Լրահոս
Օրվա լրահոսը

Հյուրանոցի փոխարեն՝ արտառոց թանգարան. Նախարար Մակունցի՝ գյումրիանպաստ որոշումը

Հուլիս 04,2018 13:59

Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը մայիսի 27-ին գրություն էր ուղարկել ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցին՝ առաջարկելով Գալուստ Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոցի նախկին շենքը տրամադրել Շիրակի երկրագիտական թանգարանին։ Այս հիվանդանոցի օպտիմալացումից հետո «Կումայրի» արգելոցի տարածքում գտնվող շենքը մի քանի տարի է՝ դատարկ է, և շատերը աչք ունեին դրա վրա։ Խոսակցություններ էին շրջանառվում, որ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի՝ Գյումրու կենտրոնը տուրիստական գոտու վերածելու ծրագրով պատրաստվում են հանձնել մասնավոր անձի՝ շքեղ հյուրանոց դարձնելու նպատակով։ Մինչ Կարեն Կարապետյանի պաշտոնավարումն էլ կառավարության նախկին անդամները հաճախակի էին այցելում այս շենք՝ հասկանալու, թե ի՞նչ նպատակի կարելի է ծառայեցնել։

Լևոն Բարսեղյանի առաջարկից հետո Լիլիթ Մակունցն իր երկու տեղակալների հետ այցելեց Գյումրի՝ եղավ երկրագիտական թանգարանում, ծանոթացավ պայմաններին, սեփական աչքով տեսավ, որ թանգարանը խղճուկ պայմաններում է, չի կարողանում ցուցադրել Շիրակի հարուստ պատմամշակութային ժառանգությունը, ցուցանմուշները խոնավ պայմանների պատճառով փչանում են։

Թանգարանից դուրս գալուց նախարարը հայտարարեց, որ շատ է ափսոսում փակված, իրար գլխի լցված ցուցանմուշների համար և նշեց, որ դեմ չէ այն Գյուլբենկյանի անվան հիվանդանոցի նախկին շենք տեղափոխելու գաղափարին։ Իր այցից կարճ ժամանակ անց նախարարը արդեն գործնական քայլ կատարելու ճանապարհին է։

Լևոն Բարսեղյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է մշակույթի նախարարի տեղակալ Տ. Գալստյանի՝ իր գրությանը ուղարկված պատասխանը.

«Հարգելի պարոն Բարսեղյան,

Ի պատասխան սույն թվականի մայիսի 27-ի Ձեր գրության՝ հայտնում ենք, որ ներկայում շրջանառվում է «Անհատույց օգտագործման իրավունքով անշարժ գույք հանձնելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը՝ Գյումրի քաղաքային համայնքի Ջիվանու փողոց 74 հասցեում գտնվող «Գ. Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոց» ՓԲԸ նախկին շենքն անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով «Շիրակի երկրագիտական թանգարան» ՊՈԱԿ հանձնելու վերաբերյալ»։

Այս պատասխանը մեծ ուրախություն է պատճառել գյումրեցի օգտատերերին, որոնք արդեն սկսել են միմյանց շնորհավորել։

Լևոն Բարսեղյանը, իր էջում տեղադրելով նախարարի տեղակալի իրեն հասցեագրված գրությունը, նշել է. «Գալուստի հոգեզավակները չհասցրին էս շենքն ուտել»։

Տևական ժամանակ է՝ Գյումրիում խոսակցություններ են շրջանառվում, որ Գալուստ Սահակյանի որդին՝ Արման Սահակյանը տեղի ՀՀԿ-ականներից մեկի հետ փորձում է ձեռք բերել քաղաքի հիվանդանոցների շենքերը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031