Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրք պրոֆեսոր. Հայաստանում ժողովրդավարության և ազատության քամիներ են փչում

Հուլիս 04,2018 14:57

Թուրք անվանի ցեղասպանագետ, Հայոց ցեղասպանությանը նվիրված իր աշխատություններով հայտնի Թաներ Աքչամը Երևանում մասնակցել է իր գրքերի՝ հայերեն և անգլերեն թարգմանությունների առթիվ կազմակերպված մի շարք միջոցառումների։

Թուրքիայի հայկական «Ակoս» թերթի գլխավոր խմբագիր Էդուարդ Տանձիկյանի հետ զրույցում Աքչամն ընդգծել է, որ իր բոլոր աշխատությունները, բացառությամբ երկուսի, արդեն թարգմանվել են հայերեն։ Իսկ նշված երկու գրքերի՝ «Kanunların ruhu» և «Naim Efendi Hatıratı» հայերեն թարգմանության համար այցի ընթացքում նախնական համաձայնություններ են ձեռք բերվել։

Աքչամը անդրադարձել է նաև իշխանափոխությունից հետո հայաստանյան ներքաղաքական զարգացումներին։ Նա այսօրվա Հայաստանը համեմատել է Աստերիքսի և Օրբելիքսի գյուղի հետ, որը ոչ մի կերպ չէր կարողանում զավթել ողջ աշխարհը նվաճած Հռոմեական կայսրությունը։

«Հայաստանն էլ աշխարհի հսկա քարտեզի վրա մի հրաշալի կղզյակ է, որ տարբերվում է ողջ աշխարհից՝ Ռուսաստանից, Թուրքիայից, Եվրոպայից, ԱՄՆ-ից, որտեղ քաղաքականությունը մեծ չափով պայմանավորված է ազգայնամոլական, ռասիստական, ավտորիտար և տոտալիտար հոսանքներով։ Հայաստանում ժողովրդավարության և ազատության քամիներ են փչում»,- նկատում է Աքչամը։

Անդրադառնալով ՀՀ նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանի օրոք երկրում ամեն օր մեծ հնչեղությամբ պայթող կոռուպցիոն սկանդալային բացահայտումների թեմային՝ ցեղասպանագետը նշել է․

«Երբ ես լսեցի այդ մասին, ուզում էի մի վերլուծություն գրել՝ «Այն, ինչ չհաջողվեց անել Քըլըչդարօղլուին» խորագրով։ Պարզվում է՝ Փաշինյանը ոգեշնչվել է Քըլըչդարօղլուի «արդարության երթից» և ընդօրինակել է այդ մոդելը։ Փաստորեն, Թուրքիայում կիրառված որոշ քաղաքացիական ըմբոստության միջոցներ ընդօրինակվել են։ Սակայն նկատելի է, որ Թուրքիայում Քըլըչդարօղլուն Փաշինյանի չափ քաղաքական համարձակություն չուներ և հավանաբար վախենում էր փոփոխություններից»։

Հայաստանյան այցի ընթացքում Աքչամը բացի մշակութային միջոցառումներից հանդիպումներ է ունեցել նաև ՀՀ արտգործնախարար Զոհրապ Մնացականյանի և մի շարք այլ գործիչների հետ։

Աղբյուր`  Agos

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031