Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարարի խորհրդականը` մնջախաղի փառատոնի մասին. «Ֆինանսավորման առաջնահերթությունների խնդիրներ կան»

Հուլիս 04,2018 13:40

Երեւանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար, Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային փառատոնի հիմնադիր պրոդյուսեր Ժիրայր Դադասյանը Ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ այս տարի չի կայանալու Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային 7-րդ փառատոնը` ՀՀ մշակույթի նախարարության կողմից չֆինանսավորվելու պատճառով: Հարցազրույցներից մեկում էլ պարոն Դադասյանը նեղսրտել էր մնջախաղի թատրոնի շենքի հարցի առկախ լինելու մասին:

«2019 թվականի մայիսի 18-ին լրանում է Մնջախաղի թատրոնի 45-ամյակը, երազում էի, որ այդ առիթն օգտագործելով կանենք թատրոնի բացումը: Այսօր արդեն ինչ կլինի` տեղյակ չեմ, տարածքի հետ կապված խնդիրներ կան` ներքեւի հարեւանների` սեփականատերերի հետ խնդիրներ կան, որոնք պիտի լուծվեն: Կադաստրով թատրոնն ունի սեփականության վկայական, բայց ե՞րբ այն կդառնա թատրոն եւ ինչպե՞ս, որեւէ պատկերացում չունեմ: 20 տարի պայքարել եմ` բոլոր հնարավոր միջոցները կիրառել եմ, հիմնել փառատոն` փորձելով ուշադրություն հրավիրել մեր գործունեության վրա, արդյունքում հասանք նրան ու նորից կանգնեցինք կոտրած տաշտակի առաջ: Եթե հանկարծ չկառուցվի Մնջախաղի թատրոնի շենքը, մեծ հիասթափություն եւ ողբերգություն կլինի»,-ասել էր պարոն Դադասյանը, որի ղեկավարած թատրոնը վարձակալական հիմունքներով գործում է Պատանի հանդիսատեսի թատրոնի հարկի ներքո:

Aravot.am-ի հետ զրույցում թեմայի վերաբերյալ ՀՀ մշակույթի նախարարի խորհրդական Դավիթ Մաթեւոսյանը նշեց. «Շենքի վերաբերյալ ոչինչ ասել չեմ կարող, որովհետեւ դա իմ իրավասությունների շրջանակում չէ, դրանով քաղշին կոմիտեն է զբաղվում:

Ինչ վերաբերում է փառատոնին, դա ըստ էության իրենց գաղափարն է, իրենց հեղինակային իրավունքը, իրենք լիիրավ եւ լիազոր են կայացած փառատոնը իրենց գաղափարի արդյունք եւ հոգեզավակ դիտարկել: Պարոն Դադասյանի հետ խոսելիս ես հենց այդպես էլ ձեւակերպեցի:

Եթե չեմ սխալվում, փառատոնը երկու տարին մեկ պարբերականությամբ էր տեղի ունենում, սակայն անցյալ տարի այդ կարգը խախտվել էր, առաջին նախադեպն էր ամենամյա կերպով անցկացնելու: Այս տարի ֆինանսական միջոցներից ելնելով է նման որոշում կայացվել, գիտեք, որ բյուջեի ֆինանսավորման առաջնահերթությունների խնդիրներ կան»:

Դավիթ Մաթեւոսյանը նաեւ հավելեց. «Ցավոք սրտի, նախատեսված բազմաթիվ այլ բաներ կան, որոնք վերանայման են ենթարկվում, որովհետեւ ուղղակի գումար չկա»:

Ինչ վերաբերում է նման դեպքերում մրցույթի սկզբունքը կիրառելուն, այս մասին էլ նախարարի խորհրդականը հետեւյալն ասաց. «Եթե մարդն ունի գաղափար, նախագիծը ձեւավորել է, ուղարկում է նախարարությանը, որ դիտարկվի նպատակահարմարությունը, դա արդեն իսկ նշականում է մրցույթի ներկայացնել: Ամեն տարի այդ փառատոնը մրցույթի հայտը ներկայացրել է նախարարություն, հիմա, թե նախկինում առանձին բյուջետային տողով է եղել, թե ոչ, դրա մասին չէ խոսքը, այլ այն մասին, որ բոլոր մշակութային միջոցառումներն ամեն տարի նորովի են այդ հայտը ներկայացնում: Ես այդտեղ էլ որեւէ անհանգստության կամ խուճապի մատնվելու առիթ չեմ տեսնում: Շատ ցավում եմ, որ իրոք կայացած մշակութային երեւույթը, փառատոնն այս տարի տեղի չի ունենա, բայց նաեւ շատ ու շատ բաներ էլ տեղի չեն ունենալու»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 Լուսանկարում` Ժիրայր Դադասյանը Գրիգոր Քոչարի 21 հասցեում գտնվող շենքի մոտ, որտեղ պետք է լիներ մնջախաղի թատրոնը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031