Լրահոս
Օրվա լրահոսը

Տպավորություն ունեմ, որ այդ տեքստը գրվել է ինչ-որ կուսակցության գրասենյակում. Վիկտոր Սողոմոնյան. «Ժողովուրդ»

Հուլիս 04,2018 14:52

«Ժողովուրդ» օրաթերթի հարցուպատասխանը ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի հետ: 

– Պարոն Սողոմոնյան, ՀՔԾ-ն երեկ հետախուզում հայտարարեց ՊՆ նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ և նույնիսկ նրան կալանավորելու որոշում կայացրեց: Նաև հայտարարվեց, որ Ռոբերտ Քոչարյանին հարցաքննության են հրավիրում «Մարտի 1-ի» գործով: Մեր թերթին արդեն ասել եք, որ Քոչարյանը չի խորշելու պատասխանել քննիչների հարցերին: Բայց ընդհանուր առմամբ` որքա՞ն է այս ամենը անհանգստացնում ձեզ: Չունե՞ք արդյոք որոշակի մտավախություններ այն տեսանկյունից, թե ինչպես կավարտվի այս գործընթացը:

– ՀՔԾ երեկվա հաշտարարությունից հետո ստիպված եմ երկու պատասխան տալ Ձեր հարցին: Եթե խոսք է գնում խնդիրները իրավական դաշտում քննարկելու ու լուծելու մասին, ապա չկա Ռոբերտ Քոչարյանի անվան հետ առնչվող որևէ հարց, որը կանհանգստացնի մեզ: Ճիշտ հակառակը. “Մարտի 1-ի” գործի վերաբերյալ ցանկացած բացահայտման առաջին շահառուն Ռոբերտ Քոչարյանն է լինելու: Հանրահայտ է, որ տարիներ շարունակ այդ թեման շահարկվել է` չունենալով աղերսներ իրականության հետ: Դրա հիմնական նպատակն է եղել սևացնել նախագահ Քոչարյանի կառավարման օրոք արձանագրված բազմաթիվ հաջողությունները, ներկայացնել նրան «ամեն ինչի համար մեղավորի» կարգավիճակում: Ու բնական է, որ այդ թեման փակելու լավագույն միջոցը կամ նոր բացահայտումներն են, կամ էլ համապատասխան փաստերի ի հայտ չգալը` գոյություն չունենալու պատճառով: Այնպես որ, եթե խնդիրները` կրկնում եմ` քննարկվում ու լուծվում են իրավական դաշտում, ապա մենք անհանգստանալու ոչինչ չունենք, այլև ուրախ ենք ցանկացած բացահայտմանը:

Հիմա անդրադառնամ երկրորդ տարբերակին: Երեկվա ՀՔԾ հայտարարությունը «Մարտի 1-ի» գործում իբր նոր բացահայտումների մասին և դրան հետևած մեղադրանքները, ամբողջովին հանում են այս գործով քննությունը օրինականության դաշտից, իսկ ՀՔԾ վերածվում է օրվա իշխանության ձեռքի գործիքի: Բացատրեմ, թե ինչու: Նախ, խնդրո առարկա տեքստը ակնհայտորեն զուրկ է իրավական հիմքերից և իրավապահ մարմնի համար անթույլատրելի ձևակերպումներ է պարունակում: Տպավորություն ունեմ, որ այդ տեքստը գրվել է կամ ինչ-որ կուսակցության գրասենյակում, կամ էլ, օրինակ, «Հայկական Ժամանակ» օրաթերթի խմբագրությունում և համապատասխան հրահանգից հետո պարզապես տեղադրվել է ՀՔԾ կայքում: Պետական ինստիտուտների օրինական որոշումների և օրենսդրության վրա հղումներ կատարելու կամ դրանք հաշվի առնելու փոխարեն, ՀՔԾ-ն ինչ-որ գեղարվեստական ձևակերպումներ է առաջ բերում ու ծանրագույն մեղադրանքներ հնչեցնում: Մասնավորապես, ԿԸՀ որոշումների վրա հղումներ կատարելու փոխարեն տեքստի հեղինակները հղում են անում սեփական զգացմունքների և զգացողությունների վրա: Ահա այս ամենը, բնականաբար, լուրջ անհանգստության տեղիք է տալիս, անթույլատրելի է, կործանարար է մեր պետության համար և պետք է խստագույնս դատապարտվի: Ուրախ եմ, որ բազմաթիվ մասնագետ-իրավաբաններ արդեն բարձրաձայնում դրա մասին: Չեմ կարող նաև չնշել, որ ըստ էության արատավորվում է Հայաստանի ամենանշանավոր զինվորականներից մեկի անունը, որը շուրջ 26 տարի ծառայել է մեր հայրենիքին:

Նյութի մանրամասները կարդացեք «Ժողովուրդ»ի  կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031