Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՔԾ-ն Միքայել Հարությունյանին մեղադրում է մի հանցագործության համար, որը 2008-ին հանցագործություն չի՞ համարվել

Հուլիս 03,2018 21:00

ՀՔԾ-ն այսօր տեղեկացրել էր, որ Մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ է ներգրավվել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով, այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է սահմանադրական կարգը: Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել:

Aravot.am-ը քրեական իրավունքի մասնագետ, ԵՊՀ Քրեական իրավունքի ամբիոնի վարիչ Արա Գաբուզյանին հարցրեց՝ հարցադրումներ կան, որ այն հոդվածը, որը կիրառել են Միքայել Հարությունյանի դեպքում, 2008-ին Քրեական օրենսգրքում գոյություն չի ունեցել, այդ հոդվածը 2009-ից հետո է մտել Քրեական օրենսգիրք, ավելի կոնկրետ՝ հոդվածը լրացվել է 2009-ի մարտի 18-ին՝ հետեւաբար քրեական գործ ո՞նց կարող են հարուցել այդ հոդվածով, եթե կա սահմանադրական դրույթ՝ անձը չի կարող մեղադրվել ու դատապարտվել այն հանցագործության համար, որն այդ պահին հանցագործություն չի համարվել:

Արա Գաբուզյանը պատասխանեց, որ Քրեական օրենսգրքում եթե 300.1 կետը չի եղել, հետո է լրացվել, ուրեմն այդ ժամանակ այդ արարքները քրեականացված չեն եղել: Հարցին՝ ՀՔԾ-ն վրիպե՞լ է այդ հոդվածը կիրառելով՝ Գաբուզյանը պատասխանեց, որ չի կարող նման բան ասել:

Հարցին՝ սահմանադրական կարգը տապալելը հաստատ որեւէ հոդվածով չի՞ դատապարտվել, գուցե ուրիշ ձեւակերպում է ունեցել, այլ հոդվածով է եղել՝ Արա Գաբուզյանը պատասխանեց. «Ինչքան հիշում եմ, իշխանության զավթելու հոդվածն ունեինք, բայց սահմանադրական կարգի տապալում…300.1 հոդվածով են հա՞ հարուցել գործը: Ես չգիտեմ որն է իր արածը, եթե այլ հոդվածի տակ է ընկնում իր արածը, պետք է այլ հոդվածով անեին, 300.1-ով չէին կարող: Քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածը ասում է՝ արարքի հանցավորությունը որոշվում է արարքի կատարման պահին գործող օրենքով եւ արարքի հանցավորությունը սահմանող օրենքն էլ հետադարձ ուժ չունի»:

Արա Գաբուզյանի խոսքով՝ «Եթե նույնիսկ իր արարքում հանցակազմ կա, այլ հոդվածով պիտի անեին, եթե համապատասխանում է այլ հոդվածի ձեւակերպումներին: Ես հիմա չեմ իմանում, թե ինչ է մեղսագրվում իրեն, որ ասեմ, թե ինչ հոդված կարելի էր կիրառել»:

Իրավապաշտպան, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը խոստացավ, որ այդ հարցը մանրամասն կուսումնասիրի եւ իր մասնագիտական կարծիքը կասի ավելի ուշ: Մինչ այդ նա ասաց, որ սահմանադրական կարգը բռնի տապալելու հոդվածը այդ ժամանակ, իր կարծիքով, եղել է, որովհետեւ Ռոբերտ Քոչարյանը Ժիրայր Սեֆիլյանին դրա հիման վրա էր ազատազրկել, կոչերի համար. «Դա միշտ է եղել, չէր կարող չլինել, ուղղակի կարող է մի խումբ անձանց կողմից ձեւակերպումով չի եղել: Նախկին Սահմանադրությամբ էլ սահմանադրական կարգի տապալման հոդվածները եղել են՝ որպես կարեւոր դրույթ»:

Սեֆիլյանի գործով, որը հիշատակում է Արթուր Սաքունցը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճիռ էր կայացրել ընդդեմ Հայաստանի Հանրապետության եւ հօգուտ Ժիրայր Սեֆիլյանի: 2006 թվականի դեկտեմբերին Սեֆիլյանը ձերբակալվել էր «սահմանադրական կարգը բռնությամբ փոխելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելու մեղադրանքով» եւ մինչեւ 2008-ի հունիսը մնացել էր անազատության մեջ:

Կոչեր հնչեցնելու հոդվածը ՔրՕրում եղել է, բայց կոնկրետ սահմանադրական կարգը տապալելու 300.1-ը լրացվել է ավելի ուշ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031