ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, որը 2008-ին զինված ուժերի գլխավոր շտաբի պետն էր, «Մարտի 1-ի» գործով կանչվել են հարցաքննության որպես վկա: Այսօր այս մասին կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը: Նա նշեց, որ Ռոբերտ Քոչարյանին ծանուցագիրն ուղարկվել է, սակայն ինքը չգիտի՝ հասել է, թե՝ ոչ:
Այս օրերին քաղաքից բացակայողների նկատմամբ հետախուզում հայտարարելու առնչությամբ էլ պարոն Խաչատրյանն ասաց. «Ես չեմ կարող գաղտնազերծել մեր գործողությունների հաջորդականությունը, դա քննչական տակտիկա է, որը չեմ ցանկանում բացահայտել»: ՀՔԾ ղեկավարն ասաց, որ Մարտի 1-ի հարցով կաշկանդված չեն, եւ «Մարտի 1-ի» բացահայտման հետ կապված՝ ով կարող է որեւէ ինֆորմացիա տալ, կանչվելու է հարցաքննության:
Սասուն Խաչատրյանը նշեց, թե ստուգվում է նաեւ այն վարկածը, որ բարձրաստիճան պաշտոնյաների թիկնազորի անդամներին «Մարտի 1-ին» ոստիկանական համազգեստ է տրամադրվել:
Պատասխանելով հարցին, թե մտավախություն չունի իր անձի ու ընտանիքի անվտանգության հետ կապված, ՀՔԾ ղեկավարն ասաց՝ «Ո՛չ, չունեմ մտավախություն: Եթե ամբողջ թիմն ազնիվ է, թիմն աշխատում է կոռուպցիան արմատախիլ անելու ու հանցագործությունները բացահայտելու ուղղությամբ, ապա այդ թիմի մեկ անդամին շարքից հանելն էֆեկտիվ չի լինի»:
Ինչ վերաբերում է Սեյրան Օհանյանին, ապա ՀՔԾ պետն ասաց, որ նպատակահարմար չի գտնում նախաքննության գաղտնիք հրապարակել եւ իրենց հետագա քայլերի մասին խոսել. «Այն, ինչ կատարվում է այս քրեական գործով եւ ընդհանրապես ՀՔԾ վարույթի բոլոր քրեական գործերով, տվյալները կհրապարակվեն այն ծավալով, որը չի վնասի քննությանը»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ