Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Երեւանյան «Կախարդական սրինգը» հավակնում է կախարդել

Հուլիս 04,2018 13:30
Օրերս Ազգային օպերային թատրոնում կայացավ Մոցարտի «Կախարդական սրինգ» օպերայի գլխավոր փորձը հրավիրյալ հանդիսականների ներկայությամբ: Անկասկած մշակութային իրադարձություն է, երբ թատրոնի խաղացանկը համալրվում է մոցարտյան հանճարեղ ստեղծագործությամբ: Հսկայական աշխատանք է արված: Անզեն աչքն էլ կարող է նկատել, որ թատրոնը ոչ մի միջոցի կամ բարդության առաջ չի կանգնել: Լավատեղյակ  հանդիսականից տեղեկացանք, որ Օրբելյանի շնորհիվ Երեւանի թատրոնն ունի աշխարհում քիչ հանդիպող, տարածաշրջանում միակ ամենահզոր պրոյեկցիոն էկրանային համակարգը 50 հազար լյումեն հզորությամբ, համապատասխան մեծ մակերեսով ցանցավոր էկրանով, որի առկայության պայմաններում է միայն հնարավոր բեմադրական խնդիրներում օգտագործել ժամանակակից տեխնոլոգիական բարդագույն լուծումները, այս դեպքում՝ էկրանային անիմացիայի լայն կիրառումը «Կախարդական սինգում», ինչը ներկայացման հաջողության կարեւորագույն գործոններից մեկն է: Անիմացիայի կիրառումը հայաստանցի հանդիսատեսին ծանոթ իտալացի ռեժիսոր Պաոլո Միչիկեի կողմից բավականաչափ լայն էր, բեմադրական շեշտն իր վրա վերցնող ու թերեւս փոքր-ինչ ավելի, քան կարելի էր օգտագործել օպերային բեմադրության մեջ: Հիշեցնենք, որ 2017թ. աշնանը իսկապես վայելեցինք իտալացի երկու հանճարների՝ Վերդիի եւ Միքելանջելոյի ստեղծագործությունները՝ համադրված արվեստի դասական ձեւերով ու նոր տեխնոլոգիաների ներդրմամբ: Վերադառնալով «Կախարդական սրինգին», նշենք, որ մեր թատրոնում այս օպերան ներկայացվել է միայն հատվածաբար, 2006թ., արգենտինացի դիրիժոր Ֆակունդո Ագուդիի մեկնաբանմամբ: Նախատեսված էր նաեւ իրականացնել բեմադրություն: Ասում էին, որ ռեժիսորը կհրավիրվի Գերմանիայից, բեմական լուսավորության դիզայները՝ Իսրայելից, զգեստների դիզայները՝ Շվեյցարիայից… Բայց այդպես էլ դա մնաց խոստում:

Պաոլո Միչիկեն ու Կոնստանտին Օրբելյանը:

Քանի որ «Կախարդական սրինգը» երբեւէ չի բեմադրվել Երեւանում, բայց տարբեր տարիների մեր օպերային երգչուհիները ներկայացրել են այս օպերայի ամենահիշարժան՝ Գիշերային թագուհու արիան: Ի դեպ, հանդիսատեսը մտաբերեց Միլոշ Ֆորմանի նկարահանած օսկարակիր «Ամադեուս» ֆիլմում մոցարտյան օպերաների արտիստական գրավիչ խաղարկային հանգամանքը եւ զուգահեռ էր անցկացնում, օրինակ,  Գիշերային թագուհու արիայի կատարման ժամանակ ֆիլմի բեմադրության նույն պատկերի օգտագործումը որքանով ընդունելի է բեմադրության մեջ եւ այլն: 1700-ականների վերջերին  Վիեննայի «Աուֆ  դեր Վիդեն» թատրոնի տնօրեն  Էմանուել Շիկանեդերի պատվերով նրա իսկ հեղինակած գերմաներեն լիբրետոյին հարազատ  էին մնացել Երեւանի թատրոնում: Մեզ հետ զրույցում ներկայացումը վարող դիրիժոր Հարություն Արզումանյանը հաստատելով ասվածը, միայն նշեց, որ գերմաներեն խոսակցական դիալոգներում կրճատումներ է արված: Իսկ լեզվի խոչընդոտը հաղթահարելու համար  թատրոնը հրավիրել էր գերմանաբնակ բարիտոն Մկրտիչ Բաբաջանյանին: Հիշեցնենք, որ երգչին հանդիպել ենք 2017թ. Շուշիում եւ Երեւանի օպերային թատրոնում Հարո Ստեփանյանի «Սասունցի Դավիթ» օպերայում նույնանուն դերերգով: Իսկ ավելի ուշ՝ Պուչինիի «Տոսկայում», Սկարպիայի դերերգով:

Տեսարաններ «Կախարդական սրինգից»:

Մեզ հետ զրույցում ռեժիսոր Պաոլո Միչիկեն ասաց. «Երկրորդ անգամ Երեւանի օպերային թատրոնում եմ եւ հիանալի է, որ զարմանում եմ ու զարմանում նվագախմբի, երգչախմբի (գլխավոր խմբավար՝ Կարեն Սարգսյան), մեներգիչների՝ կարճ ժամանակահատվածում ոչ միայն սովորելու, այլեւ կատարման, մեկնաբանման առումով»: Մեր զրուցակիցը ժպտալով թվարկեց այս օպերայում ներգրավված բոլոր սոլիստների անունները՝ սկսած Սոֆյա Սայադյանից (Գիշերային թագուհի), Պերճ Քարազյանից (Տամինո), Ջուլիետա Ալեքսանյանից (Պամինա), Կիմ Սարգսյանից (Պապագենո) մինչեւ Ալինա Փահլեւանյան, Զոհրաբ Զոհրաբյան, Ռուբեն Նուրիջանյան, Մարինա Դեինյան, Աննա Մնացականյան եւ այլն:
Դիտարկմանը՝  վերջին շրջանում Արեւմուտքում թատերական ներկայացումները հաճախ իրականացվում են պրոյեկցիոն էկրանային համակարգով կամ 3D ձեւաչափով, արդյոք դա «խաղից դուրս» չի՞ թողնի բեմանկարիչներին, Պաոլո Միչիկեն պատասխանեց. «Իհարկե՝ ոչ: Նման ձեւաչափերով աշխատող ռեժիսորները մշտապես խորհրդակցում են հենց բեմանկարիչների հետ:  «Կախարդական սրինգում» նկարիչ անիմատորն է Դեվիդ Բրոկոլին: Նշեմ նաեւ, որ զգեստների դիզայնն իրականացրել է Ալբերտո Սպիացին»:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
 

«Առավոտ»

03.07.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031