Հարգելի՛ հայրենակիցներ,
Երեկ նախագահ Բակո Սահակյանի ստորագրած հրամանագրով նշանակվել եմ Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական – Արցախի Հանրապետության Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ:
Կարևորելով քաղաքական որոշումների թափանցիկությունը՝ կուզեի մի քանի դիտարկում ներկայացնել այս որոշման առթիվ:
Առաջին՝ տեղեկացնեմ, որ ընդունել եմ նախագահ Բակո Սահակյանի առաջարկը մի քանի պատճառներով, մասնավորապես՝
• Անհրաժեշտություն կա համակարգել մի շարք ներդրումային ու բարեգործական ծրագրերի իրագործումը՝ հաշվի առնելով դրանցում իմ դերակատարությունը, տարիների ընթացքում կուտակած փորձը և ձևավորված կապերը:
• Պետնախարարի պաշտոնից հրաժարվելով սեփական նախաձեռնությամբ՝ ես մյուս կողմից խնդիր ունեի չհրաժարվել և չխուսափել քաղաքական պատասխանատվությունից, որը ստանձնել եմ նախագահական ընտրություններում Բակո Սահակյանի թեկնածությունը պաշտպանելու, խորհրդարանական ընտրություններում «Ազատ հայրենիք» կուսակցության՝ բարձր վստահության արժանանալու և վարչապետի ու պետական նախարարի պաշտոնները զբաղեցնելու միջոցով:
Երկրորդ՝ ես ընդունել եմ Նախագահի առաջարկը մեկ պայմանով, որ փաստացի չեմ ստանալու աշխատավարձ և չեմ օգտվելու ծառայողական մեքենայից:
Երրորդ՝ ուժի մեջ է մնում իմ այն հայտարարությունը, որ շարունակելու եմ ակտիվորեն զբաղվել հասարակական-քաղաքական գործունեությամբ՝ նաև որպես «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ: Այսինքն՝ պետական պաշտոն ստանձնելն առնվազն բացասականորեն չի անդրադառնա իմ հասարակական-քաղաքական գործունեության շարունակականության վրա:
Արայիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական