Լրահոս
Օրվա լրահոսը

Հետաքրքիր զուգադիպությամբ՝ Ծառուկյանի հետ «խոսակցություն» ունեցողները սայթաքում են ու ջարդուփշո՞ւր լինում

Հուլիս 03,2018 20:26

Այսօր ՀՀ ոստիկանությունը տեղեկություն հրապարակեց, որ, երեկ երեկոյան պոլիտրավմա՝ կողոսկրի կոտրվածքներով «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել 50-ամյա մի տղամարդ: Հիվանդանոց մեկնած ոստիկանները պարզել էին, որ տղամարդը վնասվածքները ստացել է, նախնական տվյալներով՝ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի վարչական շենքում։ Դահլիճում արնանման հետքեր են հայտնաբերվել ու վերցվել՝ փորձաքննության համար։

Ավելի ուշ պարզ դարձավ, որ տուժողը Վ. Հարությունյանն է եւ հենց ոստիկանության տեսանյութում նա պատմում է, թե ինչպես են Գագիկ Ծառուկյանի հետ ունեցած խոսակցությունից հետո իրեն «ջարդուփշուր անում»:

Ըստ տուժողի հաղորդման՝ նրան հարված է հասցրել ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ապա ձեռքերով եւ ոտքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել Գագիկ Ծառուկյանի անվտանգության ղեկավար՝ 46-ամյա Էդուարդ Բաբայանն ու եւս մեկ անձ:

Սակայն, ավելի ուշ armlur.am կայքի թղթակցի հետ զրույցում Վ. Հարությունյանի կինը հերքեց ամուսնու՝ ոստիկանությանը տված ցուցմունքը հայտարարելով, որ ամուսինը հանդիպել է Գագիկ Ծառուկյանին, խոսել են եւ այդ ընթացքում ընկել է աթոռի վրա «մի քիչ վնասվածք է ստացել»: Տուժողի կինը նաեւ ասաց, որ իրենք Գագիկ Ծառուկյանի հետ մտերիմ հարաբերություններ ունեն, որ դրանք իր խոսքերն են եղել եւ ոչ թե ամուսնու, ամուսնուն այդ վիճակում տեսնելով կրքերը տեղի են տվել եւ ինքը բարձրաձայնել է:

Հետաքրքիր զուգադիպությամբ, մոտ մեկ ամիս առաջ քաղաքացուն ծեծելու վերաբերյալ Aravot.am-ը տեղեկություն էր ստացել: Համաձայն այդ տեղեկության, ապրիլի 6-ին ծեծված վիճակում, վնասվածքներով «Նաիրի» բժշկական կենտրոն էր տեղափոխվել մի քաղաքացի: Ըստ չճշտված տեղեկությունների՝ 55-ամյա այդ տղամարդուն ծեծի էր ենթարկել Գագիկ Ծառուկյանը: Ծեծի պատճառը եղել է այն, որ Արմեն անունով այդ քաղաքացին ցեմենտը գնել է, ոչ թե պարոն Ծառուկյանին պատկանող Արարատի մարզում գտնվող ցեմենտի գործարանից, այլ՝ ուրիշից: Aravot.am-ի հարցմանն ի պատասխան, ՀՀ Ոստիկանության լրատվական ծառայությունից հաստատել էին լուրը՝ հայտնելով, որ, իսկապես, վնասվածքներով «Նաիրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել 1963 թվականին ծնված Ա. Մ.-ն: Սակայն Ա. Մ.-ն հայտնել էր, որ վնասվածքները ստացել է տանը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031