Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ն հրաշք սարքեր է առաջարկում՝ ընտրությունների համար. նախկին ընդդիմադիրները հիշեցնում են՝ բա ձեր ժամանակ ինչի՞ չէիք դնում

Հուլիս 04,2018 14:34

Այսօր ԱԺ-ում Ընտրական նոր օրենսգրքի քննարկումների համար ստեղծված աշխատանքային խմբի առաջին նիստն էր, որին ՀՀԿ-ից մասնակցում էին Դավիթ Հարությունյանը, Վիգեն Սարգսյանը, Արփինե Հովհաննիսյանը:

Ինչպես տեղեկացրել ենք, ՀՀԿ-ն առաջարկեց կառավարությանը մասսայական ID քարտ տպել եւ արտահերթ ընտրություններին գնալ ID քարտերով:

Դավիթ Հարությունյանն ասաց, որ «կարուսել խախտումից մեզ հաջողվեց խուսափել ԱԺ ընտրություններում, ՏԻՄ ընտրությունների ժամանակ շարունակել են մնալ, պետք է մտցնել լրացուցիչ գործիք որը հնարավորություն կտա խուսափել նաեւ ՏԻՄ ընտրությունների ժամանակ կարուսելից»:

Խոսելով ընտրատեղամասերում տեսախցիկների տեղադրման մասին՝ նա ասաց, որ իրենց իշխանությունը ուղիղ հեռարձակումը հաջողությամբ կյանքի է կոչել:

«Ելքի» պատգամավոր Լենա Նազարյանը հարցրեց՝ ի՞նչ են եղել 12 հազար տեսախցիկները, ԿԸՀ-ում չեն: Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ ԿԸՀ-ում դրանք չեն էլ եղել. «Դրանք կառավարության բալանսում են եղել, կազմակերպել ենք, հավաքել ենք այն ժամանակ»: Լենա Նազարյանը զարմացավ, այսինքն, ՊՆ-ին է տրվել, այլ կառույցների, պետք է հետ հավաքենք, որ ունենա՞նք: Այդտեղ ՊՆ նախկին նախարար Վիգեն Սարգսյանն արձագանքեց՝ «խորհուրդ չեմ տալիս ՊՆ-ից հավաքել»:

Դավիթ Հարությունյանն ասաց, որ այն ժամանակ կառավարությունը իր վրա վերցրեց, ասաց՝ ես կյանքի կկոչեմ ու արեց, հիմա շատ կարեւոր է, որ այս կառավարությունը վստահության այդ մակարդակը չնվազեցնի:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ասաց, որ դա շատ կարեւոր մեխանիզմ է՝ թափանցիկությունն ապահովելու համար: Տեսախցիկների շնորհիվ անվավեր են համարվել տեղամասում ընտրությունների արդյունքները:

Դավիթ Հարությունյանը մեկ առ մեկ «բացահայտեց», թե ինչ խախտումներ են լինում ու ինչպես դրա դեմը կարող է առնել այս իշխանությունը, այնքան լավ բացատրեց բոլոր մեխանիզմները, թե ինչպես են ընտրողներին հոգեբանորեն ճնշել, վերահսկել: Նրա խոսքով՝ «Քվեաթերթիկի վրա նշում է լինում, երբ ակնհայտ չէ, թե դա ինչ նշում է, օրինակ, ընտրողին ասում են, որ քվեաթերթիկը այս անկյունում մի թեթեւ կծալես, որ մենք հետո ստուգենք: Պարզ է, որ հետո ոչ ոք ի վիճակի չէ դա ստուգելու, բայց դա հոգեբանական ճնշում է ընտրողի վրա: Երկրորդ հարցադրումն այն է, որ եթե քվեաթերթիկները անսահմանափակ են, արդեն քվեարկած քվեաթերթիկը տալիս ես, ասում ես, դու ունես ուղիղ 3 վայրկյան քվեախցիկում լինելու, եթե անցնում է ժամը, ուրեմն մեր քվեարկած քվեաթերթիկը միանգամից չես գցել…Ես երկար մտածել եմ սրա դեմ պայքարի համար»:

Դավիթ Հարությունյանը ավտոմատ մի համակարգի մասին պատմեց՝ ասելով, որ սարք կա, որը էլեկտրոնային եղանակով ընտրողի հրահանգով ապակու տակ ցուցադրում է այն կուսակցության քվեաթերթիկը, որը ուզում է ընտրողը եւ ընտրելու դեպքում նոր տպում է այդ քվեաթերթիկը: Նա պատմեց, թե ինչ հրաշալի սարքեր են դրանք, ինչ լավ են աշխատում, ինչպես են հեշտացնում վատ տեսնողների, վատ լսողների գործը, մինչդեռ հիշեցնենք, որ նախորդ ընտրություններին ՀՀԿ-ն այդ ընտիր սարքերը թողած՝ լայնորեն կիրառում էր «օգնողների» հայտնի մեխանիզմը:

Դավիթ Հարությունյանն ասաց. «Առաջարկում եմ այս ուղղությամբ մտածել՝ օգտագործելով դոնորների պատրաստակամությունը: Այն անձինք, որոնք վատ տեսողություն, վատ լսողություն ունեն, քվեարկում են այդ սարքով, սարքն ունի ականջակալներ, հերթով թվարկում է բարձրաձայն ականջակալներում, թե որ կուսակցությանն է ընտրել, նոր սեղմում է կոճակը: Ես խոսում եմ իրական սարքի մասին, որը ՀՀ բերել ենք ժամանակին, նայել ենք…»:

«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հարցրեց՝ շատ լավ առաջարկներ են, որ դուք էն ժամանակ չեք արել հերթական ընտրության ժամանակ, մենք հիմա արտահերթին ո՞նց ենք անելու: Նա հարցրեց՝ ինչքա՞ն գումար է պետք այդքան մարդու վերապատրաստելու, սարքերից օգտվել սովորեցնելու եւ այլնի համար:

Վիգեն Սարգսյանն ասաց, որ այդ համակարգի չներդրման պատճառը ոչ թե դրա արժեքն է եղել ժամանակին, այլ բոլոր միջազգային փորձագետների կարծիքը, որ ավտոմատացումը ընտրությունների պետք է լինի փուլային, այլապես անորոշությունը ընտրողի համար շատ մեծ է լինում. «Այդ համակարգը նաեւ թույլ է տալիս ժամը 8-ին ամփոփել արդյունքները, արագ հաշվարկ կատարելու տեխնիկական լուծում է: Սա շատ լուրջ առաջընթաց կլինի: Քվեարկության լավ ձեւաչափ է, որը բազմաթիվ խախտումներից, նշումներից, թուղթը ծալելուց զերծ է պահում»: Վիգեն Սարգսյանը նշեց, որ դա ավելի էժան էր, քան գրանցման համակարգերի սարքը, որը ներդրվեց նախկին ԱԺ ընտրություններին:

«Ծառուկյան» դաշինքից Սերգեյ Բագրատյանն ասաց, որ եթե համամասնական փակ ցուցակն է ընտրվում, մի քվեաթերթիկ են դնում ծրարի մեջ ու գրիչի, մյուս խախտումների տարբերակը բացառվում է: Նրա համար անհասկանալի էր, թե ի՞նչ կապ ունի քվեաթերթիկը ծալելը, նման խնդիր իրենք նախորդ ընտրություններին չեն նկատել: Ի պատասխան՝ Դավիթ Հարությունյանը հայտարարեց. «Այդ խախտումը ՀՀ-ում օգտագործվել է մասսայաբար»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031