Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ համազեկուցողները նկատում են, որ երկիրը կառավարելու համար կարևոր պայման է մնում ընդդիմության և իշխող մեծամասնության համագործակցությունը

Հուլիս 03,2018 23:50

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Անդամ երկրների պարտավորությունների եւ հանձնառությունների մոնիթորինգի կոմիտեն հրապարակել է Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջուզեպե Գալատիի (Իտալիա) և Յուլյա Լովոչկինայի (Ուկրաինա)՝ մայիսի 23-25-ը Հայաստան կատարած փաստահավաք այցի վերաբերյալ զեկույցը:

Զեկույցում, մասնավորապես, նշվում է, որ նոր կառավարությունը բաղկացած է փորձագետներից և տեխնոկրատներից, դրանում ներառված են նաև տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև անկուսակցականներ: Այն կարելի է համարել ազգային համաձայնության իսկական կառավարություն, որն ունի հայ հասարակության և միջազգային հանրության վստահությունը, և այս առումով Փաշինյանը գովեստի է արժանի:

Զեկույցի հեղինակները նկատում են, որ չնայած Հանրապետական կուսակցությունը հայտարարել է, որ կկատարի «կառուցողական ընդդիմության» դեր, այնուամենայնիվ որոշ պատգամավորներ լքել են կուսակցության շարքերը, ինչի արդյունքում Հանրապետականը կորցրել է բացարձակ մեծամասնությունը խորհրդարանում: Համազեկուցողները նկատում են, որ երկիրը կառավարելու համար կարևոր պայման է մնում ընդդիմության և իշխող մեծամասնության համագործակցությունը, ինչը թեև բարդ է, բայց հենց դա կապահովի կայունությունը երկրում:

Զեկույցում նշվում է, որ չնայած երկրի նոր Սահմանադրությունը նախաձեռնվել էր նախկին նախագահ Սերժ Սարգսյանի կողմից, բայց, փաստորեն, հենց դա էլ պատճառ դարձավ խաղաղ իշխանափոխության համար: Եվ կասկածի տակ է՝ արդյոք դա հնարավոր կլիներ հանգիստ քաղաքական կլիմայի պայմաններում:

«Ելնելով տարածաշրջանային և անվտանգության առանձնահատկություններից՝ Հայաստանը ավանդաբար իրականացնում է բազմակողմ արտաքին քաղաքականություն, որը հիմնված է Ռուսաստանի, Եվրոպայի, ԱՄՆ-ի, ինչպես նաև հարևան Իրանի հետ հավասարապես սերտ և ջերմ հարաբերությունների վրա՝ չնայած այն հանգամանքին, որ այս գործընկերների կողմից պարբերաբար հնչում են հակասական պահանջներ Հայաստանից: Մի շարք քաղաքական գործիչների կողմից, այդ թվում՝ նոր իշխանություններին մոտ կանգնած գործիչների, Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին այն ժամանակ գնահատվեց որպես Ռուսաստանի կողմից զգալի ճնշման արդյունք [1], ինչը, որոշ չափով, վնասեց Հայաստանի կարողունակությանը լիովին և ազատորեն իրականացնելու այդպիսի բազմակողմ արտաքին քաղաքականություն: Ուստի՝ այս համատեքստում, կարևոր է նշել, որ բոլոր գործիչները շեշտել են այն փաստը, որ բողոքները, որոնց արդյունքում տեղի ունեցավ իշխանափոխություն, բացառապես երկրի ներսում տեղի ունեցող գործընթացներ էին՝ առանց աշխարհաքաղաքական որևէ հարանշանակության: Միևնույն ժամանակ, վարչապետն ընկալվում է որպես Հայաստանի արտաքին քաղաքականության եվրոպական վեկտորի կողմնակից. ինչպես հաղորդվում է՝ այս փաստը Մոսկվայում առաջացրել է որոշակի անհանգստություն: Վարչապետ Փաշինյանը իր հերթին փորձել է փարատել այդ մտահոգությունները և հայտարարել, որ Հայաստանի արտաքին քաղաքականության ոլորտում որևէ էական փոփոխություն չի նախատեսում»,- ասվում է զեկույցում:

Զեկույցի հեղինակները նկատում են, որ հայ հասարակության ակնկալիքները նոր կառավարությունից չափազանց բարձր են, և դրանք իրականացնելու համար նոր իշխանություններից որոշակի ժամանակ կպահանջվի:

«Իշխանափոխությունից հետո հասարակության որոշ շերտերի կողմից անցումային շրջանի արդարադատության կոչեր հնչեցին, որը մտավախություններ էր առաջացնում՝ կապված հնարավոր քաղաքական վրեժի հետ,- ասվում է զեկույցում: – Այս առումով մենք ողջունում ենք նոր վարչապետի և նրա քաղաքական համախոհների հստակ հայտարարություններն այն մասին, որ արդարադատության համակարգը կլինի լիարժեք անկախ և կաշխատի ազատ և քաղաքական միջամտության չի ենթարկվի, ինչպես նաև այն շեշտադրումները, որ անպատժելիություն չի լինի քրեական գործողությունների համար, այդ թվում եթե դրանք քաղաքական գործիչներ են կամ նրանց աջակիցներ»:

Զեկույցի հեղինակները նշում են, որ երբ իշխանափոխությունից հետո մարդիկ դարձյալ փողոց դուրս եկան՝ պահանջելով Երևանի քաղաքապետի հրաժարականը, նոր իշխանությունները հասկացան, որ դա սպառնում է քաղաքական կայունությանը և կոչ արեցին գործել բացառապես ժողովրդավարության և սահմանադրության շրջանակում:

ԵԽԽՎ համազեկուցողների ուշադրությունից չի վրիպել նաև քաղբանտարկյալների, այդ թվում «Սասնա ծռերի» գործը: Մասնավորապես, նշվում է, որ նախկին իշխանությունները հաճախ կոշտ գործողություններ էին ձեռնարկում քաղաքացիական անհնազանդությունների ժամանակ, ինչի հետևանքով բազմաթիվ քաղաքացիներ, այդ թվում՝ «Սասնա ծռերը» և նրանց համակիրները, հայտնվել էին ճաղերի հետևում: «Իշխանությունները հստակ հայտարարել են, որ այս հարցը արդարադատության գործն է, որը պետք է լինի անկախ… Այդպիսով, նոր իշխանությունները հստակեցրել են, որ չեն միջամտի և ցուցումներ չեն տա»,- ասվում է զեկույցում:

Զեկույցում անդրադարձ կա նաև  Հանրապետական որոշ պատգամավորների բողոքներին առ այն, որ ցուցարարներն իրենց սպառնացել են սոցցանցերում. «Ցույցերի առաջնորդները կոչ են արել իրենց աջակիցներին զերծ մնալ ատելության և սպառնալիքների լեզվից և հարգել ժողովրդավարության սկզբունքները: Մի մասը կարծում է, որ այդ կոչերը չափավոր հաջողություն են ունեցել և հնարավոր էր անել ավելին, այդ թվում հստակ հայտարարություն վարչապետի կողմից: Մի շարք Հանրապետական պատգամավորներ բողոքել են, որ անձնապես իրենք հարձակման և սպառնալիքների են ենթարկվել, մինչդեռ ոստիկանության ղեկավարը և գլխավոր դատախազը մեզ տեղեկացրել են, որ ոչ մի պաշտոնական բողոք այս առումով չեն ստացել: Նրանք նաև տեղեկացրել են, որ եթե նման բողոքներ լինեն, կքննվեն առաջնահերթ կարգով»:

Զեկույցի հեղինակները կարծում են, որ երկրի նոր նախագահ Արմեն Սարգսյանն առանցքային դերակատարություն է ունեցել իշխանափոխության ժամանակ՝ իր վրա վերցնելով միջնորդի դերը: Համազեկուցողների հետ զրույցներում ոմանք անգամ կարծիք են հայտնել, որ Սարգսյանը նոր քաղաքական մշակույթ է ձևավորում:

Ինչ վերաբերում է արտահերթ ընտրություններին, զեկույցի հեղինակները հիշեցնում են, որ Հայաստանի նոր վարչապետը խոստացել է դրանք անցկացնել միայն այն բանից հետո, երբ պայմաններ կստեղծվեն դրանց ժողովրդավար ընթացքն ապահովելու համար: «Խորհրդարանական կուսակցությունների հետ մեր հանդիպումների ընթացքում պարզ էր, որ նրանցից ոչ մեկը չի ցանկանում հապշտապ արտահերթ ընտրություններ, և նրանք բոլորն էլ պաշտպանում էին այն սկզբունքը, որ անհրաժեշտ է պայմաններ ապահովել իրական ժողովրդավարական ընտրությունների համար նախքան արտահերթ ընտրությունների կազմակերպումը»:

Համազեկուցողները նկատում են, որ չնայած Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ընտրությունների համար առավել գերադասելի է 2018թ. աշունը, այնուամենայնիվ, կառավարության մյուս անդամներն առավել զգույշ են արտահայտվում ընտրությունների անցկացման օրվա հարցում:

«Պարզ է, որ ժողովրդավարական ընտրությունների կազմակերպումը… կլինի ժողովրդավարական և սահմանադրական իշխանափոխության գագաթը և կարևոր քայլ երկրի ժողովրդավարական համախմբման ուղղությամբ: Ուստի, մեր լիարժեք ըմբռնումն ու աջակցությունը հայտնելով վաղաժամ ընտրությունների անհրաժեշտության գաղափարին, մենք կոչ ենք անում իշխանություններին և բոլոր քաղաքական ուժերին ապահովել, որպեսզի Ընտրական օրենսգրքի փոփոխությունը իրականացվի փոխհամաձայնությամբ, որ բոլոր քաղաքական ուժերը ստանան պատշաճ և բավարար ժամանակ այդ արտահերթ ընտրությունների համար»,- ասվում է զեկույցում:

Զեկույցի եզրակացության մեջ նշվում է, որ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը խաղաղ էր և համապատասխանում էր նոր սահմանադրության դրույթներին. «Հայ ժողովուրդը և բոլոր քաղաքական ուժերը շնորհավորանքի են արժանի իշխանափոխության ընթացքում քաղաքական հասունության և ժողովրդավարության արժեքներին հավատարիմ լինելու համար: Առաջիկայում սպասվող զարգացումները և թե ինչպես կիրականացվեն քաղաքական գործընթացները, չափազանց կարևոր են Հայաստանի ժողովրդավարական կոնսոլիդացման համար: Քաղաքական համակարգի ցուցաբերած հասունությունը ապրիլյան և մայիսյան իրադարձությունների ընթացքում դրական հույսեր են ներշնչում երկրի համար, և կարևոր է, որ միջազգային հանրությունը, այդ թվում Եվրոպայի խորհուրդը և նրա Խորհրդարանական վեհաժողովն իրենց լիարժեք աջակցությունն են հայտնում այս գործընթացներին»:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031