Օրերս Լոս Անջելեսում տեղի ունեցավ Կարեն Բոկսյանի և Joef-ի (Gipsy King Family) Morena տեսահոլովակի շնորհանդեսը: Իսպանական ոճով փակ երեկույթին ներկա էին արտիստների մտերիմները, շոու-բիզնեսյան և հանրային դեմքեր:
Morena երգի տեսահոլովակը նկարահանվել է ամիսներ առաջ` Երևանում: Ռեժիսոր ժոր Մելոյանը փորձել է հայաստանյան պայմաններում ստանալ իսպանական կրքոտ միջավայր ու զգացմունքային տրամադրություն: Երաժշտությունը հեղինակել է Կարեն Բոկսյանը, խոսքերի իսպաներեն հատվածը` Joef-ը, ռուսերենը`Լիանա Նեստերենկո: Տեսահոլովակի ոճաբանն է Արմեն Գալյանը:
Տեսահոլովակի շնորհանդեսի համար Վերանդա ռեստորանում հավաքված հյուրերը շնորհավորեցին կատարողներին, որից հետո Կարեն Բոկսյանն ու Joef-ը հանդես եկան կարճ ելույթով: Իրենց գործընկերոջը շնորհավորելու էին եկել հայկական շոու-բիզնեսի դեմքերը` Անդրե, Արմինկա, Արսեն Գրիգորյան, Շպռօտ, Արփի Գաբրիելյան, Մհեր Բաղդասարյան, Նորո, Լիլու, Մերի Մակարյան, Ջոնի Կարապետյան, Արա Ղազարյան, Վահագն Գրիգորյան և այլք:
Երեկոյի հանդիսավարներին էին հեռուստահաղորդավար Մհեր Բաղդասարյանն ու դերասանուհի Աիդա Թորոսյանը:
Կարեն Բոկսյանը նշում է, որ կարիերայի այս փուլը չափազանց կարևոր է իր համար, քանի որ փորձում է ներկայացնել այնպիսի երաժշտական արտադրանք, որը ոչ թե համապատասխանում է շուկայի պահանջարկին, այլ` իր հոգեվիճակին: Ты в моей душе, Доля моя ռուսալեզու երգերով լայն զանգվածներին հայտնի դարձած կատարողը խոստովանում է, որ որոշակիորեն փոխում է երաժշտական ոճը, բայց հավատարիմ մնում իր մասնագիտական սկզբունքներին:
Մամուլի հաղորդագրություն