Լրահոս
Օրվա լրահոսը

Քրեակատարողական վարչությունը պարտվել է պահպանության բաժնի գլխավոր մասնագետին

Հուլիս 04,2018 14:30

ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությունից հօգուտ Էդգար Հովհաննիսյանի կբռնագանձվի 1.174.239 ՀՀ դրամ եւ 100.000 ՀՀ դրամ, որպես փաստաբանի վարձատրության գումար: Իսկ ՔԿՀ-ից հօգուտ ՀՀ պետական բյուջեի՝ կբռնագանձվի 23.484 ՀՀ դրամ, որպես չվճարված պետական տուրքի գումար, եթե վճիռն օրինական ուժի մեջ մտնի:

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի վճռի դեմ վերջերս պատասխանողի անունից բերվել է վերաքննիչ բողոք։ Դատարանի կազմը դեռ հայտնի չէ:
Հայցվոր Էդգար Հովհաննիսյանը ԱՆ քրեակատարողական վարչության պետի 25.11. 2011թ. թիվ 486-Ա հրամանով նշանակվել է ԱՆ քրեակատարողական վարչության պահպանության բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնում:

Հայցվորի տեղեկացմամբ, իր պարտականությունները կատարելու ժամանակահատվածում ԱՆ քրեակատարողական վարչության պետի թիվ 2 ցուցումում հայտնաբերել է ՀՀ օրենսդրությանը հակասող դրույթներ եւ այդ մասին տեղյակ է պահել վերադասին՝ առաջարկելով նշված ցուցումը պաշտոնական կայքէջից վերացնել: Ցուցումը հետագայում հանվել է կայքէջից, սակայն, ըստ նրա, այդ օրվանից իր նկատմամբ սկսվել են անօրինական հետապնդումներ: ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Ա. Օսիկյանի 17.12.2014թ. թիվ 248-Լ հրամանով Էդգարը ենթարկվել է կարգապահական տույժի` խիստ նկատողության, առաջին դասարանում սովորող նրա երեխային դպրոցի դասվարի եւ տնօրենի հետ անհիմն վիճաբանելու, նրանց հասցեին վիրավորական արտահայտություններ անելու, առանց վերջինների համաձայնության նրանց ձայնագրելու եւ դպրոցի բնականոն աշխատանքը խաթարելու համար: «Առավոտն» այս մասին տեղեկացրել է, երբ Էդգարը դիմում էր դատարան, նաեւ նշել էինք, որ ծառայողական քննություն է անցկացվել:

Էդգարը տեղեկացրել էր, որ իր երեխան ուներ տեսողության խնդիր եւ կրում է օպտիկական ակնոց, իսկ դպրոցի աշխատակիցները պարբերաբար վնաս են հասցրել իր երեխայի առողջությանը:
ՔԿՀ նախկին աշխատակիցը օրենքով սահմանված կարգով, 2015թ. ձեւակերպել է հերթական ամենամյա արձակուրդը` փետրվարի 2-ից մինչեւ մարտի 3-ը ներառյալ: Արձակուրդն ավարտվելուց հետո առաջին աշխատանքային օրը կանչվել է ԱՆ քրեակատարողական վարչության կադրերի եւ անձնակազմի հետ տարվող աշխատանքների բաժին եւ տեղեկացվել, որ մեկ ամսից հայցվորի զբաղեցրած հաստիքը ենթակա է կրճատման:

Մարտի 5-ին տեղեկացվել է, որ մարտի 4-ից ազատվելու է քրեակատարողական ծառայությունում զբաղեցրած պաշտոնից եւ գրանցվելու քրեակատարողական կադրերի ռեզերվում:
Նա երկար ժամանակ գտնվել է բուժման մեջ, հետազոտվել է ՀՀ ոստիկանության ԲՎ պոլիկլինիկայում եւ հետազոտությունների արդյունքում իր մոտ ախտորոշվել է երկկողմանի հայմորիտ:
Ըստ այդմ, հայցվորը խնդրել էր դատարանին ԱՆ քրեակատարողական վարչությունից հօգուտ իրեն բռնագանձել 818.409 ՀՀ դրամ չվճարված աշխատավարձի գումարը, 249.085 ՀՀ դրամ չվճարված արձակման նպաստի գումարը, 735.382 ՀՀ դրամ տուժանքի գումարը, 100.000 ՀՀ դրամ, որպես փաստաբանական ծառայության գումար, բռնագանձել նաեւ տուժանք` աշխատավարձի վճարման կետանցված յուրաքանչյուր օրվա համար` 04.02.2015թ.-ից վճարման ենթակա աշխատավարձի 0.15%-ի չափով:
ՔԿՀ-ի ներկայացուցիչ Տիգրան Սահակյանը դատարանին գրավոր պատասխան էր ներկայացրել, մասնավորապես, հայտնելով, որ ԱՆ քրեակատարողական վարչությունն ամբողջությամբ առարկում է հայցապահանջի դեմ հետեւյալ պատճառաբանությամբ.

«Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքի 2 հոդվածի 3-րդ մասի համաձայն` քրեակատարողական ծառայությունում ծառայությունը պետական ծառայության հատուկ տեսակ է, որի առանձնահատկությունները սահմանվում են «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքով: Վերջինի 40 հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` քրեակատարողական ծառայողը քրեակատարողական ծառայությունում զբաղեցրած պաշտոնից ազատվում է հաստիքների կրճատման, ստորաբաժանման լուծարման կամ վերակազմակերպման դեպքում, եթե քրեակատարողական ծառայողին համապատասխան պաշտոնում նշանակելը հնարավոր չէ եւ հաստիքների կրճատումը պայմանավորված է տվյալ կառուցվածքային ստորաբաժանման հաստիքների ընդհանուր թվի կրճատմամբ: Նույն օրենքի 43 հոդվածի համաձայն` քրեակատարողական ծառայության կադրերի ռեզերվում գրանցվում են սույն օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 3-5-րդ կետերով նախատեսված հիմքերով զբաղեցրած պաշտոնից ազատված ծառայողները: Քրեակատարողական ծառայության կրտսեր խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողները կադրերի ռեզերվում չեն գրանցվում:

Քրեակատարողական ծառայության կադրերի ռեզերվում ծառայողի միանգամյա գտնվելու առավելագույն ժամկետը 6 ամիս է, սակայն ոչ ավելի, քան ծառայողի 65 տարին լրանալը: Քրեակատարողական ծառայության կադրերի ռեզերվում գտնվելու առաջին չորս ամիսների համար ծառայողին վճարվում է նրա զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված պաշտոնային դրույքաչափը: Ըստ հայցվորի, հաստիքների կրճատման կապակցությամբ նրան զբաղեցրած պաշտոնից ազատել են եւ գրանցել քրեակատարողական ծառայության կադրերի ռեզերվում: Հայցվորի նկատմամբ այն կիրառվել է. 2015թ. մարտի 4-ից, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա փետրվարի 2-ից մինչեւ մարտի 3-ն ընկած ժամանակահատվածում գտնվել է ամենամյա արձակուրդում: «ՔԿՀ աշխատակցի եւ քրեակատարողական ծառայության միջեւ առկա իրավահարաբերություններն ամբողջությամբ կարգավորվում են ոչ թե ՀՀ աշխատանքային օրենսգրքով, այլ «Քրեակատարողական ծառայության մասին», «Զինծառայողների եւ նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքներով»,- նշել էր պատասխանողը, իսկ ինչ վերաբերում էր ծանուցման ժամկետի մասին, պատասխանողը նշել էր, որ այդ հարցը լուծվել է հայցվորի հետ կնքված աշխատանքային պայմանագրով:

Դատարանի իրավական եզրահանգման համաձայն, այս հայցադիմումը դատարանի կողմից վարույթ է ընդունվել մինչեւ 2018թ. ընդունված ՀՀ քաղ. դատ. օրենսգրքի ուժի մեջ մտնելը, հետեւաբար, քննության ենթակա հայցադիմումի համար կիրառելի են 1998թ. հունիսի 17-ին ընդունված ՀՀ քաղ. դատ. օր. հոդվածների պահանջները:

Դատարանն արձանագրում է. «Պատասխանող ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության կողմից թույլ է տրվել պարտավորության խախտում, որն էլ հանգեցրել է հայցվորի սեփականության իրավունքի խախտման, հետեւաբար, պատասխանողը պարտավոր է հայցվորին վերադարձնել ոչ միայն նրան պատկանող գույքը` 1.174.239 ՀՀ դրամ գումարը, այլեւ փաստաբանի վարձատրության գումարը: Վերջինի մասով, դատարանն արձանագրում է, որ Եվրոպական դատարանի «Ռիվեյն ընդդեմ Միացյալ Թագավորության» 27.11.2007թ. նախադեպային որոշման համաձայն՝ դատարանի կողմից փոխհատուցման են ենթակա միայն այն իրավաբանական ծախսերը, որոնք կատարվել են փաստացի եւ անհրաժեշտաբար եւ եթե դրանք քանակական առումով ողջամիտ են»:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

03.07.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031