«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամում հուլիսի 3-ին կայացել է հոգաբարձուների խորհրդի նիստը, որտեղ ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել գիտխորհրդի քարտուղար Նարինե Մարգարյանը, հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել Ռայմոնդ Գևորգյանը, ընդ որում` միաձայն: Նիստին մասնակցել է նաեւ ՀՀ ԿԳ փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը, որի եւ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի հասցեին թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը ֆեյսբուքյան գրառման մեջ ինչ-ինչ մեղադրանքներ էր հնչեցրել:
ԿԳ փոխնախարարը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Հայկ Դեմոյանի սկանդալային հայտարարությանը, ասաց, որ օրեր դրանից առաջ անձամբ զանգել էր նրան եւ իր ձեւակերպմամբ, շատ բարի դրացիական տոնով ասել, որ իր ձեռքի տակ եղած փաստաթղթերով ու կառավարության որոշմամբ, նա այլեւս թանգարանի տնօրեն չէ, հետեւաբար իրավունք չունի թանգարանի իրավասության տակ գտնվող գույքը եւ մեքենան օգտագործելու: Հովհաննես Հովհաննիսյանի խոսքով, Դեմոյանն էլ ասել էր, որ խնդիրը ոչ թե իրավական հարթության մեջ է, այլ բարոյական, ինքն էլ կրկին շեշտել էր, որ հենց իրավական հարթության մեջ է:
«Ասացի, որ խնդրում եմ ձեզ, ոչ իրավաչափ գործողություններ մի արեք, նա ինձ միջազգային սկանդալ խոստացավ, սակայն սկանդալը տեղական եղավ»,-հեգնեց փոխնախարարը: Նաեւ շեշտեց, որ ԿԳ նախարարությունը ոչ մի հովանավորյալ չունի, ինչպես պնդում էր Դեմոյանը: Հովհաննես Հովհաննիսյանը հույս հայտնեց, որ երբ նոր տնօրեն կընտրվի, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ամեն ինչ մաքուր էջից կսկսի:
Հավելենք, որ առաջիկայում հոգաբարձուների խորհրդի եւս մեկ նիստ կանցկացվի, որտեղ կորոշվի ընտրության օրը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ