ՊՊԾ գնդի գրավման գործով այսօր որպես վկա հարցաքննվեց տուժող ճանաչված Խաչատուր Մուրադյանը, որը պարեկապահակետային գնդի ծառայող է եւ դեպքի օրը եղել է աշխատանքի մեջ: Պատմեց, որ միջադեպի օրը՝ լուսադեմին, գնդի դարպասը «պառկած» է եղել գետնին, եւ ներս է մտել «Կռազ» մակնիշի բեռնատար, ինքն էլ վազել է բակ:
«Զինված մարդիկ մտան տարածք: Թաքնվեցի արձանի հետևում: Նրանք գոռում էին, որ կանգնեմ, թե չէ կկրակեն»,-պատմեց Խաչատուր Մուրադյանը: Հետո, իր խոսքով, խմբի անդամներից երկուսը նրան տարել են զինանոցի դռան մոտ ու պահանջել բացել դուռը, բայց ինքն ասել է, որ բանալին իր մոտ չէ:
«Հետո տեսա օգնականիս՝ վիրավորվել էր, ընկել գետնին: Ուզեցա օգնեմ, բայց ասացին, որ գործ չունենամ: Էլի պահանջեցին բանալիները: Վերցրեցի բանալիները, բայց ուզում էի ժամանակ ձգեմ, որ դուռը չբացեմ, բայց Մխիթար Ավետիսյանն ինձ հարվածներ տվեց: Այդ ժամանակ լսեցի, որ խմբի անդամներից մեկն ասում էր՝ «արեք սրան սատկացնենք, էսի մարդ չի»: Հիշում եմ, որ Պավլիկ Մանուկյանն այդ ժամանակ հրահանգել էր ինձ ձեռք չտալ: Հետո իրենք մտել էին զինանոց, բայց չգիտեմ՝ ո՞նց էին դուռը բացել»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
(լուսանկարում՝ զինված խմբի անդամներ Պավլիկ Մանուկյանն ու Մխիթար Ավետիսյանը)