Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի մարդու համար ֆիզիկական բռնությունն ապտակն է, մյուսի համար՝ քացու տակ գցելը». Որ տեսարաններն են արգելելու ցուցադրել եթերում

Հուլիս 03,2018 16:41

ՀՌԱՀ անդամներն այսօր ներկայացրին իրենց մշակած նախագիծը, որտեղ մեդիա ոլորտի ներկայացուցիչները վիճելի կետեր են տեսնում:

Մասնավորապես, նախագծով անչափահասների առողջության, մտավոր եւ ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող են համարվում այն հաղորդումները, որոնք խեղաթյուրում են հանրակրթական ուսումնադաստիարակչական ծրագրերում ներառված պատմական իրողությունները, վարկաբեկում եւ նսեմացնում են ազգային գործիչներին, մշակութային ժառանգությունը:

Լրագրող Գագիկ Աղբալյանն ասաց, որ պատմական իրողությունները վիճելի են, ազգային գործիչն էլ կարճ ժամանակում փոփոխելի բան է. «Մեկը լինում է ազգային գործիչ, շատ կարճ ժամանակ հետո դառնում է պետական հանցագործ: Մենք այս կետն ընդունելով՝ հեռուստատեսությունից դուրս չե՞նք հանում քննադատական մտածողությունը, որ պետք է մեր երեխաներին: Հաջողակ մարդիկ, փոփոխությունների տանող մարդիկ նրանք են, ովքեր հեռուստատեսային քարոզչությունից դուրս են մնացել: Դասագրքերում նշած պատմական իրողություններ գրելով՝ մի տեսակ քաղաքական հոտ է գալիս, դասագրքերն ընդգրկում են այդ ժամանակի պատմաբանների գրածը: Հյուսիս-կորեական հեռուստատեսություն չե՞նք ստեղծում սրանով»:

Հանձնաժողովի անդամ Տիգրան Հակոբյանը պատասխանեց, որ համաձայն է, սա կարող է մշակութային գրաքննության փորձ նաեւ դիտվել. «Բայց խնդիրն այլ է. երեւի երեխան դասագրքերում կարդացել է, որ Անդրանիկ փաշան հերոս է, իսկ հաղորդում է գնում հեռուստատեսությամբ, այնտեղ նրան հանցագործ են հանում: Այդպիսի հաղորդումները պետք է հասանելի չլինեն երեխաների համար»:

Նախագծում նշված է, որ սարսափ եւ ակնհայտ բռնություն պարունակող են համարվում այն ֆիլմերը, որոնք ցուցադրում են ֆիզիկական կամ հոգեկան ցավ պատճառելու տեսարաններ:

«ATV» հեռուստաընկերությունը ներկայացնող Արկադի Գրիգորյանն ասաց, որ լղոզված են ներկայացրել, որոշակիությունը շատ քիչ է. «Մի մարդու համար ֆիզիկական բռնությունն ուղղակի ապտակն է, մյուսի համար՝ քացու տակ գցելը»: Նա ասաց, որ իրենց հեռուստաընկերությունը կոնկրետ առաջարկություններով հանդես կգա:

Ի վերջո որոշվեց նախագիծը շահագրգիռ կողմերի հետ մանրամասն քննարկել ու մշակել, նոր դնել շրջանառության մեջ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031