Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ն առաջարկում է մասսայական ID քարտ տպել՝ նոր ընտրությունների համար ու փող ճարելու տեղն էլ է ասում

Հուլիս 04,2018 14:10

Այսօր ԱԺ-ում Ընտրական նոր օրենսգրքի քննարկումների համար ստեղծված աշխատանքային խմբի առաջին նիստն էր, որին ՀՀԿ-ից մասնակցում էին Դավիթ Հարությունյանը, Վիգեն Սարգսյանը, Արփինե Հովհաննիսյանը: Նիստի սկզբում որոշեցին, թե արտախորհրդարանական ուժերին ինչպես, ինչ սկզբունքով ներգրավեն քննարկումների մեջ: Նախ, պիտի այս հանձնաժողովը մշակի իր նախագիծը, հետո այն համադրեն կառավարության նախագծի հետ եւ մի միասնական նախագիծ դարձնեն:

Վիգեն Սարգսյանն ասաց. «Արտախորհրդարանական ուժերի հետ կապված շատ կարեւոր է տարբերակել այն ուժերին, որոնք մասնակցել են վերջին խորհրդարանական, նախագահական ընտրություններին եւ այն քաղաքական ուժերին, որոնք ուղղակի ակումբեր են գրանցված եւ երբեւէ քաղաքական գործընթացի չեն մասնակցել: Որովհետեւ գոնե երկու ընտրությունների մասնակցության ընթացքը արդեն թույլ է տալիս գնահատել իրենց ռեալ ներգրավվածությունը քաղաքականության մեջ»: Տեխնիկական հարցերը կարգավորելուց հետո անցան բուն օրենսգրքի քննարկմանը:

ՀՀԿ-ն առաջարկ արեց մատնահետքերի համաժամանակյա ցանց կիրառելու մասին: «Ելքից» հիշեցրին, որ վերջին ընտրություններում մատնահետքերով գրանցող այդ սարքը շատ ժամանակ չէր ընդունում մատնահետքը. «Եթե մենք ունենայինք բոլորի մատնահետքը, կարող էինք բոլորին հավաքել ու տեսնել՝ արդյոք կա կրկնաքվեարկություն»:

Դավիթ Հարությունյանն ասաց, որ ուղղակի վերցրել է կառավարության ծրագրի դրույթը եւ շարունակելու է դա պնդել այնքան ժամանակ, քանի դեռ այլ համարժեք դրույթ չի առաջարկվել. «Քանի որ այդ սարքերը, որոնք ունենք, հնարավորություն ունեն չիպ ընթերցելու, եկեք մասսայական ID քարտեր բնակչությանը տրամադրենք: Այն մտահոգությունը, որ հնարավոր չի կարճ ժամկետում տալ ID քարտ, հիմնավորված չէ, քանի որ այլ երկրներ շատ կարճ ժամկետում արել են դա»:

Մարուքյանը հարցրեց՝ ունե՞ք հաշվարկ, թե որքան գումար է անհրաժեշտ դրա համար: Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ ժամանակին իրենք դժգոհ էին այն ընկերությունից, որը տպագրում էր այդ քարտերը, մրցութային փաթեթն էր պատրաստ, որ միջազգային մրցույթ հայտարարվեր, նախաորակավորումն արվել էր, որից հետո տեղյակ չի, թե գործընթացն ուր է հասել: Դավիթ Հարությունյանը գումարի տեղն էլ ասաց. «ԵՄ-ն ուներ աջակցություն ՀՀ-ին, կախված այն բանից, թե քանի ID քարտ կտա ՀՀ-ն իր քաղաքացիներին: Սա ֆինանսական աղբյուր է, նաեւ հնարավոր է, որ ունենանք դոնորներ, այն ուժերը, որոնք պնդեն, որ չէ, գնանք ID քարտերով, եւս ֆինանսավորեն: Սա հուշում է կառավարությանը՝ որտեղ կա փող: Եթե չի ուզում կառավարությունը, չասեմ էդ առաջարկությունը»:

Սերգեյ Բագրատյանը հարցրեց՝ բա նախկին ընտրությունների համար ինչու չարվեց՝ Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Դժգոհ էինք, չէինք ուզում նախկին ընկերությանը սնել, հետո եղավ նախաորակավորում: Մենք ուզում էինք նոր նմուշի ID քարտ: Իսկ սա կարող է լինել շանս՝ բոլորին ապահովելու ID քարտերով»:

ՀՀԿ-ի մյուս առաջարկները կներկայացնենք ավելի ուշ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031