Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Անդրադարձի» անդրադարձները

Հուլիս 04,2018 12:30

Հայ ազգային նվագարանների պատմափաստագրությանը եւ «Տկզար» համույթի գործունեությանը նվիրված «Անդրադարձ» տեղեկատվական– երաժշտագիտական երկլեզվյա ուսումնասիրությունը (հայերեն, անգլերեն), որր հեղինակել է դիրիժոր֊երգահան, խմբավար, Հայաստանի պետական մրցանակի դափնեկիր Կառլեն Միրզոյանը, թեեւ փոքրածավալ, սակայն չափազանց կարեւոր է իր հսկայական փաստանյութով եւ ասելիքով, որոնց միջոցով բազմավաստակ երաժիշտն ու գիտնականն ուղղակի եւ անուղղակի հուշում, ավելի ճիշտ, ուղերձներ է հղում թե երաժշտական աշխարհի գործիչներին, թե երաժշտասերներին եւ ընթերցողին։ Ի մասնավորի նրանց, ովքեր կոչված են ոլորտի լավագույն ավանդույթների եւ արժեքների պահպանությանն ու զարգացմանը, մղում է վերանայելու եւ առավել շեշտադրելու իրենց գործունեության ընթացքում ազգային նվագարանների, համույթների եւ երգացանկի դերի, նշանակության նկատմամբ, վարվող քաղաքականության մեջ սրբագրումներ կատարելու, նորովի արժեւորելու սկզբունքային մոտեցումները մեր իրականության մեջ թափանցած երաժշտական բազմազանության վերաբերյալ, անճաշակության, օտարածին երանգավորումների հաղթարշավին եւ համաշխարհայնացման մարտահրավերներին դիմակայելու, ազգային մշակութային դիմագիծն ու ինքնությունը պահպանելու ուղղությամբ՝ նպատակ հետապնդելով զերծ պահել ազգային երաժշտությանը բնորոշ էական հատկանիշները տարաբնույթ խեղումներից։ Եվ, իհարկե, ճանաչելի դարձնել մեր ազգային երաժշտության պատմության մի շարք առանցքային իրողություններ ոչ միայն հայ, այլեւ օտար մասնագետին եւ րնթերցողին։ «Անդրադարձն», ինչպես վերնագիրն է հուշում, հետապնդում է երկու հիմնական նպատակ՝ համակողմանիորեն վերհանել ազգային նվագարանների փաստագրությունը եւ ներկայացնել «Տկզար» համույթի գործունեությունը։

Սակայն չանտեսենք եւ մեկ, ոչ պակաս կարեւորություն ունեցող, թիրախ՝ աշխատության հեղինակ, վերոնշյալ համույթի հիմնադիր եւ ղեկավար Կառլեն Միրզոյանին եւ նրա բազմամյա բեղուն զործունեությունր նաեւ խնդրի առարկա
ազգային նվագարանների ուսումնասիրություններում։ Մաեստրոյի նկատմամբ մեր վերաբերմունքն անձնավորելու պատճառն այն է, որ մեր իրականության մեջ այս կամ այն ոլորտում պատմական առաքելության խաչն՝ իր ամբողջ պատասխանատվությամբ իրենց ուսերին հաճախ կրում են անհատ-նվիրյալները, մինչդեռ մեկ այլ հասարակության մեջ այն պետք է լիներ գիտակրթական֊ մշակութային առօրյայի անկապտելի մաս՝ ամրագրված պետական քաղաքականության հանձնարարականներով, որպես ազգային մշակութային արժեհամակարգի գերակայություն՝ համապատասխան կառույցներով, որոնք ղպրոց կհանդիսանային տեսականորեն եւ գործնականում այդ գիտելիքն իր մեջ գիտակցականորեն, հոգեբանորեն եւ մտածողությամբ անվերապահորեն կրող քաղաքացու տեսակի ձեւավորման եւ դաստիարակման համար։
Հետեւելով մեծն Կոմիտասի պատգամներին, Ալ. Սպենդիարյանի դիտարկումներին եւ հիմնվելով Վ. Բունիի փորձի վրա, արդեն ավելի քան կես դար Կ. Միրզոյանը զբաղված է ազգային նվագարանների ուսումնասիրությամբ, դրանց ծագումնաբանության եւ պատկանելության խնդիրներով, վերականգնման եւ կատարելագործման աշխատանքով, որոնց մարմնավորումն է «Տկզար» հնագույն փողային նվագարանների համույթը։

Հիմնադրումից՝ 1982թ.-ից ի վեր երաժշտախումբը հաղթահարել է բազմաթիվ խոչուխութեր եւ հարազատ մնացել իր որդեգրած սկզբունքներին։ Նրա քուրայով են անցել ներկայիս նշանավոր երաժիշտ եւ երգիչ կատարողներ, որոնց տաղանդի եւ ազգային նվագարանների համերաշխ ներդաշնակության շնորհիվ համույթը մեր մշակույթը պատվով ներկայացրել է աշխարհի տարբեր բեմերից։
Կ. Միրզոյանի տքնաջան աշխատանքի արդյունքում մոռացումից փրկվեցին մի շարք նվագարաններ, որոնց ուղղակիորեն սպառնում էր թանգարանային առարկայի վերածվելու վտանգը, ընդլայնվեց դրանց հնչյունածավալը, ստեղծվեցին այդ գործիքների տարատեսակները, իսկ «Տկզարը» դարձավ դրանց եզակի եւ բարձրարվեստ արտահայտչամիջոցը, որն առավել հղկված եւ կատարելագործված կերպով շարունակեց 1920-30-ական թթ. Վարդան Բունիի մտահղացման՝ Արեւելյան սիմֆոնիկ նվագախմբի ընդհատված գործը։ Երկարամյա գիտական հետազոտությունների թագն ու պսակն են հայ հնագույն նվագարանների տիպային տեսակավորումը, նվագարանների բյուրեղացումը՝ մաքրելով օտարամուտ տարրերից, կատարողական հնամենի ձեւերից։ Հնագույն գործիքներին հաղորդվեց արդիական հնչողություն, որի միջոցով ներկայումս առավել ընկալելի է դառնում ժողովրդական հոգեւոր անափ հարստությունը վաղնջական ժամանակներից ցայսօր։ Տարիների ընթացքում վերականգնվեցին ազգային նվագարանների եզակի նմուշներ՝ սրինգ, պարկապզուկ, պկու, սանթուր, դուդուկների տարատեսակներ եւ այլն։

Իր ստեղծագործական գործունեության ընթացքում Կ. Միրզոյանը հիմնեց «Էրեբունի» ժողովրդական նվագախումբը (1965թ.)։
Հայկական ժողովրդական նվագարանների պետական ֆիլհարմոնիկ մեծ նվագախումբը (1976թ.), հնագույն շնչական նվագարանների «Տկզար» նվագախումբը (1982թ.), Լոս Անջելեսի «Հայաստան» ժողովրդական հայապատկան միացյալ նվագախումբը (2016թ.)։

Նա իր երաժշտագիտական պրպտումները չդադարեցրեց նաեւ ԱՄՆ-ում 2001- 2011թթ. ծավալած գործունեության ընթացքում՝ համադրելով իր ձեռքի տակ ունեցած նյութը նոր աղբյուրների, համապատասխան գիտական եզրահանգումների ամփոփմամբ։ Հայ ազգային նվագարանների միջազգային ճանաչման առումով դրանք արգասաբեր տարիներ էին։ Խրթին փորձություններ եւ վայրիվերումներ հաղթահարեցին ազգային-ժողովրդական երաժշտարվեստը պահպանելուն նախանձախնդիր, այսպես կոչված, ոչ շահութաբեր գործի լծված, մի շարք համույթներ, հեռացվելով նույնիսկ փորձասրահներից, իսկ «Տկզարին» պատուհասեց, նաեւ պետական կարգավիճակից զրկվելու կամայականությունը։ Եվ դա մեր երկրի ազատության եւ անկախության պայմաններում, երբ թվում էր, թե պետության վերաբերմունքի մեջ ճիշտ հակառակ շրջադարձեր պետք է տեղի ունենային։

Ինչ-ինչ, բայց ազգային ավանդական արժեքների պահպանությունը պետք է դառնար մշակութային քաղաքական գլխավոր առաջնահերթությունը։
Համույթի անձնակազմի անմնացորդ նվիրման շնորհիվ այն շարունակեց իր գոյությունը։ Ժամանակին, նմանատիպ չորս համույթների տողերիս հեղինակն Ազգային գրադարանի դահլիճն անվճար տրամադրեց որպես փորձասրահ։ Նրանք դուրս էին մշակութային պետության տեսադաշտից։ Ինչեւէ։ Այս գիրքը կոչ եւ հրավեր է ազգագրագետներին, արվեստաբաններին, երաժշտության ոլորտն ու նրա պատմությունն ուսումնասիրողներին խորազնին անդրադառնալու ազգային նվագարանների վերաբերյալ որպես սկզբնաղբյուր ծառայող տարատեսակ տեղեկատվության՝ գրավոր եւ պատկերային հիշատակությունների, ժայռապատկերների, մանրանկարների, ժողովրդական բանահյուսության, մատենագրական տվյալների, այլ վկայագրերի։
Միայն գիտականորեն ապացուցված փաստերի միջոցով հնարավոր կլինի կանխել նվագարանների ստեղծման ակունքների, ծագումնաբանության վերաբերյալ կեղծարարություններին։
Չանդրադառնալով գրքի կարեւորությունը պայմանավորող մի շարք գործոնների, հավատացած եմ, որ այն գեղագիտական դաստիարակության կարեւորման շեշտադրումներ ունի, որն է՝ առանց մշակութային ինքնաճանաչման անհնար է բարեկիրթ մարդու հոգեւոր համամասնության պահպանումը, անհնար է մարդկային պատշաճ արժանիքներ կրող անհատի, հետեւաբար հասարակության ձեւավորումը։
«Անդրադարձը» կարելի է հասցեագրել ոչ միայն երաժշտական աշխարհի ներկայացուցիչներին, այլեւ պետական պատասխանատուներին, ովքեր կոչված են առանձնակի ուշադրության կենտրոնում պահել, հոգալ, աջակցել ազգային երաժշտարվեստին, քանի որ միայն ազգային մշակույթի պահպանմամբ, զարգացմամբ եւ քարոզչությամբ է պայմանավորված մեր ժողովրդի ինքնատիպ եւ ինքնուրույն ներկայությունը համաշխարհային մշակույթի ընտանիքի բազմերանգության մեջ։

ԴԱՎԻԹ ՄԿՐ ՍԱՐԳՍՅԱՆ

«Առավոտ»

03.07.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031