Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հակաքաղցկեղային որոշ դեղեր Հայաստանում գրանցելու հոգսը պետությունը կվերցնի իր վրա. «Հայկական ժամանակ»

Հուլիս 04,2018 12:28

Գոյության ունեն մի շարք դեղեր, որոնք կիրառվում են քաղցկեղային հիվանդությունների բուժման ընթացքում, բայց Հայաստանում գրանցված չեն, ինչը նշանակում է, որ չեն վաճառվում տեղի դեղատներում։ Իսկ դա էլ իր հերթին հավելյալ բարդություններ է ստեղծում հիվանդների կամ նրանց հարազատների համար, որոնք հայտնվել են կյանքի դժվարին փուլում եւ անհրաժեշտություն ունեն հայթայթել տվյալ դեղերը։

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տարբեր առիթներով հայտարարել է, որ այդ դեղերը Հայաստանում գրանցելու հոգսը պետությունը կվերցնի իր վրա, քանի որ դեղարտադրող ընկերություններին դա ոչ միշտ է ձեռնտու՝ պայմանավորված մեր երկրում սպառման ծավալների փոքր լինելով։

Նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանից երեկ հետաքրքրվեցինք, թե գործընթացն ինչ փուլում է։

«Մենք դիմեցինք բուժհաստատություններին, բժիշկներին, որպեսզի տրամադրեն իրենց բուժման սխեմաներում օգտագործվող ղեղորայքի ցանկը, որոնք Հայաստանի Հանրապետությունում գրանցված չեն։ Այդ ցանկը հստակեցնելուց հետո դիմել ենք տարբեր դեղարտադրողների եւ բանակցություններ ենք վարում իրենց հետ, որ ներկայացնեն դոսյեները, որպեսզի կարողանանք Հայաստանի Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն հայտ ներկայացնել եւ պետության հաշվին այդ դեղերը գրանցել։ Դեղը գրանցվում է համապատասխան դոսյեի առկայության դեպքում։ Կենտրոնը նաեւ իրականացնում է դեղի նախնական փորձաքննություն»,- ասաց փոխնախարարը՝ հավելելով, որ եթե դա եվրոպական երկրների արտադրության է, ապա գրանցումը իրականացվում է պարզ ընթացակարգով։

Ուռուցքաբանության ոլորտում կիրառվող, բայց Հայաստանում չգրանցված դեղերի ցանկում, որը ներկայացվել է նախարարություն, առնվազն 15 անուն կա։ Փոխնախարարը նշեց, որ ցուցակը նախնական է եւ այդ 15 անուն դեղերն ընդգրկված են առաջնային փաթեթի մեջ։ Թե հատկապես որոնք են դրանք, Անահիտ Ավանեսյանը չմանրամասնեց։ Փոխանցեց, որ գրանցումը լինելու դեպքում այդ մասին կհաղորդվի։

«Կարող եմ ասել, որ 9 դեղի մասով հիմա կոնկրետ պայմանավորվածություններ ունենք, գործընթացը սկսված է»,- տեղեկացրեց առողջապահության նախարարի տեղակալը։

Աննա ԶԱԽԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031