Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ում առերևույթ չարաշահումների փաստերով քրեական գործ է հարուցվել

Հուլիս 04,2018 10:57

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից զանգվածային լրատվական միջոցներում տեղ գտած հրապարակումների կապակցությամբ պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորությունների շրջանակներում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2017թ. ՀՀ ֆինանսների նախարարության ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչությունը «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ում կատարել է պետական բյուջեից, հանրապետական նպատակային հատուկ ֆոնդերից և պետական այլ աղբյուրներից հատկացված միջոցների ծախսման նպատակայնության և հիմնավորվածության, գնումների գործընթացի օրինականության ստուգում:

Ստուգման արդյունքների և դրան առնչվող պահանջված փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՓԲԸ-ն դրամաշնորհային պայմանագրերով պետական բյուջեից հատկացված միջոցների հաշվին 2015-2016 թվականներին տարբեր կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի հետ կնքել է ընդհանուր առմամբ շուրջ 2 մլրդ. 400 մլն. դրամի պայմանագրեր՝ հեռուստահաղորդումների, ֆիլմերի, հաղորդաշարերի ձեռքբերման և այդ հաղորդումների պատրաստման համար տեխնիկական միջոցների վարձակալման համար:

Ընտրանքային ուսումնասիրությամբ պարզվել է, որ ֆիլմերի կամ հաղորդաշարերի ձեռքբերման նպատակով կնքված ընդհանուր 118 մլն 223 դրամի թվով 4 պայմանագրերով կազմվել և օգտագործվել են իրականությանը չհամապատասխանող կամ կեղծ նախահաշվային փաստաթղթեր: Մասնավորապես՝ հաստատվել են աշխատանքներ կատարող կամ ծառայություն մատուցող ընկերությունների բազմաթիվ աշխատակիցների կամ մասնագետների առկայություն և դրանց համար ծախսերի հաշվարկներ: Մինչդեռ ՀՀ ԿԱ ՊԵԿ-ից ստացված տվյալների համադրությամբ պարզվել է, որ նշված տնտեսվարող սուբյեկտները կամ ընդհանրապես գրանցված աշխատակիցներ չեն ունեցել, կամ դրանց թվաքանակը եղել է զգալիորեն պակաս:

Բացի այդ, հեռուստահաղորդումների ձեռքբերման նպատակով կնքված պայմանագրերում, տեխնիկայի տրամադրում չնախատեսելու պայմաններում, ՓԲԸ-ն 2 դեպքում երրորդ անձանց հետ կնքել է տեխնիկայի վարձակալության ընդհանուր 30 մլն. 500 հազ. դրամի պայմանագրեր՝ կատարելով չհիմնավորված, հավելյալ ծախսեր:

Հեռուստաարտադրության և տեխնիկական միջոցների վարձակալության պայմանագրերը կնքվել են չնայած նրան, որ ՓԲԸ-ն ունեցել է ռեժիսորական, հեռուստաօպերատորական, արտատաղավարային նկարահանումների և լուսային ապահովման բաժիններ՝ համալրված 50-ից ավելի մասնագետներով և հարյուրավոր միավորներ տարբեր անվանումների հեռուստաարտադրության տեխնիկական անհրաժեշտ միջոցներով:

Մի շարք դեպքերում հեռուստաարտադրության և տեխնիկական միջոցների վարձակալության պայմանագրերի կողմեր են հանդիսացել ընկերություններ, որոնց հիմնադիրները եղել են (հետագայում մասնակցությունը դադարեցրել են) ՀՀ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդում կամ «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲ ընկերությունում պաշտոն զբաղեցնող անձինք:

Բացի այդ, 2015-2016թթ. թվով 4 շինարարական կազմակերպությունների հետ կնքվել են ընդհանուր շուրջ 471 մլն. 625 հազար դրամի պայմանագրեր, որոնցով կապալառու կազմակերպությունների և տեխնիկական հսկողություն իրականացնող անձանց կողմից կազմվել է իրականությանը չհամապատասխանող կամ կեղծ փաստաթղթեր՝ կատարողական կամ ընդունման ակտեր, որոնցով ցույց են տրվել ընդհանուր 8 մլն. 800 հազ դրամի շինարարական աշխատանքներ, որոնք վճարվել են, սակայն իրականում չեն կատարվել:

Այսպիսով, ուսումնասիրությամբ արդեն իսկ պարզվել է, որ «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ կողմից պետության բյուջետային միջոցներով 2015-2016 թվականներին իրականացված շուրջ 168.5 մլն. դրամի ծախսերը կատարվել են իրականությանը չհամապատասխանող կամ կեղծ նախահաշվային փաստաթղթեր, կատարողական ակտեր կազմելով և օգտագործելով, ուռճացված, անհիմն ծախսեր հաշվարկելով և վճարելով:

Նկատի ունենալով, որ արձանագրված խախտումներն առերևույթ պարունակում են հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 214-րդ հոդվածի 2-րդ մասով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ գլխավոր դատախազություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031