ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության նորանշանակ դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Շնորհավորելով ՌԴ դեսպանին նշանակման առթիվ՝ Արայիկ Հարությունյանը հույս է հայտնել, որ Սերգեյ Կոպիրկինն իր առաքելության ընթացքում կնպաստի կրթության և գիտության ոլորտում առկա ռազմավարական հարաբերությունների առավել խորացմանը և ընդլայնմանը: ԿԳ նախարարը նշել է, որ կրթության ոլորտը նոր կառավարության առաջնահերթություններից է և այդ համատեքստում ընդգծել է, որ արդեն կրթության տարբեր աստիճաններում նախանշվում են համագործակցության որոշակի ուղղություններ ու նախագծեր:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ՌԴ դեսպանը հավաստիացրել է, որ կներդնի առավելագույն ջանքերը՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև բարեկամական հարաբերությունները, ինչպես նաև գիտակրթական ոլորտում ռազմավարական փոխգործակցության շարունակականությունը ոչ միայն ապահովելու, այլև դրանք առավել զարգացնելու և խորացնելու ուղղությամբ:
Հանդիպմանն անդրադարձ է եղել ռուսերենի դասավանդման խնդրին՝ ԿԳ նախարարը նշել է, որ օտար լեզուների դասավանդման արդյունավետության բարձրացումը Հայաստանի կրթության ոլորտի առաջնահերթություններից է, միաժամանակ շեշտելով, որ իրականացվող համակարգային բարեփոխումները նպաստելու են դպրոցներում դասավանդվող բոլոր առարկաների որակի բարձրացմանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև միջին մասնագիտական և բարձրագույն կրթության ու գիտության ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացմանը վերաբերվող այլ հարցեր:
ՀՀ կրթության և գիտության նախարարություն