Լրահոս
Օրվա լրահոսը

7 սպանության դեպք Շիրակի, 24 դեպք էլ Լոռու մարզում 1998թ.-ից մինչ օրս չի բացահայտվել

Հուլիս 03,2018 17:18

1998 թ.-ից մինչ օրս Լոռու և Շիրակի մարզերում ընդհանուր թվով 41 սպանության դեպք չի բացահայտվել: Նրանցից մեկը դեռևս նախաքննության փուլում է: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնից՝ ի պատասխան ՀՔԱ Վանաձորի գրասենյակի՝ 2018 թ. մայիսի 30-ի հարցմանը: Ավելի վաղ 1998թ.-ից մինչ օրս Լոռու և Շիրակի մարզերում սպանության չբացահայտված դեպքերի և դրանց հիման վրա հարուցված քրեական գործերի ընթացքի ու մահացած անձանց անուն, ազգանունների մասին տեղեկատվություն ստանալու ակնկալիքով դիմել էինք ՀՀ Լոռու և Շիրակի մարզերի դատախազություններ: ՀՔԱ Վանաձորի գրասենյակի՝ 2018 թ. մայիսի 11-ի հարցումներին երկու մարզերի դատախազներն էլ պատասխանել էին, որ սպանության հիմքով հանցագործությունների, հարուցված քրեական գործերի ընթացքի մասին տեղեկատվությանը տիրապետում է ՀՀ Ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնը, իսկ մահացած անձանց անուն, ազգանունների հաշվառում Դատախազությունը չի վարում: Ինչ վերաբերում է հարուցված քրեական գործերով իրականացվող քրեադատավարական գործողություններին, մարզային դատախազություններից հայտնել էին, որ կոնկրետ քրեական գործերով հետաքննության մարմնին տրվում են օպերատիվ հանձնարարություններ, անհրաժեշտության դեպքում կատարվում են քննչական և դատավարական գործողություններ:

ՀՀ Ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի պետի տեղակալ Արթուր Անտոնյանը մեր՝ 2018 թ. մայիսի 30-ի հարցման պատասխանում տեղեկություն է տրամադրել ինչպես երկու մարզերում չբացահայտված սպանությունների քանակի վերաբերյալ՝ ըստ տարիների, այնպես էլ դրանցով հարուցված քրեական գործերի կասեցման հիմքերի վերաբերյալ: Ըստ այդմ՝ Շիրակի մարզում չբացահայտված բոլոր 17 սպանությունների դեպքով հարուցված քրեական գործերը կասեցվել են որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձի հայտնի չլինելու պատճառով: Նույն հիմքով կասեցվել են Լոռու մարզում 1998 թ.-ից մինչ օրս չբացահայտված սպանություններով հարուցված 24 գործերից 22-ը, ևս մեկ գործով մեղադրյալը թաքնվել է քննությունից, իսկ մեկ գործ էլ դեռևս նախաքննության փուլում է: Մահացած անձանց տվյալների վերաբերյալ Ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնը ևս հաշվառում չի կատարում: Շիրակի մարզում 1998 թ.-ից մինչ օրս սպանության չբացահայտված 17 դեպքերից ամենաշատը բաժին է ընկնում 2015 թ.-ին՝ 3 դեպք, իսկ Լոռու մարզի 24 դեպքերից 6-ը 2000 թ.-ին է եղել, 3-ը՝ 2016-ին: Լոռու մարզում չբացահայտված սպանություններից մեկն էլ 2007 թ. օգոստոսին տեղի ունեցած Լոռու մարզի դատախազ Ալբերտ Ղազարյանի սպանությունն է: ՀՀ Գլխավոր դատախազությունը ևս իրականացված և նախատեսվող քննչական գործողությունների ու մահացած անձանց անուն, ազգանունների վերաբերյալ տեղեկատվություն չի տրամադրել՝ պատճառաբանելով, որ այդ տեղեկատվությանը չի տիրապետում:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031