Լրահոս
Օրվա լրահոսը

Պարզաբանում «Տավուշ» ՋՕԸ-ի տնօրենի գործունեության մասին նախարարի պարզաբանման վերաբերյալ

Հուլիս 03,2018 20:52

Հայտնել ենք «Տավուշ» ջուր օգտագործողների ընկերության (ՋՕԸ) գործադիր տնօրեն Յուրա Որսկանյանի դեմ այդ ՋՕԸ-ի նախկին գլխավոր ճարտարագետ Սերգեյ Ղարախանյանի բողոքի մասին: Նա բողոքը ներկայացրել է նաեւ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին: Վերջինս այն ուղարկել է վարչապետ Ն. Փաշինյանին եւ խնդրել վարչապետի հանձնարարականը`ուսումնասիրելու բողոքում ներկայացրած փաստերը եւ համապատասխան ընթացք տալու դրանց: Մարուքյանը վարչապետին խնդրել է դրա վերաբերյալ ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ իրեն տեղեկատվություն տրամադրել:

Բողոքին ի պատասխան ստացվել է էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանի պատասխանը, որը տրամադրվել է Է. Մարուքյանին եւ վերջինիս միջոցով`Ս. Ղարախանյանին:

Նախարարի պատասխանում Ս. Ղարախանյանին պաշտոնից ազատվելու վերաբերյալ նշված է. «ՋՕԸ-ի Նոյեմբերյանի տեղամասի նախկին գլխավոր ինժեներն ընդունվել է որպես ՋՕԸ-ի գլխավոր ինժեներ`հաշվի առնելով տեղամասի ամենամեծը լինելու հանգամանքը: Այնու հետեւ ՋՕԸ-ի գործունեության ընթացքում պարզ դարձավ, որ ՋՕԸ-ի սպասարկման տարածքի մեծության հետ կապված (ընդգրկում է Տավուշի մարզի 40 համայնքներ, տեղամասերի հեռավորությունը իրարից կազմում է շուրջ 150 կմ), իրական չէ խոսել գլխավոր ինժեների նորմալ գործունեության մասին, ուստի նպատակահարմար են գտել, որ յուրաքանչյուր տեղամասի պետ իր սպասարկման տարածքում կատարի նաեւ գլխավոր ինժեների պարտականությունները, քանի որ տեղամասերում կան բազմամյա փորձով եւ համապատասխան հիդրոինժեներական կրթությամբ մասնագետներ՝ վերանորոգման ճարտարագետներ, ովքեր անվերապահորեն կօգնեն տեղամասերի պետերին: Այդ պատճառով էլ 2018 թվականի հաստիքացուցակով ՋՕԸ-ն չի նախատեսել գլխավոր ինժեների եւ տեղամասում կադրերի գծով տեսուչի հաստիքներ: Վերակազմակերպման արդյունքում տեղամասերում ջրօգտագործման բաժնի համակարգող հաստիք ՋՕԸ-ն չի նախատեսել, քանի որ անհրաժեշտ չի համարել»:

Նախարարի պատասխանում «Տավուշ» ՋՕԸ-ի էքսկավատորով «Սպայկա» ընկերության համար Հաղթանակում ջրամբար եւ ջրագծեր կառուցելու վերաբերյալ կարճ է նշված. «Էքսկավատորի վերաբերյալ ներկայացված տվյալները իրական չեն»:

Նախարարի պատասխանում «Տավուշ» ՋՕԸ-ին տրված ծառայողական մեքենայի մասին գրված է. «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան տրվել է ՋՕԸ-ին 2017թ. նոյեմբերի 14-ին՝ ՀՀ ԷԵԲՊՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից՝ ՀՀ կառավարության համապատասխան որոշման համաձայն՝ անհատույց օգտագործման իրավունքով, որի համար ՋՕԸ-ն գումար չի ծախսել:

Նույն գրությունում Զեյթունի պոմպակայանի ավագ մեքենավար Էլդար Դալլաքյանի պաշտոնը իջեցնելու մասին նշված է. «Զեյթուն համար 1 պոմպակայանի աշխատանքները կազմակերպվել են վատ՝ ավագ էլ. մեքենավար Էլդար Դալլաքյանի անկազմակերպվածության պատճառով: Ելնելով նշվածից՝ Զեյթուն համար 1 պոմպակայանի նախկին ավագ էլ. մեքենավար Էլդար Դալլաքյանը տեղափոխվել է նույն պոմպակայանում որպես էլ. մեքենավար»:

Նախարարի գրության մեջ Ոսկեվանում կառուցված ջրագծի մասին հայտնվում է. «2017 թվականին Կոմիտեի նախագահ Ա. Հարությունյանի կողմից «Լուսավոր սահման ծրագրի շրջանակներում իրականացնելու համար ՋՕԸ-ին հանձնարարվել է ՋՕԸ-ի միջոցներով կառուցել սահմանամերձ Ոսկեվան համայնքի ներքին ցանցի ջրագիծը: Փ-108.5 տրամագծով պողպատյա խողովակով, 1 կմ երկարությամբ: ՋՕԸ-ի աշխատակիցների եւ պայմանագրային կարգով ներգրավված աշխատուժով կատարվել են ջրագծի կառուցման աշխատանքները`ժամանակին եւ որակով: Աշխատանքների կազմակերպումը հիմնականում իրականացրել է Նոյեմբերյանի տեղամասի Կոթի-Ոսկեվան-Բաղանիս ենթատեղամասի պետ Գեւորգ Ասատրյանը: Աշխատանքների ողջ ընթացքին հետեւել է Ոսկեվան համայնքի լիազոր ներկայացուցիչ Սերյոժա Ալեքսանյանը: Աշխատանքների ավատից հետո Նոյեմբերյան համայնքի ղեկավարի կողմից գրավոր շնորհակալագրեր են ուղարկվել Կոմիտեի նախագահին եւ Տավուշի մարզպետին`աշխատանքները ժամանակին եւ որակով կազմակերպելու համար:

Ս. Ղարախանյանը նախարարի պատասխանի վերաբերյալ իր գրավոր պարզաբանումներն է ներկայացրել, ուր նշել է. «Պատասխան նամակը բառ առ բառ գրված է «Տավուշ» ՋՕԸ-ի գործադիր տնօրեն Յուրա Որսկանյանի կողմից, դա նրա`շատ բառեր օգտագործելու եւ ոչինչ չասելու ոճն է: Նամակը ստորագրել է Արթուր Գրիգորյանը, որը շատ կասկածելի է (Նրա ստորագրության տակ մեծ հարցական նշան կա): Իմ ենթադրությամբ դիմում-բողոքն անցել է հետեւյալ ուղին`վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմ- էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարություն-ջրային ռեսուրսների պետական կոմիտե, որի աշխատակազմի ղեկավարը «Տավուշ» ՋՕԸ-ի գործադիր տնօրեն Յուրա Որսկանյանի քրոջ զավակն է»:

Իր հաստիքը կրճատելու մասին Ս. Ղարախանյանը նշում է. «Պ-ն Որսկանյան, այդ ինչպե՞ս պատահեց, որ իմ ազատման հրամանը տալուց անմիջապես հետո քեզ հավատարիմ մեկին ընդունեցիք աշխատանքի, որի աշխատանքը իմ այլ, բազմաթիվ պարտականություններին զուգահեռ կատարում էի ես»:

«ՈւԱԶ» ավտոմեքենայի վերաբերյալ Ղարախանյանն ասաց. «Պ-ն Որսկանյան, քեզ տրամադրած «ՈւԱԶ» մակնիշի ծառայողական ավտոմեքենայի մասին: Ո՞վ էր ասում, որ մեքենան օրինական չէ, գողացված էր; Խոսքը գնում էր Նոյեմբերյանի տեղամասի ավտոպարկի վիճակի մասին,որ վերջին շնչի վրա է, տեղամասում աշխատող 32 ջրբաշխներն իրենց պարտականությունները կատարելու համար ստիպված են օրական քայլել 10-15 կմ, կամ՝ օգտագործել իրենց սեփական ավտոմեքենաները»:

Էլդար Դալլաքյանի պաշտոնի իջեցման մասին, Ղարախանյանը գրել է. «Դուք Դալլաքյան Էլդարին աշխատանքից ազատեցիք ոչ թե գարնան նախապատրաստական աշխատանքները վատ կազմակերպելու համար (նա շատ բարեխիղճ, պարտաճանաչ, ստաժավոր աշխատող է), այլ հարազատական կապերը բացառելու համար եւ դա հաստատելու համար մի գրություն էիք բերել ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի ստորագրությամբ»:

Ս. Ղարախանյանը մեղադրում է Յուրա Որսկանյանին էքսկավատորի աշխատանքի գումարները յուրացնելու մեջ. «Էքսկավատորն այդ ընկերության ջրընդունիչ ավազանի եւ ջրագծերի վրա ձեր հանձնարարությամբ աշխատել է, որոշ ընդմիջումներով, ավելի քան 3 ամիս, առանց «Սպայկա» ընկերության հետ պայմանագիր կնքելու, որի հետեւանքով դուք գրպանել եք մոտ 3.5 միլիոն դրամ: Մի անգամ ես ձեզ հարցրի`ո՞ւր է էքսկավատորը, ինչո՞ւ չի մասնակցում գարնան նախապատրաստական աշխատանքներին, դուք ինձ պատասխանեցիք`բա իմ անցյալ տարվա ցուցանիշնե՞րը: Դրանք ի՞նչ կապ ունեն իրար հետ»:

Ոսկեվանում ջրագծի կառուցման առնչությամբ Ղարախանյանը հայտնել է, որ այնտեղ հավելագրվել է 1.8 միլիոն դրամ, տեղամասի պետ Գ, Ասատրյանը չի մասնակցել շինարարությանը, կատարողական ակտի տակ չի ստորագրել:

Դիմելով Էդմոն Մարուքյանին եւ նախարար Արթուր Գրիգորյանին՝ Ս. Ղարախանյանը նշել է. «Իմ խնդրանքը, պահանջը եղել է այն, որ կազմվի մասնագիտական անկողմնակալ հանձնաժողով, ստուգվի «Տավուշ» ՋՕԸ-ի 1.5-2 տարվա գործունեությունը եւ եթե պարզվի, որ ես զրպարտել եմ ազնիվ մարդուն. պատրաստ եմ օրենքի առաջ պատասխան տալ»:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031