Օրենսդրի վրիպակի պայմաններում պաշտոնյաներն ավելի ապահով կվարվեին, եթե ընդհանրապես հայտարարագիր ներկայացրած չլինեին:
Այսպես. ՀՀ քրեական օրենսգրքի 314.2-րդ հոդվածը նախատեսում է պատիժ՝ հայտարարագիրը չներկայացնելու համար։ Օրենսգրքի 314.3-րդ հոդվածը նույն պատիժն է նախատեսում հայտարարագրում կեղծ տվյալ ներկայացնելու կամ տվյալ թաքցնելու համար:
Եթե կեղծ տվյալ ներկայացնելու համար միանգամից կարող է անձը ենթարկվել քրեական պատասխանատվության, ապա հայտարարագիրը դիտավորությամբ չներկայացնելը հանցանք որակելը իրավական տեսակետից, եթե ոչ անհնար, ապա շատ բարդ է։
Նշված հոդվածի համաձայն՝ հայտարարագիրը դիտավորությամբ չներկայացնելը հանցանք է համարվում միայն այն դեպքում, երբ այն չի ներկայացվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.26-րդ հոդվածի 2-րդ կամ 4-րդ մասով սահմանված վարչական տույժի կիրառումից հետո՝ 30 օրվա ընթացքում:
Սա նշանակում է, որ օրենսգրքի տրամաբանությամբ, պաշտոնյան նախ պետք է ենթարկվի վարչական պատասխանատվության՝ նախազգուշացման տեսքով, այնուհետեւ, 30 օրվա ընթացքում չներկայացնելու դեպքում՝ կրկին վարչական պատասխանատվության տուգանքի տեսքով (200.000 ՀՀ դրամ), որի կիրառումից հետո 30 օրվա ընթացքում չներկայացնելու դեպքում նոր կարող է խոսք գնալ քրեական պատասխանատվության մասին:
Ի դեպ, անձը զրկված չէ նաեւ դատական կարգով վիճարկելու իր նկատմամբ կայացված տուգանքի որոշումը, ինչն էլ կկասեցնի դրա կիրառումը, իսկ դատական պրոցեսը կարող է տեւել տարիներ։ Սա նշանակում է, որ պաշտոնյան ունի հնարավորություն տարիներով չներկայացնել հայտարարագիր եւ քրեական հետապնդման չենթարկվել:
Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ օրենսդրի կողմից տեղի է ունեցել տեխնիկական վրիպակ, ինչը առհասարակ ազատում է անձանց քրեական պատասխանատվությունից՝ հայտարարագիր չներկայացնելու համար: Մասնավորապես՝ նշված հոդվածով հղումը կատարվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 169.26-րդ հոդվածին, 169.28-ի փոխարեն: Իսկ 169.26-րդ հոդվածը հայտարարագիր ներկայացնելու կամ չներկայացնելու հետ որեւէ առնչություն չունի, այն վերաբերում է հասարակական կազմակերպությունների կողմից հաշվետվություն չներկայացնելուն: Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 169.28-րդ հոդվածն է, որ վերաբերում է քննարկվող հայտարարագիրը չներկայացնելուն, որին հղում կատարված չէ:
ԼԵՎՈՆ ՍԱՀԱԿՅԱՆ
AM իրավաբանական ընկերության բաժնետեր, փաստաբան
«Առավոտ»
03.07.2018