեբախտաբար, Համընդհանուր Ընդվզման և բնակչության իրազեկման շնորհիվ այս հրեշավոր ծրագիրը տապալվեց։

Բազմաթիվ են հրապարակումներն այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունը աշխարհի մասշտաբով զբաղեցնում է առաջատար հորիզոնական այլ հիվանդությունների թվում նաև ուռուցքների տարածվածության հարցում։

Ուռուցքային հիվանդությունների պատճառները բազմազան են։ Պատճառների թվում առաջին հորիզոնականում են գտնվում էկոլոգիական անբարենպաստ պայմանները, ճառագայթումը, ծխելը, թունավոր նյութերի ազդեցությունն օրգանիզմի վրա, մարդու իմուն համակարգի նորմալ գործունեության խանգարումը։

Ըստ 2017 թվականի հոկտեմբերին հրապարակված տվյալների, Հայաստանի Հանրապետությունում ըստ տարածվածության ցուցանիշների՝ առաջին տեղում է թոքի, երկրորդում՝ կրծքագեղձի քաղցկեղը։ 2015-2016 թվականներին մեր երկրում գրանցվել է թոքի քաղցկեղի 1311 առաջնային դեպք, իսկ կրծքագեղձի քաղցկեղի՝ 1039 առաջնային դեպք։ Անհրաժեշտ ենք համարում նշել նաև, որ բազմաթիվ են չախտորոշված դեպքերը, երբ քաղաքացիները տարբեր դրդապատճառներից ելնելով չեն դիմում բուժհաստատություններ՝ հետազոտման նպատակով։

Կարող ենք փաստել, որ էկոլոգիական անբարենպաստ պայմանները հատկապես կարևոր են մեր բնակչության առողջական վիճակի համար։ Ի թիվս այլ գործոնների՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բազմաթիվ բաց հանքերը՝ էկոլոգիական աղետի և ուռուցքների առաջացման ու տարածման հարցում կարևոր դերակատարություն ունեն։

Վերջին շաբաթների ընթացքում մեծ աղմուկ հանած Ամուլսարի շահագործումը հատկապես վտանգում է մեր քաղաքացիների առողջությունը, որոշ դեպքերում՝ նաև կյանքը, քանի-որ, ըստ բազմաթիվ հետազոտությունների, բացվելու է ոչ միայն ոսկու, այլ նաև ուրանի հանք, ինչը հզոր ճառագայթային ֆոն է ստեղծելու տարածաշրջանում։

Շատերն են խոսել հանքի թթվային դրենաժների և ցիանիդով ոսկու վերամշակման խնդրի մասին։ Անձրևաջրերը և ձնհալի հետևանքով գոյացած ջրերը, լցվելով գետերի հուն և հասնելով Սևանա լիճ, իրենց հետ հանքից դեպի մեր Կապույտ ադամանդ են բերելու թունաքիմիկատներ։ Հասկանալի է դառնում, որ հայ ժողովուրդը շուտով զրկվելու է խմելու ջրից։ Իսկ Սևանա լճում և մի շարք գետերում վերանալու են բոլոր ձկնատեսակները։ Ի տարբերություն ամեն ինչին դիմակայող հայ ժողովրդի՝ կենդանական և բուսական աշխարհը չի կարողանա դիմակայել այսպիսի էկոլոգիական «եղեռնի»։ Այն մարդիկ, ովքեր անցել են «Մութ ու լույսի» դժնի տարիները, լավ են հիշում, որ այդ տարիներին մեր հիմնական սննդի աղբյուրը Սևանի ձկնապաշարն էր։ Հետևապես՝ Ամուլսարի շահագործումը վերացնելու է նաև արտակարգ իրավիճակներում մեր ազգին սնող ձկան պաշարները։

Դեռ ավելին՝ Արարատյան դաշտավայրը ոռոգվում է Սևանա լճի ջրով։ Ակներև է, որ մենք կկորցնենք նաև Արարատյան դաշտավայրը՝ այն թունավորելով և անապատացնելով։

Ամուլսարի տարածաշրջանում շատ են քամիները, որոնք դեպի Ջերմուկ և շրջակա մյուս գյուղեր են հասցնում փոշի և վնասակար այլ նյութեր։ Ջերմուկը, որպես առողջարանային նշանավոր գոտի,կանգնած է իր բազմամյա համբավը կորցնելու վտանգի առջև:

Նշենք, որ հանքավայրում իրականացվող շինաշխատանքների պատճառով, քամու հետևանքով՝ Ջերմուկ քաղաքը հայտնվում է ախտածին փոշու մեջ, իսկ տեղումների ժամանակ ականատես ենք լինում ցեխախառն, ժանգագույն անձրևի։

Վերադառնալով էկոլոգիական աղետի ազդեցությանը՝ մեր բնակչության առողջական վիճակի վրա, հասկանալով Ամուլսարի շահագործման դեպքում աղետի ահռելի չափերը և անդառնալի հետևանքները, փաստելով Հայաստանի Հանրապետությունում նորագոյացությունների հանդիպման սրընթաց հաճախացումը՝ անթույլատրելի է աչք փակել, լռել կամ որևէ արդարացում գտնել Ամուլսարի հանքավայրի շահագործման շարունակման համար։

Պարոնա՛յք՝ ոսկի փնտրող օֆշորիստներ,

 

մեր երկիրը հանքավայր չէ Ձեզ համար,

մեր բնությունը Ավգյան ախոռ չէ Ձեզ համար,

մեր ժողովուրդը փորձադաշտ չէ Ձեզ համար,

մեր առողջությունը բիզնես չէ Ձեզ համար։

 

Հեռո՛ւ պահեք Ձեր պիղծ ձեռքերը մեր Հայրենիքից, այլապես՝ մենք ստիպված կլինենք դրանք ենթարկել անդառնալի վիրաբուժական կարճացման։

 

Այն ազգը, որը չի ուզում մահանալ, երբեք չի մահանա!

 ԱՆԱՏՈԼ ՖՐԱՆՍ

 

Մարինա Խաչատրյան

Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ

Բժիշկ-նյարդավիրաբույժ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031