ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը, ՀՀ արդարադատության նախարարության և Աբովյանի քաղաքապետարանի հետ համատեղ, «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում 2018 թվականի հուլիսի 3-ին դատապարտյալ կանանց մասնակցությամբ անցկացրեց ավանդական դարձած մարզական միջոցառում՝ 6 մարզաձևերից (վազք 30 մետր, հեռացատկ, բազկամարտ, սեղանի թենիս, դարթս և վոլեյբոլ):
Ինչպես նշել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Սարգիս Ավագյանը, «Մեր նախարարության գործունեության գերակա ուղղություններից են մասսայական սպորտի և առողջ ապրելակերպի քարոզչության ուղղությամբ տարվող աշխատանքները: Այդ նպատակով նախարարությունում մշակվել և իրականացվում են մարզական մասսայական միջոցառումներ՝ նախատեսված հանրության բոլոր շերտերի համար: Չենք անտեսում նաև հատուկ պայմաններում գտնվող անձանց: Դրա վառ ապացույցն են արդեն ավանդական դարձած մարզական միջոցառումները քրեակատարողական հիմնարկում գտնվող կանանց համար»,- ասել է Ս. Ավագյանը:
Առանձին մրցաձևերից հաղթողներ են դարձել. 30 մ վազք՝ Ռուզաննա Սարգսյանը, հեռացատկ՝ Արմինե Հայրապետյանը, բազկամարտ՝ Տաթևիկ Գրիգորյանը, սեղանի թենիս՝ Ժենյա Մհերյանը, դարթս՝ Տաթևիկ Գրիգորյանը: «Դուխով» և «Արծիվ» վոլեյբոլային թիմերի պայքարում հաղթել է «Դուխով» թիմը:
Նախարարի տեղակալը շնորհավորել է բոլոր հաղթողներին և մրցանակակիրներին և նրանց է հանձնել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հավաստագրեր, հուշանվերներ ու գավաթներ:
Միջոցառման կազմակերպմանը աջակցելու համար ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության շնորհակալագրի է արժանացել նաև Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանը:
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն