Լրահոս
Օրվա լրահոսը

Եղիսաբեթ թագուհու անվան մրցույթի դափնեկիր Դենիս Կոժուխինը Հայաստան վերադառնալու ցանկություն ունի

Հուլիս 03,2018 17:22

Աշխարհի ամենահեղինակավոր ստուգատեսի՝ Եղիսաբեթ թագուհու անվան մրցույթի դափնեկիրը՝ դաշնակահար Դենիս Կոժուխինը, տպավորված է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և դիրիժոր Սերգեյ Սմբատյանի հետ համագործակցությունից: Միջազգային բեմերը նվաճած արտիստը մեր երկրում էր հուլիսի 2-6-ն անցկացվող «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում, որի ընթացքում հայ ունկնդրին ներկայացրեց կոմպոզիտոր Ալեքսեյ Շորի «Ճամփորդական նոթեր» ստեղծագործությունը:

«Հաճելի է այստեղ տեսնել ծանոթ մարդկանց՝ Ալեքսեյ Շորին, Սերգեյ Սմբատյանին, որոնց հետ հասցրել եմ աշխատել այս տարի Մալթայի միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում: 21-րդ դարում մենք ամեն ինչ տեսել ենք, և մեզ զարմացնելը դժվար է: Բայց հիանալի է, որ կան մարդիկ, ովքեր մտածում են վաղվա օրվա մասին: Երաժշտության և արվեստի նկատմամբ մեծ սեր է նկատվում, ամենակարևորն այն է, որ նրանք մտածում են արվեստի, երաժիշտների նոր սերնդի ապագայի մասին»,- մեզ հետ զրույցում նշում է Դենիս Կոժուխինը:

Անդրադառնալով Սերգեյ Սմբատյանի հետ համագործակցությանը՝ ճանաչված արտիստը շեշտում է՝ նրա հետ շատ հեշտ է համագործակցելը, քանի որ Սմբատյանը մեծ պրոֆեսիոնալ է, իր գործի նվիրյալ: «Նվագախումբը նրան սիրում է, լսում: Դա շատ կարևոր է: Դիրիժոր-նվագախումբ-մենակատար համադրությունը բարդ բնույթ ունի, այն կարող է երբեմն խնդիրներ առաջացնել: Սերգեյի մոտ ամեն ինչ շատ լավ է ստացվում: Ինձ շատ հաճելի է, որ մեր երկրորդ համագործակցությունը տեղի է ունենում հենց այս հողի վրա, քանի որ ես Հայաստանում երբևէ չեմ եղել, և իմ առաջին այցն է: Ցավոք, շատ կարճատև այց է, բայց հույս ունեմ, որ կրկին կգամ Հայաստան»,- հավելում է Եղիսաբեթ թագուհու անվան մրցույթի դափնեկիրը:

Խոսելով Ալեքսեյ Շորի և նրա «Ճամփորդական նոթեր» ստեղծագործության մասին՝ արտիստը շեշտում է՝ Շորի երաժշտությունը շատ թեթև և բնական է ընկալվում: «Այն ընկալվում է բոլորի կողմից՝ թե՛ երաժիշտ-պրոֆեսիոնալների, թե՛ նրանց, ովքեր երաժշտության հետ կապ չունեն, թե՛ նրանց, ովքեր երբևէ չեն գնացել դասական համերգի: Շորի այս ստեղծագործությունը գեղեցիկ է, լավ իմաստով պարզ՝ ընկալման համար: Իմ կարծիքով՝ արվեստում պարզ բառն ամենաբարձր գովեստներից է»,-ընդգծում է Դենիս Կոժուխինը:

Վերջինիս խոսքով՝ հայ կոմպոզիտորներից միակ գործը, որ կատարել է, Բաբաջանյանի Ջութակի և դաշնամուրի սոնատն էր, որը շատ է սիրում: Այն սովորել է իր հայ ընկեր ջութակահար Զոհրաբ Թադևոսյանի առաջարկով և միանգամից սիրել է: Մեծ հաճույքով այս գործը կրկին կկատարեր:

Մեզ հետ զրույցում արտիստն անդրադարձ կատարեց նաև երաժշտական մրցույթներին, մասնավորապես՝ իր կյանքում շատ կարևոր դեր խաղացած Եղիսաբեթ թագուհու անվան մրցույթին: Դենիս Կոժուխինը փաստում է՝ մրցույթները ծանր աշխատանք են ենթադրում և հաճախ այդքան էլ արդար չեն լինում: Բայց իր պարագայում բախտը բերել է, նա հաղթել է հեղինակավոր մրցույթում, և այն բացել է բազում դռներ, թեև, երաժշտի հավաստմամբ, մրցութային ընթացքն իր կյանքի ամենածանր շրջանն էր:

Ի դեպ, Հայաստանում Դենիս Կոժուխինը նշեց իր ծննդյան օրը: Փաստում է՝ իր ուսանողական տարիներից ծննդյան օրերը միշտ ելույթներով են անցնում: Այս մեկն էլ բացառություն չէր:

Հիշեցնենք, որ հուլիսի 2-6-ը Երևանում անցկացվում է «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը։ Փառատոնի շրջանակներում կազմակերպիչները դասական երաժշտության սիրահարներին կպարգևեն հինգ անմոռանալի համերգային երեկոներ՝ հայտնի մենակատարների մասնակցությամբ և հետաքրքիր երկացանկով: «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի համերգները կկայանան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի և մալթացի դիրիժոր Ալան Չիրկոֆի ղեկավարությամբ։ «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը կազմակերպել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամը՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

Արփի Գաբրիելյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031