Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՕԵԿ մարզային այցելությունների ժամանակ քննարկվում է նաեւ նոր գրասենյակներ բացելու հարցը. «Հրապարակ»

Հուլիս 04,2018 12:42

ՕԵԿ վերնախավը, մասնավորապես՝ Արթուր Բաղդասարյան, Հեղինե Բիշարյան, Մհեր Շահգելդյան, օրերս այցելել է Գյումրի, կուսակցության տարածքային կառույցի հետ քննարկել աշխատանքների կազմակերպման, հետագա ամրապնդման եւ այլ խնդիրներ: Նախօրեին էլ Բաղդասարյան-Բիշարյան-Շահգելդյան «տրիոն» նույն առաքելությամբ այցելել է Ստեփանավան, հանդիպել տեղի կառույցի ներկայացուցիչներին: ՕԵԿ մամուլի խոսնակ Վահե Թորոսյանը մեզ ասաց, որ կուսակցության տարածքային կառույցներում վարչության նիստեր են տեղի ունենում, եւ, ի թիվս մի շարք կազմակերպչական-գաղափարական հարցերի, քննարկվում է նաեւ կուսակցության անդամագրումների հարցը: Առայժմ հստակեցված չէ, թե որը կլինի մարզային այցելության հաջորդ ուղղությունը, սակայն նմանատիպ հանդիպումներ առաջիկայում հաճախ են լինելու:

Արդյոք բազմապիսի փորձությունների միջով անցած ՕԵԿ շարքերը կո՞ւռ են, անդամագրումներ լինո՞ւմ են: «Կուսակցությունը, բնականաբար, ռեստարտի ճանապարհին է, եւ թավշյա հեղափոխությունը բացառիկ հնարավորություն է ընձեռել նոր Հայաստանում ունենալ նոր, առանց կեղծիքի ու ընտրակաշառքի ձեւավորված խորհրդարան, ինչին ՕԵԿ-ը, բնականաբար, անմասն մնալ չի կարող: Մի մոռացեք, որ ՕԵԿ-ն արտախորհրդարանական ուժերի մեջ նախորդ ԱԺ ընտրություններում առավել ձայներ ստացած կուսակցությունն է, իսկ ՀՀ խորհրդարանական մոդելի պարագան ենթադրում է, որ ապագա խորհրդարանը պետք է լինի բազմակուսակցական: Այսինքն՝ ԱԺ-ում չպետք է լինի մենատիրություն, միանձնյա իշխանություն, եւ Արթուր Բաղդասարյանի հայտարարությունը, թե կուսակցությունը հավակնում է 49+1 ձայների, ենթադրում է, որ մենք կողմ ենք ներկայացուցչական խորհրդարան ունենալուն»,-նշեց Թորոսյանը: Ինչ վերաբերում է կուսակցության անդամների թվին, խոսնակը դժվարացավ կոնկրետ թիվ նշել․ «Մեր մարզային այցելությունների ժամանակ մենք կոնկրետ շեշտադրում ենք, որ որեւէ մեկը չներկայացնի ցուցակներ, որտեղ համալրված են մարդիկ, ովքեր անդամագրվել են եւ այդքան էլ տեղյակ չեն կուսակցությունից, մեր դավանած գաղափարներից: Մենք ընդհանրապես քանակի վրա չենք աշխատում եւ կարիք չունենք ուռճացված թվեր ներկայացնելու՝ վիճակագրություն ապահովելու համար: Կուսակցությունը գաղափարական հասկացություն է, եւ այստեղ մարդիկ հավաքվում են գաղափարի, թիմի համար, եւ որեւէ մեկը կուսակցամոլական դրդումներով չի առաջնորդվում: Սա նոր Հայաստան է, եւ ցանկացած լուսավոր գաղափար պետք է նյութականացնենք հանուն ոչ թե անձնական, այլ՝ ՀՀ շահի»: Վահե Թորոսյանի խոսքով՝ մարզային այցելությունների ժամանակ քննարկվում է նաեւ նոր գրասենյակներ բացելու հարցը, «այնպես որ՝ դուք առաջիկայում կտեսնեք նաեւ կուսակցության ինստիտուցիոնալ համալրումն այս ֆորմատով»:

Բայց պնդումներ կան, որ ՕԵԿ-ի համար ֆինանսական բարդ ժամանակներ են, ի՞նչ միջոցներով է կուսակցությունը պատրաստվում նոր գրասենյակներ բացել: «Կուսակցությունն առեւտրային, նյութական ահռելի միջոցներ ունեցող կազմակերպություն չէ, եւ ֆինանսական հոսքերն ապահովում են անդամավճարներն ու նվիրատվությունները: Բնականաբար, մենք ունենք բավարար չափով նյութական միջոցներ՝ կազմակերպելու մեր նախընտրական քարոզչությունը, եւ այս իմաստով ես չեմ կարծում, որ մեզանից պահանջվում են հսկայական միջոցներ: ՕԵԿ-ը չի տիրապետում նման միջոցների, բայց ունենք բավարար ֆինանսական ռեսուրսներ մեր քաղաքական պահանջմունքները բավարարելու եւ արտահերթ ընտրություններին հավուր պատշաճի մասնակցելու համար»,- նշեց մեր զրուցակիցը:

Հեղինե ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031